Հայաստանում առաջին հաշվողական կլաստերն ունի 128 պրոցեսոր
Առաջին հաշվողական կլաստերը Հայաստանում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում 2004թ., որի համար աշխատանքային խումբն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի: Իսկ ինստիտուտը միանգամից գրավելով Եվրոպական կազմակերպությունների ուշադրությունն՝ ընդգրկվեց տարբեր տիպի միջազգային նախագծերի մեջ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը: Նրա խոսքով՝ առաջին հաշվողական կլաստերի ստեղծումն ու նոր տեխնոլոգիայի ներդրումը հնարավորություն տվեց գիտնականներին՝ չունենալով մեծ գումարներ, ունենալ հաշվողական ռեսուրսներ, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտում չկար և ոչ մի հզոր համակարգիչ:
«Այդ ժամանակ խնդիր առաջացավ՝ ստեղծել հաշվողական կլաստեր. կլաստերը համակարգիչների միացում է: Առաջին կլաստերի ստեղծման պարագայում մենք իրար միացրեցինք 128 պրոցեսոր և ստացանք առանձին մի հզոր համակարգիչ: Եթե մենք ցանկանայինք գնել նմանատիպ մի համակարգիչ, մենք այն ժամանակ մոտ 5 մլն դոլար պետք է ծախսեինք: Իսկ այդպես ծախսեցինք ընդամենը մոտ 250 հազ. դոլար, այսինքն՝ 20 անգամ էժան ստացանք այն հզորությունը, ինչն անհրաժեշտ էր մեզ»,- ասաց Վ. Սահակյանը՝ նշելով, որ, եթե սուպերհամակարգիչն ինքն է անում շատ գործողություններ, և դրա համար այն բավական թանկ արժե, ապա կլաստերի ստեղծման և աշխատանքների կազմակերպման գործում շատ կարևոր է ծրագրավորողի խելքը: «Խելացի ծրագրավորողը պետք է կարողանա այնպիսի ալգորիթմներ մշակել և զուգահեռացնել տարբեր գործողությունները, որպեսզի արդյունավետ աշխատող ծրագիր ունենա, իսկ սուպերհամակարգչի պարագայում՝ այդ ամենն անում է հենց համակարգիչը»,- ասաց Վ. Սահակյանը՝ նշելով, որ, բացի այդ, հաշվողական կլաստերի պարագայում ծրագրավորողն իր աշխատանքը կազմակերպելու ազատություն ունի:
Վ. Սահակյանը նշում է, որ առաջին հաշվողական կլաստերի ստեղծումից հետո ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը նոր նախագծեր է իրականացնում: «Օրինակ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի աջակցությամբ երեք խոշոր նախագիծ իրականացրեցինք: Հայաստանում ստեղծեցինք հաշվողական միջավայր: Այդ նախագծերի շնորհիվ մենք ներդրեցինք կլաստերներ ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում և, իհարկե, նաև մեր ինստիտուտում»,- ասաց Վ. Սահակյանը: