Սա կարելի է համարել գործընթացի սկիզբ. Արման Մելիքյանը՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի համատեղ հայտարարության մասին

«Թերևս հետևել են գործընթացին, և հասկանալով, որ այս փուլում դա իսկապես կարևոր խնդիր է, և առանց այդ խնդրի լուծման հնարավոր չէ ապահովել ընտրությունների օրինականությունը և իրավաչափությունը, որոշել են նման հայտարարություն տարածել»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի հայտարարությանը:

Նշենք, որ այսօր նախագահի վերոհիշյալ թեկնածուները հայտարարություն են տարածել՝ պահանջելով հրապարակել երկրից հեռացած ընտրողների ցուցակը: «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից»,- ասվսծ է հայտարարության մեջ:

Արման Մելիքյանի կարծիքով՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանն, ամենայն հավանականությամբ, հասկացել են, որ սա ճշմարիտ ուղիով տեղ հասնելու միջոց է:

«Ընդհանուր առմամբ, ես դա գնահատում եմ դրական շարժ: Սա կարելի է համարել գործընթացի սկիզբ: Սա վկայում է ոչ միայն թեկնածուների շրջանում կատարված փոփոխության մասին, այլև Ոստիկանության կողմից ինձ տրված պատասխանն է այդ երկխոսության համատեքստում դիտարկվում մեր կողմից»,- ասաց Արման Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցին թեկնածուները նման հայտարարությամբ հանդես գալ:

Արման Մելիքյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք ութ թեկնածուներից չորսի պահանջի պարագայում իշխանությունները տեղի կտա՞ն արդյոք և կհրապարակե՞ն ընտրելու իրավունք ունեցող, սակայն երկրից հեռացած ՀՀ քաղաքացիների ցուցակը:

«Դա արդեն իշխանությունների որոշելիքն է, բայց մի բան հասկանալի է, որ այդ պահանջը դարձել է ավելի հնչեղ և լսելի»,- նշեց նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանի խոսքով, իրենք հետևողականորեն աշխատում են, որպեսզի  իշխանությունը կատարի հաջորդ քայլը, այսինքն՝ հրապարակի պահանջած տեղեկատվությունը, և եթե այդ ջանքերին միանան այլ թեկնածուներ, գործընթացն ավելի արդյունավետ կդառնա: Արման Մելիքյանը նշեց, որ ինքն առայժմ չի հանդիպել ո’չ Հրանտ Բագրատյանի, ո’չ Րաֆֆի Հովհաննիսյանի և ո’չ էլ Պարույր Հայրիկյանի հետ, հետևաբար՝ այդ հայտարարությունը պայմանավորվածության արդյունք չէ:

Հիշեցնենք, որ 2013թ. Փետրվարի18-ի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից առաջինը հենց Արման Մելիքյանը հանդես եկավ նման պահանջով: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Արման Մելիքյանի պահանջը՝ հրապարակել Հայաստանից հեռացածների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների մասին տեղեկատվության տրամադրումը վերահասցեագրվեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից էլ ուրբաթ երեկոյան Արման Մելիքյանը ստացել է պատասխան:

Անահիտ Փիլոսյան

Տեսանյութեր

Լրահոս