Նանա Արամյան. «Փորձում եմ կնոջ կերպարի միջոցով արտահայտել ամենակարևոր ասելիքս, կյանքի հանդեպ ունեցած զգացողություններս ու մտքերս»

Նկարչուհի Նանա Արամյանի արվեստանոցում մանուշակագույնի, կարմիրի, սևի տրամադրություններն են իշխում։ Նանան, ով նկարիչ Վաղարշակ Արամյանի դուստրն է, նախապատվությունը տալիս է գեղանկարչությանը և կարծում է, որ գեղանկարչությամբ կարողանում է արտահայտել այն, ինչ ուզում է։ Նանային և նրա ամուսնուն`նկարիչ Նարեկ Ավետիսյանին, միավորել է արվեստը: Նկարչուհու խոսքով` նա և իր ամուսինն արվեստում թեև տարբեր մտածելակերպ ունեն, բայց միմյանց հասկանում են։ Խորհուրդներ և քննադատություններ միմյանց աշխատանքների նկատմամբ հնչում են. այլ հարց է` ընդունո՞ւմ են, թե՞ ոչ։ Նանայի և Նարեկի տղաները` Վաղարշակն ու Մինասը,  ևս նկարում են։

– Կարելի՞ է ասել, որ նկարչուհի դառնալն ի սկզբանե կանխորոշված էր, և նկարիչ Վաղարշակ Արամյանի դուստրն այլ մասնագիտություն չէր կարող ընտրել։

– Ծնողներս մասնագիտությունս ընտրելու հարցում շատ ազատ են եղել և ընտրության մեծ հնարավորություններ են տվել։ Փոքր տարիքից էլ նկարչությունը շատ եմ սիրել։ Կարծում եմ` ինձ վրա մեծ ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ փոքր տարիքից տեսել եմ, թե ինչպես էր հայրս նկարում։ Այդ ամեն ինչը կատարվում էր իմ աչքի առջև, և այն ինձ համար հետաքրքիր, միստիկ աշխարհ էր։ Ես տեսնում էի, թե ինչպես էր նկարը զրոյից ստեղծվում և անորոշ բաներից վերածվում ինչ-որ կերպարի։ Հայրս սյուրռեալիզմի մտածողության մեջ էր աշխատում և անընդհատ այդ արվեստին վերաբերող գրքեր ու ալբոմներ էր նայում։ Դրանք ինձ համար շատ տպավորիչ էին։ Մանկական ամենավառ հիշողություններից մեկն այն է, որ հայրս Լեոնարդո դա Վինչիի դիմանկարների ալբոմն էր նայում։ Մթության միջից երևացող հայացքները, ժպիտները մոգական տրամադրություն էին ստեղծում, Լեոնարդոյի կանչող կերպարները շատ մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա։

Իմ ունեցած նկարչական գիտելիքներով պարտական եմ հորս։ Դեռ փոքր տարիքից էլ, երբ նկարում էի, հայրս ինձ հավասարի պես էր վերաբերվում։ Դա ինձ շատ էր ոգևորում։ Եվ ստացվեց այնպես, որ իմ ու հայրիկիս ձեռագրերն էլ են իրար նման, չնայած հիմա կարող եմ ասել, որ բավական տարբեր են։

Կարդացեք նաև

– Ձեր կտավներում կնոջը մեծ տեղ եք հատկացնում, մինչդեռ տղամարդուն` ոչ այնքան շատ։ Պատճառը ո՞րն է։

– Ինչ-որ ակնարկներով անդրադառնում եմ տղամարդուն, բայց իհարկե, ավելի շատ կարևորում եմ կնոջ կերպարը։ Երևի թե փոքր-ինչ ինքնակենսագրական մոտեցում է։ Ֆեմինիթի գաղափարը գրեթե բոլոր նկարներում շեշտված է։

Կնոջ կերպարի պատկերումը կապված է անընդհատ ներս նայելու հետ։ Փորձում եմ կնոջ կերպարի միջոցով արտահայտել ամենակարևոր ասելիքս, կյանքի հանդեպ ունեցած զգացողություններս ու մտքերս։ Փորձում եմ ձերբազատվել նաև շատ ավելորդ, արհեստական շերտերից։ Այդ պատճառով էլ` նկարների մեծ մասում կանացի կերպարը մերկ է պատկերված, բացի այդ` կնոջ մարմինը որոշակի տրանսֆորմացիաներ է ապրում, որը կրկին կապված է կյանքի հանդեպ ունեցած տրամադրության, զգացողությունների, հոգեվիճակի հետ։

– Նկարները դիտելիս` նկատեցի, որ շատ եք նաև  տարբեր կենդանիներ պատկերում։ Մի կողմից` բու, կատու, մյուս կողմից էլ` տարբեր տեսակի փոքր միջատներ։

– Կենդանիների սիմվոլիկան շատ եմ սիրում, մանավանդ՝ տարօրինակ, արտառոց կենդանիների, որոնք սովորական ընկալման մեջ ասոցիացվում են մթության, տարօրինակ մութ ուժերի հետ։ Բուն ինձ համար միստիկ կերպար կարող է հանդիսանալ, որն իր մեջ տարօրինակ ինֆորմացիա է կրում։ Շատ եմ սիրում մողեսներ, որոնք իրենց սառնարյունությամբ ինձ համար մթության և լույսի, կրքի և սառնության միջանկյալ էակներ են, որոնք, ամեն ինչից անկախ, գոյություն ունեն։ Նրանք կարծես անփոփոխության կաթիլներ են, որոնք հանդիպում են իմ ստեղծած կերպարների վրա։ Նրանք նաև կյանքի շարունակականության, ժամանակի սիմվոլիկան են։ Նրանց կարելի է շատ տարբեր մեկնաբանություններ տալ։ Այս կերպարներն ինձ համար շատ կարևոր են, նույնիսկ, երբ ձեռք են բերում մոնստրիկային, երբեմն էլ՝ աչքին ոչ հաճելի տեսք։

Կան նկարներ, որտեղ պատկերված են կենդանիների կմախքներ, որոնց մեջ կարելի է տարբեր աշխարհներ տեսնել։ Սա ևս կյանքի շարունակականության սիմվոլիկան է։ Հաճախ շատ բաներ անպետք և մահացած են թվում, բայց, եթե ուշադիր ես նայում, կարող ես գեղեցկություն և անվերջություն նկատել։

– Տարբեր առիթներով ասել եք, որ մանուշակագույնի, կարմիրի, սևի միջոցով Ձեր ներսում գտնվող կիրքն եք արտահայտում։ Երբևէ փորձե՞լ եք այդ կիրքն այլ գույներով պատկերել։

– Այժմյան իմ գունապնակում այդ գույներն ամենակարևորն են։ Կարծում եմ, որ գտել եմ այն գույները, որոնք իմ ասելիքը կարողանում են ճիշտ արտահայտել։ Ես սիրում եմ մոնոքրոմ գույներ օգտագործել։ Մանուշակագույնը, կարմիրը, սևը ինձ համար կրքի, մթության, կյանքն արարող էներգիայի սիմվոլներն են։ Մանուշակագույնի նկատմամբ տարօրինակ սեր եմ զգում։ Այս վերջին տարիներին է այս գույնն արտահայտվելու միջոց դարձել։ Նախկինում իմ գունային գամման ազդված էր բարոկկո ոճի գեղանկարչությունից, և այդ շրջանում ես ավելի կլասիկ գույներ էի օգտագործում։

– Ասում եք, որ նկարչության միջոցով Ձեր թաքնված զգացմունքներն եք արտահայտում, լինո՞ւմ են դեպքեր, երբ դրանք չեք կարողանում կտավին հանձնել։

– Այո, իհարկե։ Երբ նկարչության միջոցով կարողանում եմ արտահայտել այն, ինչ ուզում եմ, ինձ շատ երջանիկ և բավարարված եմ զգում։ Ես փորձում եմ իմ աշխատանքների միջոցով երկխոսության հրավիրել այն մարդկանց, ում հետաքրքրում են բարձրաձայնված թեմաները։ Իմ աշխատանքները ներկայացնելն ու ծավալվող երկխոսություններին հետևելն ինձ համար շատ կարևոր են։

–  Նկարելիս ինչի՞ց եք ոգեշնչվում։

– Երաժշտությունից։ Առանց երաժշտության չեմ կարողանում նկարել։ Նույնիսկ պատրաստի playlist ունեմ և գիտեմ, թե որ գունային գամմայի դեպքում ինչ պետք է լսեմ։ Շատ եմ սիրում ռոք երաժշտություն, որը թինեյջերական տարիքից լսում եմ։ Կլասիկ երաժշտություն միշտ չէ, որ կարող եմ լսել, բայց փոքրուց ինձ վրա Բախը մեծ ազդեցություն է թողել։ Սիրում եմ նաև 20-րդ դարի ավանգարդ երաժշտությունը։

– Ձեր նկարներից դժվարությա՞մբ եք բաժանվում։

– Այո՜, շատ դժվար։ Ես հասկանում եմ, որ նկարիչը պետք է իր աշխատանքները վաճառի, բայց դա ինձ համար ահավոր պահ է։ Նկարներ կան, որոնցից այդքան էլ դժվարությամբ չեմ բաժանվում, բայց այդպիսի աշխատանքները շատ քիչ են։ Ես երկար ժամանակ եմ ծախսում նկարի վրա և փորձում եմ մաքսիմալ արտահայտել այն, ինչ այդ պահին հուզում է, բայց հետո, երբ նա ինձնից գնում է… Ուրախ եմ լինում, երբ իմանում եմ, որ նկարս լավ վայրում է, այն գնահատում են, և այլն։ Նկարներ տարածելը շատ կարևոր է նկարչի համար. այն դրդում է, որ ավելի լավ աշխատանքներ ստեղծես։

Տեսանյութեր

Լրահոս