«Ինձ հետաքրքրում են մարդիկ, ովքեր ծանր մանկություն են ունեցել»
1969թ., երբ Մայր Աթոռը հրատարակում էր Նոր Կտակարանի արևելահայերեն տարբերակը, Վազգեն Առաջին վեհափառի խնդրանքով` «Ավետարան ըստ Մատթեոսի»-ն խմբագրել է Պարույր Սևակը: 1972-76թթ. լույս տեսած Պարույր Սևակի վեցհատորյակը, յուրաքանչյուրը` 50.000 տպաքանակով, սպառվել է ակնթարթորենգ Սևակի մասին բոլոր մանրամասները, կարծես, հայտնի են: Քիմիկոս և հայ բնագիտության պատմաբան Ասատուր Փաշայանը, սակայն, ուսումնասիրել է Սևակին` նաև որպես բնագետի: Գրողի բազում բնագիտական մտքերը, ինչպես նաև` Սևակի կյանքին և ստեղծագործությանն առնչվող այլ` քիչ ուսումնասիրված հարցեր, առիթ են դարձել, որպեսզի Ասատուր Փաշայանն իր ուսումնասիրությունը դարձնի գիրք` «Սևակի հետ» խորագրով: Իսկ գրքի մասին խոսելու առիթ կա. հունվարի 24-ը Պարույր Սևակի ծննդյան օրն էր:
– Պարո՛ն Փաշայան, այսօր գրողների մասին ցանկացած տեղեկություն մարդկանց անհաղորդ է թողնում: Իսկ Դուք ընթերցողին նոր գիրք եք առաջարկում:
– Հետազոտողի համար բացարձակապես հետաքրքիր չէ` ովքեր պիտի կարդան իր գիրքը, երբ և ինչ տրամադրությամբ: Այսօր չկարդան, վաղը կկարդան:
– Թվում էր` Սևակի մասին վաղուց և ամեն ինչ արդեն ասված է:
– Իմ ուսումնասիրությունները պարզել են, որ Սևակի չափածոյում, արձակում և հոդվածներում շատ են բնագիտական մտքերը: Եթե տեխնիկական կամ բնագիտական կրթություն ստացած լիներ, ինչպես առանձին հայ գրողներ, հասկանալի կլիներ, սակայն ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Եվ դա եղավ առաջին խայծը` նորովի կարդալ նրան և պեղել` իրո՞ք ենթադրություններս ունեն տրամաբանական հենք: Եվ չսխալվեցի:
17-18 տարեկան Սևակի բանաստեղծություններում հանդիպում ենք բնագիտական մտքերի: Ամենից առավել ինձ հետաքրքրեց մի երկտող, որի շուրջ մի քանի ամիս եմ մտածել: Համեմատելով իր սերը` ասում է.«Ինչպես կրակը` ատոմի գրկում»: Ատոմի «գրկում» ատոմի միջուկն է: Փաստորեն` խոսքը միջուկային էներգիայի մասին է: Անդրադարձել է Մենդելեևի, Ցիոլկովսկու աշխատանքներին: Եվ ինքն էլ խոստովանում է, որ դպրոցում այնքան լավ է սովորել բնագիտական առարկաները, որ դժվար էր տարբերել` վե՞պն է ավելի ձգում, թե՞ խնդիրները:
Գրականագետ Սերգեյ Սարինյանը գրել է, որ երբ Սևակի հետ Մխչյան գյուղում (գրողի քեռու տանը) շրջել են պարտեզով, Սևակը սկսել է պատմել ամեն ծաղկի, ծառի մասին: Պարզվել է` պատրաստվում էր աշխատություն գրել ծաղիկների մասին: Իսկ ահա գրքի գլուխներից մեկում մանրամասն անդրադարձել եմ Սևակի և մեծ հայագետ Բոգդան Գեմբարսկու նամակագրությանը: Նշեմ, որ այս գիրքը մեր գրականության պատմության մեջ թերևս առաջին աշխատությունն է, որտեղ մատենագիտական հղումների թիվը 1501 է:
– Հետաքրքիր է գրքի այն գլուխը, ուր ներկայացնում եք պատմությունը` ինչպես Սևակը չընտրվեց Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
– Հայտնի է, որ 1971թ. Պարույր Սևակին մերժեցին: Բնական է, որ ակադեմիան և՛ այն տարիներին, և՛ այսօր, ինքնուրույն կառույց չէ: Կենտկոմից հրահանգված էր` Պարույրին մերժել: Դրանից որոշ ժամանակ անց նա դիմում գրեց` հրաժարվելով Հայաստանի գրողների միության (ԳՄ) վարչության քարտուղարի պարտականությունից:
– Սևակի հանդեպ հալածանքը դրանով չսահմանափակվեց: Այրեցին նրա «Եղիցի լույս» ժողովածուի տպաքանակի մի մասը:
– Այո: 1971թ. ամռանը Սևակը մասնակցում էր Հայաստանի ԳՄ հերթական համագումարին, որը տեղի էր ունենում Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող Կառավարության նիստերի դահլիճում: Ընդմիջմանը նրան տպարանի մի խումբ բանվորներ են մոտեցել, թե` Ձեր «Եղիցի լույսի» տպաքանակի մի մասն այրում ենք: 20-30 մետրի վրա տպարանի շենքն էր: Եվ Սևակը, դուրս գալիս, զգացել է իր այրվող գրքերի ծխահոտը: Հաշված օրեր անց Սևակն ավտովթարի զոհ դարձավ:
– Առհասարակ, գրողի լայն աշխարհայացքը, հետաքրքրությունների մեծ շրջանակը արժեքավոր գրականություն ստեղծելու անհրաժե՞շտ բաղադրիչ է: Ի վերջո, կա կլիշե` լավ գրող ծնվում են, ոչ թե դառնում:
– Սևակի շնորհն աստվածատուր էր: Անբացատրելի է` գյուղական դպրոցի շրջանավարտն իր ինքնակենսագրության մեջ գրում է, որ իր գրականության ուսուցչի հաջորդ օրվա դասերն ինքն էր կոնսպեկտավորում: Սևակը մեր այն բացառիկ գրողներից է, որ սովորել է ոչ միայն ԵՊՀ-ում, այլև Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: Գրողը պե՛տք է ունենա լայն աշխարհայացք… Թե՛ Գորկու գործերում, թե՛ Դոստոևսկու, թե՛, դիցուք, Զոշչենկոյի, չափազանց շատ են բնագիտական փայլատակումները:
– Հայ պոեզիան բոլոր շրջաններում գերազանցել է արձակը: Հատկապես արևմտահայ պոեզիան: Դուք ունե՞ք հարցի պատասխանը` ինչու:
– Բարդ խնդիր է` ինչո՞ւ Հայաստանն ավելի շատ պոեզիայի նշանավոր դեմքեր է տվել` Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա: Հավանաբար արձակն ավելի մեծ պետությունների ժողովուրդներին է հատուկ: Սա սոսկ ենթադրություն է:
– Դուք գտնում եք, որ Սևակն այն բանաստեղծն է, որը կմնա անգամ 100 տարի հետո, ինչը չեք կարող ասել շատ այլ բանաստեղծների մասին:
– Հարցի պատասխանը տվել է հենց Սևակը` ասելով, որ այս կամ այն գրողի գործի դատավորը Ժամանակն է: Ժամանակը ցախավել է: Ով իսկական չէ, ընկնում է ցախավելի տակ: Թեև ցանկացած գրողի մասին կարող են լինել իրարամերժ կարծիքներ: Տոլստոյի պես մեծությունը Շեքսպիրին ոչ միայն չի հավանել, այլև զրոյի է հավասարեցրել: Իսկ, օրինակ, Վահրամ Փափազյանի համար մոլորակի գրական առանցքը Շեքսպիրն է: Նա ասում է` այն թատրոնը, որը Շեքսպիր չի ներկայացնում, պարտավոր է առաջին իսկ խանութից մի մեծ կողպեք գնել և կախել թատրոնի դռանը: Իմ կարծիքով` Սևակը գրականության մեջ նույնն է, ինչ Փարաջանովը` կինոյում: Ի՜նչ արժե միայն «նորից չեն սիրում, սիրում են կրկին» միտքը…:
– Սա Ձեր հերթական գիրքն է. գրել եք մենագրություն աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին (որը դեռ անտիպ է): Ո՞րն է այն չափանիշը, որով ընտրում եք Ձեր հետազոտության «հերոսին»:
– Ինձ հետաքրքիր են այն տաղանդավոր մարդիկ, ովքեր ծանր մանկություն են ունեցել: Ե՛վ Սևակը, և՛ Տիգրան Պետրոսյանն այդ ճանապարհով են անցել: Սևակի հանդեպ իմ սերն ավելի խորացավ, երբ վերջերս հրապարակ եկան նրա մասին առանձին հետազոտություններ: Օրինակ` Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» (2004թ.) գիրքը թեև քննադատեցին, սակայն հեղինակը գրագետ արդարացավ: Ասաց` այո, սա նամականի է, գրեթե բոլոր գրողների նամակները հրապարակվել են: Ի դեպ, նամականին գրողի կյանքում ամենաազնիվ կետն է:
– Դուք, այդուհանդերձ, հակվա՞ծ եք կարծելու, որ Սևակի «Անլռելի զանգակատունը» խորքային վերլուծության չի ենթարկվել:
– Այո: Այնտեղ կա «Ղողանջ միջակության» գլուխը, որը ցայսօր լիարժեք վերլուծության չի ենթարկված: Եվրոպայում արդեն ճանաչված Կոմիտասը գալիս է Էջմիածին, արժանանում տգետ հոգևորականների արհամարհանքին, ապա հեռանում է Պոլիս: «Անլռելի զանգակատունը», իմ կարծիքով, ունի ինքնակենսագրական ենթատեքստ: Իմ գրքում մի գլուխ նվիրված է Սևակի «Ձեր ծանոթները» գրքույկին: Գրքի ձևավորումն այնպիսին է, որ թվում է` հասցեագրված է մանուկներին: Սակայն յուրաքանչյուր կենդանու կերպարը կերտելիս` Սևակը տեսել է բացասական կերտվածքով մարդկանց, պաշտոնյաների: Այժմ էլ ոչինչ, ի դեպ, չի փոխվելգ Մեզանում գրեթե բոլոր բնագավառներում համատարած անտարբերություն կա ստեղծագործող մարդու հանդեպ: Դա շատ արգահատելի է. ցանկացած հեղինակ ուզում է արձագանքներ լսել իր աշխատանքի մասին` լավ թե վատգ
«168 ԺԱՄ»