«Հեքիաթն ուղղված է երևակայությունը զարգացնելուն, և նրա նպատակն է՝ նպաստել ազատ քաղաքացու ձևավորմանը»
Ասում է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
– Պարոն Բաբայան, Դուք ներկայացումներ եք պատրաստում մեծ մասամբ երեխաների համար: Դա պարտավորեցնող գործ է, քանի որ գործ ունեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր կյանք նոր են մուտք գործում: Կա՞ն ինչ-որ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:
– Կան, իհարկե: Կարծում եմ`այդ սկզբունքները կապված են ոչ միայն երեխաների համար նախատեսված ներկայացումների հետ, այլև վերաբերում են երեխաների հետ շփմանն առհասարակ: Երբևիցե չի կարելի երեխայի հետ սուտ խոսել: Հեքիաթն ուղղված է երևակայությունը զարգացնելուն, և նրա նպատակն է՝ նպաստել ազատ քաղաքացու ձևավորմանը: Մարդը դառնում է ազատ այն ժամանակ, երբ նրա երևակայությունը սահմաններ չունի, երբ նա կարողանում է շատ ազատ մտածել և դառնալ ստեղծագործության համահեղինակը: Այս սկզբունքը փորձում եմ պահպանել: Սուտ կլինի ասել, թե այն պահպանելը մշտապես հաջողվում է:
Ներկայացումը կենդանի արվեստի այնպիսի գործ է, որն ամեն օր նորից է ստեղծվում: Նույն ներկայացումը, որը կարող է տարիներ շարունակ լինել թատրոնի խաղացանկում, ամեն օր փոքր-ինչ յուրովի է խաղացվում: Սա թատրոնի գաղտնիքն ու հմայքն է: Հանդիսատեսն իր աուրայով, վերաբերմունքով՝ հանդիսանում է ներկայացում ստեղծողներից մեկը և անպայման ազդում է դերասանի վրա: Թե ի՞նչ է ստացվում արդյունքում, ի սկզբանե շատ դժվար է կանխագուշակել, բայց բոլոր դեպքերում՝ խնդիրն ու նպատակը յուրաքանչյուրի հետ` անկախ նրա կրթական մակարդակից, տարիքից և այլն, հնարավորին չափով անկեղծ խոսելն է: Ի վերջո, ի՞նչ է արվեստը: Այն առաջին հերթին՝ երկխոսություն է: Գնում ենք պատկերասրահ և կանգ ենք առնում ինչ-որ նկարի առջև: Նա սկսում է մեզ հետ խոսել, մենք էլ` իր հետ: Նույն ձևով էլ գրականության դեպքում է: Պարտադիր չէ, որ մեզ ամեն ինչ դուր գա, բայց մենք մշտապես հեղինակի հետ գտնվում ենք երկխոսության մեջ: Երկխոսության լավագույն օրինակը ներկայացումն է: Այն կայանում է, երբ կա անկեղծություն:
– Տիկնիկային արվեստում հաջողության հասնելու գաղտնիքն ինչո՞ւմ է կայանում:
– Ընդհանրապես թատրոնը կոլեկտիվ արվեստ է, որն ունի իր հեղինակ-ղեկավարին` ռեժիսորին: Բավական է, որ մի օղակ լավ չաշխատի՝ գործը թերի կլինի: Տիկնիկային թատրոնի դեպքում գումարվում է մի մեծ օղակ, որը կոչվում է՝ տիկնիկագործներ: Ներկայացման նախապատրաստական աշխատանքները մոտավորապես մեկ տարի տևում են: Պատրաստվում է յուրահատուկ տիկնիկ-կերպար, որովհետև, օրինակ, գայլը մի ներկայացման մեջ բացարձակ կարող է չհամապատասխանել մյուս ներկայացման գայլին: Շատ կարևոր է, որ մի գաղափարի մեջ հավաքված մարդիկ գործեն այդ գաղափարի շրջանակում: Այդ դեպքում հույս կա, որ ինչ-որ բան կստացվի (ժպտում է.- Գ.Ա.):
Վերջերս կարդում էի Հոլիվուդի հայտնի պրոդյուսերներից մեկի գիրքը, ով բազմաթիվ վարպետության դասեր է անցկացնում: Այդ դասերից մեկը սկսվում է հետևյալ նախադասությամբ` «Կարելի է փորձել պահպանել բոլոր օրենքները, որոնք նախորդ ֆիլմի ժամանակ հաջողություն են բերել, բայց այս ֆիլմում կարող է ոչինչ էլ չստացվել»: Սա արվեստի գաղտնիքն է: Եթե հստակ բանալի լիներ, որով հնարավոր է այդ դուռը բացել՝ հետաքրքրությունը կկորեր: Իհարկե, պետք է տիրապետել մասնագիտական հմտություններին, բայց ամբողջովին դրանց տիրապետելը չի նշանակում՝ ունենալ հաջողության գրավական:
– Տիկնիկային թատրոնի տիկնիկները հաճա՞խ են թարմացվում:
– Այո: Տիկնիկային թատրոնը տարեկան մոտ 400 ներկայացում է խաղում: Օգտագործվում են տիկնիկային արվեստի տիկնիկների բոլոր ձևերը` ձեռնոցային, ձողիկավոր, հատակային, ստվերային, խամաճիկ, դիմակ, մատեր և այլն: Պարզ է, որ ամեն ներկայացումից հետո տիկնիկը փոքր-ինչ մաշվում է: Այդ պատճառով էլ` դրանց վերանորոգման աշխատանքը մշտական գործընթաց է: Առավել ևս, որ մեր թատրոնում կան ներկայացումներ, որոնք 40 տարի է՝ խաղացանկում են: Վաղուց չկան այդ ներկայացման բեմադրիչները, դերակատարները, բայց ներկայացումը մինչև այսօր կա և նայվում է: Ներկայացումը պետք է ապրի այնքան, որքան ապրում է: Ո՛չ կարելի է արհեստականորեն ձգձգել ներկայացման կյանքը, ո՛չ էլ ընդհատել:
– Կարելի՞ է ասել, որ ներկայացումն ապրում է այնքան, որքան հասարակությունը դրա պահանջը զգում է:
– Կարծում եմ` այո: Յուրաքանչյուր ներկայացում իր ժամանակի մեջ է ստեղծվում, բայց լինում են ներկայացումներ, որոնք իրենց գեղագիտությամբ հանգիստ ժամանակից ժամանակ են տեղափոխվում: Եթե դա կատարվում է, մենք փորձում ենք ներկայացումը պահպանել: Տիկնիկային ներկայացում ստեղծելը և՛ ժամանակի, և՛ ֆինանսի, և՛ մասնագետների տեսանկյունից՝ մի փոքր բարդ գործ է: Այդ պատճառով էլ` ամեն ստեղծած գործի հանդեպ, որը հաջողվում է, պետք է նրբանկատ լինել:
– Տիկնիկների վերանորոգման հարցում Մշակույթի նախարարությո՞ւնն է աջակցում:
– Այո: Թատրոնը պետությունից հավելավճար է ստանում, որը գումարվում է թատրոնի աշխատած գումարին: Ինքներդ էլ հասկանում եք, որ մեր տոմսերի արժեքը բացարձակ չի համապատասխանում միջազգային նորմաներին: Սա որոշակի դժվարություններ է առաջացնում: Նախ՝ մենք չենք կարողանում դերասաններին համապատասխան աշխատավարձով ապահովել, բայց նաև չենք արգելում նրանց՝ կողքից գումար աշխատել, այսինքն` նկարահանվել ֆիլմերում, հեռուստահաղորդումներում կամ մասնակցել տարբեր միջոցառումների: Երբ դրանց քանակն անցնում է որոշակի չափը, կողքից աշխատելն ազդում է թատրոնի ընդհանուր աշխատանքի, գեղագիտության վրա: Դերասանը, հաճախ՝ անգիտակցաբար, սպունգի պես իր մեջ է վերցնում և՛ լավը, և՛ վատը: Դժվար է դրա դեմ պայքարել, բայց ի՞նչ արած` մենք բոլորս ապրում ենք այս երկրում:
– Տիկնիկային թատրոնի ամենածեր տիկնիկը քանի՞ տարեկան է:
– Նա հիմա գտնվում է թանգարանում: Դա «Տերն ու ծառան» ներկայացման Աղան է: Այն առաջին ներկայացումներից մեկն էր: «Աղան» մոտ 78 տարեկան տիկնիկ է:
– Մեզանում մասնագետների պակաս նկատվո՞ւմ է:
– Ժամանակակից թատրոնում (խոսքը միայն տիկնիկային թատրոնի մասին չէ), կան բազմաթիվ մասնագիտություններ, որոնց պակասն այսօր մենք իսկապես ունենք: Գիտենք, որ ներկայացումների ժամանակ շատ են վիզուալ շարքեր օգտագործվում, որը համապատասխան մասնագետներ է պահանջում: Կա համակարգչային գրաֆիկայի մասնագետների կարիք: Ժամանակակից լուսային սարքավորումները, որոնց մի մասը մենք ունենք, պահանջում է նաև համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ: Բեմական մեխանիկայի մասնագիտությունն այսօր ևս շատ բարդ մասնագիտություն է: Ցավոք սրտի, Հայաստանում չունենք համապատասխան հաստատություններ, որտեղ մարդիկ կարող են համապատասխան կրթություն ստանալ: Արտասահման սովորելու ուղարկելը թատրոնի համար թանկ հաճույք է, բացի դրանից էլ` պարզ չէ՝ ուսում ստացած մարդը կվերադառնա՞ Հայաստան այդ փոքր աշխատավարձով աշխատելու, թե՞ ոչ: Տիկնիկագործների տեսանկյունից՝ մեր վիճակը, կարծես թե, լավ է:
– Երբևէ մտածե՞լ եք Տիկնիկային թատրոնում ստվերային թատրոնը ներկայացնելու մասին:
– Եղել են այդպիսի դեպքեր: Շեքսպիրի «Սխալների կատակերգությունում», որը նոր եմ խաղացանկից հանել, կային ստվերային թատրոնի տեսարաններ: Այժմ պատրաստվում է ստվերային թատրոնի մի նոր գործ: Դժվարանում եմ ասել, թե երբ այդ ներկայացումը պատրաստ կլինի:
– Փառատոներին մասնակցելը կարևորո՞ւմ եք:
– Այո, շատ եմ կարևորում: Արվեստը հաղորդակցվող անոթների պես մի բան է: Եթե մենք փակ համակարգի մեջ ենք գտնվում, չենք կարող զարգանալ: Տեսնելը, փորձի փոխանակումը հարստացնում է և՛ մեզ, և՛ մեր դիմացինին: Այս 15 տարիների ընթացքում, ինչ ես թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, թատրոնը մոտ 35 միջազգային փառատոների է մասնակցել` սկսած Հնդկաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներով: Հավատացեք, որ դրա ազդեցությունը զգացվում է, քանի որ շփվում ես տարբեր մշակույթների, տարբեր մարդկանց հետ: Նրանց վրա էլ հաստատ զգացվում է քո ազդեցությունը: Գնալով՝ մենք հասկանում ենք, որ այս երկրագունդը շատ փոքր է, և իրարից կախվածությունն ավելի մեծ է, քան թվում էր առաջ: Նոր Զելանդիայում կտրած ծառը հաստատ Հայաստանում ինչ-որ հետևանք ունենում է: Նույն բանն էլ արվեստում է: Որքան աղքատ կլինեինք մենք, եթե չճանաչեինք համաշխարհային գրականությունը, կինոն: