Բաժիններ՝

Գիտական ոչ բոլոր ուղղությունները կարող են ինքնուրույն ֆինանսներ հայթայթել

«Հայաստանում գիտության խնդիրների շարքում ես, առաջին հերթին, տեսում եմ ֆինանսական խնդիրը: Մեր ֆինանսավորումն այնքան չնչին է, որ կարծես ստացվել է այնպես, որ ամենացածր աշխատավարձ ստացողը հենց գիտնականներն են: Արդյունքում՝ գիտնականների սոցիալական վիճակը շատ վատ է, այդ թվում՝ աշխատավարձի առումով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ըստ նրա՝ գիտնականներին, փաստորեն, թողել են, որ իրենք իրենց ինչ-որ գումարներ հայթայթեն, սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ կան գիտական ուղղություններ, որոնք կարող են իրենք իրենց համար գումարներ գտնել և միջազգային ներդրումներ ներգրավել, սակայն, կան նաև այնպիսիք, որոնք կապված են հենց Հայաստանի հետ, և դրսից ֆինանսավորում գտնելը բավական բարդ է:

«Օրինակ՝ Սևանի խնդիրների ուսումնասիրումը, որով մենք զբաղվում ենք, դա հենց մեր՝ Հայաստանի խնդիրն է, և ֆինանսներ հայթայթելը բավական բարդ է: Նույնը վերաբերում է գենետիկային և այլ գիտական ուղղություններին: Դրանք հավասար պայմաններում չեն գտնվում այլ ուղղությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, ֆիզիկան և գիտական ուղղությունները, որոնք կարող են ընդհանուր մակարդակի հարցեր լուծել և հետաքրքրել համաշխարհային գիտական հանրությանը»,- ասում է Բ. Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ բացի նշված խնդիրը, նաև կան գիտական ուղղություններ և ինստիտուտներ, որոնք կապված չեն դաշտային աշխատանքների հետ:

Այսինքն՝ դրանք դեպի դուրս արշավներ չեն կատարում, մինչդեռ, օրինակ, իրենց ինստիտուտը՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, գիտարշավներից կախված կենտրոն է: «Եթե գիտարշավներ չկազմակերպենք՝ մենք պարզապես չենք կարողանա շատ արդյունքներ  ստանալ, իսկ գիտարշավները նաև լրացուցիչ ծախսեր են ենթադրում՝ մեքենաների վառելանյութ, վարորդներ, և այլն, մինչդեռ մենք ստանում ենք նույն ֆինանսավորումը, ինչ այլ հումանիստար ինստիտուտները, օրինակ՝ Պատմության ինստիտուտը, Գրականության ինստիտուտը, և այլն, որոնց ոչ մի տեղ գնալ պետք չէ, և այդ գումարով նրանք կարող են աշխատավարձ տալ և ծախսեր հոգալ, իսկ մենք այդ հնարավորությունը չունենք: Մեր հնարավորություններն ավելի քիչ են, քանի որ ծախսեր ենք կատարում նման խնդիրների լուծման վրա»,- ասաց Բ. Գաբրիելյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է որոշակի տարբերություն դնել ինստիտուտների միջև, և տարբեր ինստիտուտների աշխատանքներից կախված՝ տարբեր բազային ֆինանսավորում սահմանել:

Ըստ Բ. Գաբրիելյանի՝ իրենք բարձրաձայնել են խնդիրը, սակայն այն դեռևս լուծում չի գտել: Բացի այդ, մեր զրուցակիցը նշում է, որ գիտնականների առջև ծառացած երկրորդ ամենակարևոր խնդիրը սարքավորումների հարցն է. դրանք շատ վատ վիճակում են գտնվում, իսկ ինստիտուտներին տրվող գումարներն այնքան չնչին են, որ նույնիսկ մի նորմալ սարք չեն կարող գնել:

Կարդացեք նաև

«Արտասահմանում նման սարքերը միլիոններ արժեն: Մենք դրա մասին նույնիսկ չենք էլ կարող երազել, իսկ դա գցում է արտասահմանի հետ մեր մրցակցության հնարավորությունները, թեկուզ մեզ մոտ գիտական պոտենցիալը կա, սակայն սարքերի պակասը և այլ հարցեր մեզ հետ են գցում արտասահմանյան միջազգային գիտական մակարդակից»,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայումս ֆունդամենտալ գիտությունից գնում ենք՝ դեպի կիրառական, սակայն միայն կիրառականով հնարավոր չէ առաջ ընթանալ: Ֆունդամենտալ գիտությունը շատ դժվար է առաջ մղել՝ առանց համապատասխան բազային ֆինանսավորման: Վերջինս, թեև կա, սակայն այն շատ քիչ է և չի բավականացնում: «Ամեն տարի մենք մտածում ենք, թե որտեղի՞ց հայթայթենք գումար, որպեսզի ինչ-որ աշխատանքներ կատարենք: Այսինքն՝ ներկայումս կարելի է ասել, որ գիտությունը, համենայնդեպս՝ մեր ուղղությունը, գոյատևում է մեր ուժերով: Այդ ամենի արդյունքում եթե ներկայիս մեր նվաճումները համեմատենք այն ամենի հետ, ինչ ունեցել ենք Խորհրդային Միության ժամանակ, շատ մեծ տարբերություն է»,- ասաց Բ. Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կիրառական ուղղություններն այս իրավիճակից ինչ-որ ձևով դուրս են գալիս, սակայն ֆունդամենտալ գիտության համար պրակտիկորեն գումարներ չեն հատկացվում, սակայն պահանջում են, և, ցավոք սրտի, մենք կամաց- կամաց անցնում ենք կիրառականի:

Հարցին, թե ինչո՞ւ՝ ցավոք սրտի, Բ. Գաբրիելյանը պատասխանեց. «Որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ նման լուրջ շռայլություն՝ ֆունդամենտալ ուսումնասիրություններ կատարել: Արդյունքում՝ ներկայումս գրեթե բոլոր ինստիտուտներն անցում են կատարում կիրառականի, քանի որ կիրառականի տակ ավելի շուտ կարող են գումարներ հայթայթել»: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ, թեև տարբեր ծրագրերով դիմել են տարբեր դրամաշնորհների, սակայն դրամաշնորհային մրցույթին շահելը բավական բարդ է:

Այնուհանդերձ,  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն ասում է, որ կենտրոնի երիտասարդները որոշ փոքր դրամաշնորհներ շահել են, սակայն դրանք շատ չնչին գումարներ են, որոնք պարզապես պահում են երիտասարդ մասնագետներին, որպեսզի նրանք չփախչեն երկրից:

Հիշեցնենք, որ 2006-ին ստեղծվեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, որում միավորվեցին երկու գիտական ինստիտուտներ՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը, որը զբաղվում էր հիդրոէկոլոգիական և ձկնաբանական ուսումնասիրություններով, և երկրորդ ինստիտուտը՝ Կենդանաբանության ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանի կենդանական աշխարհի ուսումնասիրությամբ:

Առաջինում շատ են երիտասարդները, և աշխատակիցների միջին տարիքը 30-35 տարեկանն է: Իսկ Կենդանաբանության ինստիտուտում հակառակ պատկերն է. այստեղ հիմնականում մեծահասակ, փորձառու գիտնականներ են, և նրանց միջին տարիքը գերազանցում է մոտ 60 տարեկանը, երիտասարդները շատ քիչ են. 80 աշխատակիցներից՝ թվով 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս