Ղարաբաղյան հին հակամարտությունը ո՛չ կարգավորվել է, ո՛չ էլ մոռացվել. Los Angeles Times
Ամերիկյան Los Angeles Times թերթում հրապարակվել է Քերոլ Ուիլյամսի «Լեռնային Ղարաբաղ. հին հակամարտությունը ո՛չ կարգավորվել է, ո՛չ էլ մոռացվել» խորագրով հոդվածը: Դրանում հեղինակը տալիս է Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը (Ստալինյան ու Գորբաչովյան ժամանակաշրջան, Սումգայիթի ջարդեր) և հասնում մերօրյա ժամանակաշրջան.
«Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված հրադադարի ռեժիմին՝ վերջին 19 տարիներին սովորական երևույթ է դարձել այն, որ դիպուկահարները կրակ են բացում շփման գծի երկայնքով: Վերջին շաբաթներին «սառեցված հակամարտության» գոտում հաճախակիացել են այդ դեպքերը:
1991-1994 թվականներին տեղի ունեցած պատերազմը խլել է 30.000 մարդու կյանք: Խնդրի կարգավորման առաքելությունը ստանձնել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: Հակամարտությանն իրազեկ մարդիկ խնդրի տևական ժամանակ չկարգավորված լինելը պայմանավորում են նրանով, որ հակամարտող կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում գնալ զիջումների:
Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Շիթսի կարծիքով՝ արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմական վիճակում. «Հարավային Կովկասն այնպիսի ռազմավարական տարածք է, ուր հանդիպում են Եվրոպան ու Ասիան: Եթե հակամարտությունը վերսկսվի՝ չնայած հրադադարի ռեժիմին, ապա այն կվերածվի էլ ավելի մասշտաբային պատերազմի, հնարավոր է՝ նաև տարածաշրջանային պատերազմի, որում կներգրավվեն տարածաշրջանի կարևոր ուժերը»:
Առողջ մտածելակերպով դիտորդները նկատում են, որ հակամարտությունը վերսկսումը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին: Վտանգը շարունակում է մնալ հակամարտությանը վերջ դնելու համար համաձայնության ձեռք չբերման պայմաններում, ինչը հաճախ սահմանակցում է հիստերիայի հետ: Rand Միջազգային անվտանգության ու պաշտպանական քաղաքականության կորպորացիայի փորձագետ Օլգա Օլիկերի կարծիքով՝ ոչ ոքի դուր չի գալիս ստատուս-քվոն, սակայն ոչ ոք չի կարողանում այլ ուղի տեսնել հակամարտության կարգավորման համար»: