Ընդդիմադիր դաշտի տիտանները դարձան «տիտանիկներ»
Հարցազրույց ՀՌԱԿ նախկին ատենապետ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ
– Հիմա բոլորը խոսում են այն մասին, որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է: Դեռ երկու տարի առաջ ասուլիսներից մեկում ասում էիք, որ նախընտրական արտագաղթի մեղավորն ընդդիմությունն է, իսկ հետընտրականինը` իշխանությունը: Արդյո՞ք այդ երկուսի համատեղ մեղքի արդյունքում հիասթափված հասարակությունն ավելի լայն թափով է բռնելու գաղթի ճամփան, թե՞ հնարավոր է, որ ընտրություններից հետո հասարակության դժգոհությունն արտահայտող նոր ուժեր ի հայտ գան:
– Այո, իսկապես, եթե հասարակության դժգոհ զանգվածն ընտրությունների հանդեպ սպասումներ չունի, ապա դրա մեղավորությունն ընդդիմությանն է, իսկ այն հատվածը, որ սպասումներով գնում է ընտրության, հետո իշխանության քայլերից գոհ չլինելու պատճառով՝ լուծումն արտագաղթն է համարում, իհարկե, դրա մեղավորն իշխանություններն են: Ցավոք, ըմբոստ ու պայքարի պատրաստ ակտիվ ընդդիմադիր մի ստվար զանգված իրենց շուրջ հավաքած քաղաքական դաշտի որոշ տիտաններ, աչքներիս առաջ, գնալով այնքան փոքրացան, որ պարզապես դարձան տիտանիկներ, բառիս ամենաբուն ու ամենաողբերգական իմաստով՝ իրենց խորտակումից հետները տանելով իրենց թիմի ամենանվիրյալներին:
Իսկ այն մասն էլ, որ փրկվել է՝ դեռ բավական ժամանակ է հարկավոր, որպեսզի դուրս գա շոկային վիճակից: Եվ քաղաքական դաշտում այն գործիչները, ովքեր մշտապես պայքարել են ոհմակային մոտեցումների դեմ, որ իրենց թույլ են տվել ունենալ ընդհանուր ֆոնից տարբերվող սեփական կարծիք ու բարձրաձայնել այն, հիմա պարզապես պարտավոր են փորձել մեր ակտիվ ու ըմբոստ հասարակության այդ ստվար հատվածին ուղղություններ ցույց տալ, փորձել բացատրել, որ նրանք մենակ չեն իրենց դժբախտության մեջ, որ ժամանակին նման վիճակներ աշխարհի շատ երկրներ հաղթահարել են, ու մենք էլ կհաղթահարենք, մնում է՝ գոնե հիմա ռացիոնալ, սթափ տեսակետներ լսեն ու կողմնորոշվեն իրենց հետագա անելիքներում:
Եթե անգամ այլևս քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունենան, միևնույն է, պետք է լսեն տեսակետներ, հարցերի պատասխաններ՝ ի՞նչ վիճակում ենք հայտնվել, ինչո՞ւ ենք հայտնվել և ի՞նչ պետք է անենք այս վիճակից դուրս գալու համար: Եթե անգամ նրանք զոհերն են իրենց դյուրահավատության ու որևէ քաղաքական այրի հանդեպ իրենց ֆանատիկ նվիրվածության, եթե անգամ նրանց ագրեսիվ կեցվածքից շատերն են տուժել, միևնույն է, այսօր նրանց մեղքի բաժինը համառորեն աչքները մտցնելու ժամանակը չէ: Պահի թելադրանքով պայմանավորված դատարկության զգացում ունեցող մարդկանց այդ վիճակում թողնել չի կարելի, դա շատ վտանգավոր է: Նրանք պայքարի էին ելել միասնաբար, իսկ հիմա տառապում են անհատապես:
– Բայց այդպիսի ընդհանուր տեսակետներից տարբերվող տեսակետներ Դուք էլ եք հայտնել մշտապես, ավելին՝ ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման ամենաթունդ ջատագովներից մեկը Դուք էիք, բայց երբ այդ միավորումն ամիսներ առաջ կայացավ, Դուք ակտիվանալու փոխարեն՝ պասիվացաք, իսկ հիմա ընդհանրապես ակտիվ չեք քաղաքական դաշտում: Ինչպե՞ս հասկանալ:
– Իմ պասիվությունը կուսակցությունների միավորման հետ չէ կապված, ինչին, դուք ճիշտ նշեցիք, ես իսկապես ոչ միայն կողմնակիցն եմ եղել, այլև ակտիվ նախաձեռնողներից մեկը: Պարզապես այդ միավորման գործընթացը համընկավ կուսակցության վերջին խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հետ: Գուցե ինձ համար հասկանալի են դրա թե՛ օբեկտիվ, և թե՛ սուբեկտիվ պատճառները, բայց ընդունելի չեն: Եթե ընտրությանը չես մասնակցում, որպեսզի գաս իշխանության ու հանրությանը ներկայացրած ծրագրերդ կյանքի կոչես, այլ քաղաքական գործընթացներին մասնակցում ես լոկ այս կամ այն հարցին հրապարակային վերաբերմունք արտահայտելու համար, ապա կուսակցական ակտիվ գործունեությամբ զբաղվելն ամենևին պարտադիր չէ:
Եթե կուսակցությունն ընտրությանը չի մասնակցում, իսկ իր սատարելով չէ որևէ մեկը հաղթում կամ էլ չսատարելով պարտվում, ուրեմն տվյալ կուսակցությունը քաղաքական դաշտում գործոն չէ. կա՛մ պետք է գնա լուծարման, կա՛մ գաղափարակից կուսակցությունների հետ միավորման, որպեսզի վերջապես գաղափարական տարբեր հոսանքների կուսակցությունները միավորման ճանապարհով ստեղծեն մի քանի խոշոր ինստիտուցիոնալ կուսակցություններ: Այս ճանապարհով գնացել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, այս ճանապարհով, ուզենք թե չուզենք, ուշ թե շուտ, գնալու ենք նաև մենք, և ցանկալի կլինի, որ դա շուտ լինի:
Միակ բացառությունը, որ կանեմ ընդհանուր մոտեցումների հարցում, դա մեր երեք ավանդական կուսակցություններն են, որ եթե որևէ փուլում նրանք գործոն չեն, ապա ոչ թե պետք է գնան լուծարման կամ այլ կուսակցությունների հետ միավորմամբ գործունեության դադարեցման, այլ պետք է լիդերների փոփոխության, քաղաքական թիմի վերադասավորման արդյունքում՝ փորձեն հզորանալ: Չէ՞ որ ավանդական կուսակցությունների առաքելությունը շատ ավելին է, քան սոսկ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին մասնակից լինելը:
Այնպես որ, ես ինձ կուսակցական ակտիվ գործունեության մեջ այս պահին չեմ տեսնում, և շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ մինչև 2015 թվականը որևէ ձևաչափում կուսակցական ակտիվ գործունեությամբ զբաղվեմ: Իսկ իմ հրապարակային վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ մշտապես արտահայտել եմ ու շարունակելու եմ արտահայտել ՝ օր առաջ մեր երկիրն ավելի ժողովրդավար, բարեկեցիկ ու անվտանգ տեսնելու ակնկալիքով:
– Ենթադրվում է, որ այս նոր քաղաքական իրավիճակում ավելի ակտիվ կերպով պետք է տեղի ունենան կուսակցությունների միավորումների ու լուծարումների գործընթացներ՝ ամայացած քաղաքական վիճակից երկիրը դուրս բերելու համար:
– Այո, իհարկե, երբ խարիզմատիկ լիդերներն ու ազգի փրկիչները լքում են ասպարեզը, իսկ նրանց երդվյալ հետևորդների մոտ խորը հիասթափության փուլ է սկսվել, ապա ժամանակն է գալիս սթափ քաղաքական հաշվարկների ու պրագմատիկ քայլերի, որպեսզի նոր իրավիճակին համահունչ քայլեր արվեն: Ես պատահական չնշեցի 2015 թվականը, քանի որ վերադասավորումների անհրաժեշտություն թեպետ զգացվում է նաև հիմա, բայց գործնական քայլերը կսկսվեն երկու տարուց ոչ շուտ:
Ընդդիմադիր դաշտում վերադասավորումների արդյունքում նոր հզոր թիմ ստեղծելու անհրաժեշտությանը զուգահեռ, նաև իշխող կուսակցության մեջ են գնալու խմորումներ, թե ով պետք է լինի Սերժ Սարգսյանի նախընտրելի իրավահաջորդը: Դրա համար երկու տարի թիմի ներսում կանեն ամեն ինչ, որպեսզի նրա վստահությունը շահեն, իսկ երբ հասկանան, որ իրենք չեն այդ բաղձալի ժառանգորդը, այլ մեկ ուրիշը, կսկսվի ներթիմային պայքարն ու բազմաբնույթ պայմանավորվածությունները տարբեր թիմերի հետ:
Առաջիկա կանխորոշված նախագահական ընտրություների ֆոնին կա տարածված երկու հիմնական կարծիք. մի մասը գտնում է, որ Սերժ Սարգսյանը հիմա որևէ պարտավորվածություն չի ունենալու իշխանության մեջ լուրջ ազդեցություն ունեցող կրիմինալակլանային համակարգի հանդեպ, ու կարող է ակտիվ ու ագրեսիվ քայլերով գնալ արմատական բարեփոխումների, մյուս մասն էլ, թե՝ եթե չկա հզոր հակակշիռ` ի դեմս ընդդիմության, ապա դա հանգեցնելու է լճացման:
Իմ կարծիքով՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքների բերումով, Սերժ Սարգսյանն արմատական բարեփոխումներ իրականացնելու բացառիկ շանս է ստացել: Եվ հիմա նոր ձևակերպում անեմ. «Հետընտրական արմատական բարեփոխումներ չանելու մեղքն իշխանությանն է, իսկ քաղաքական դաշտի` լճացման գնալու մեղքը՝ ընդդիմությանը»: Չէ՞ որ, եթե ընդդիմությունն այդպես էլ լուրջ ու ծանրակշիռ ձևաչափերով հանդես չգա, իշխանությանը թողնի, որ իրենք իրենցով առաջիկայում կատարեն փոփոխություններ. կամ վերարտադրվեն, կամ պալատական հեղաշրջման գնան, իհարկե, նման վիճակի մեղավորն ընդդիմությունն է: