Հայաստանի Կարմիր գրքում կենդանիների թիվն ավելանում է
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ
– Ձեր գլխավորած կենտրոնում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:
– Մեր գիտական կենտրոնը կազմված է երկու ինստիտուտներից: Նախկինում դրանք առանձին ինստիտուտներ էին՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը, որը զբաղվում էր հիդրոէկոլոգիական և ձկնաբանական ուսումնասիրություններով: Եվ երկրորդ ինստիտուտը՝ Կենդանաբանության ինստիտուտն էր, որը զբաղվում է Հայաստանի կենդանական աշխարհի ուսումնասիրությամբ: Այս երկու ինստիտուտները միավորվեցին 2006թ., և ստեղծվեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը:
Կենտրոնի կազմի մեջ է մտնում նաև հայ-ռուսական բազան, որը հիմնականում զբաղվում է վայրի և տնային կենդանիների սելեկցիոն հարցերով: Կենտրոնում ներկայումս գործում են մի շարք լաբորատորիաներ: Այս կենտրոնն ունիկալ է նրանով, որ սա միակ կենտրոնն է, որի մասնագետները՝ հիդրոկենսաբանները և ձկնաբանները, զբաղվում են Սևանի էկոլոգիական հարցերով: Մնացած կենտրոններում, հնարավոր է, ինչ-որ հատուկենտ մասնագետներ լինեն, որոնք ինչ-որ կերպ առնչվել են այս հաստատության հետ, սակայն այդ հարցերով զբաղվող անգամ առանձին գիտական խմբեր չկան, միայն հատուկենտ մասնագետներ կան: Մեր ուսումնասիրության հիմնական թիրախը Սևանա լիճն է:
Այս տարի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 90-ամյակն է (որը մասնագիտացած է հենց այդ խնդիրներով), ցանկանում ենք նշել դա: Սա միակ նման ինստիտուտն է Կովկասյան տարածաշրջանում. ոչ Ադրբեջանում և ոչ էլ Վրաստանում նման ինստիտուտ չկա: Ինչ վերաբերում է Կենդանաբանության ինստիտուտին, ապա այդտեղ ուսումնասիրվում են կենդանական աշխարհի բոլոր խմբերը՝ սկսած մակաբույծներից՝ վերջացրած կաթնասուններով, և ձկները, և սողունները, կենդանիների բոլոր խմբերն ու դասերն ուսումնասիրվում են այդտեղ:
– Կմասնավորեցնե՞ք մի քանի աշխատանքներ, օրինակ, ի՞նչ ուսումնասիրություններ եք կատարում:
– Ներկայումս մեր կենտրոնի ուսումնասիրությունների ուղղությունը կենսաբազմազանության ուսումնասիրումն է: Խոսքը վերաբերում է կենդանիների կենսաբազմազանությանը, իսկ դա լայն հասկացություն է: Այն ընդգրկում է և ջրային, և ցամաքային կենդանիներին: Մենք ամեն տարի վերցնում ենք Հայաստանի առանձին ինչ-որ մի շրջան և ուսումնասիրություններ ենք կատարում տվյալ վայրում: Ժամանակ առ ժամանակ որոշ գետեր և ջրամբարներ էլ ենք ուսումնասիրում, սակայն մեր ուսումնասիրությունների հիմնական թիրախը Սևանա լիճն է:
– Կոնկրետ ի՞նչ է պարզվել այդ երկարամյա ուսումնասիրությունների արդյունքում, և ինչո՞վ են օգտակար եղել Ձեր կողմից իրականացված աշխատանքները:
– Մենք, նախևառաջ, տալիս ենք Սևանի էկոլոգիական վիճակը: Այսինքն՝ ջրի որակի, ձկների քանակի և այլ հարցերի վերաբերյալ տալիս ենք այնպիսի առաջարկներ, որոնք անհրաժեշտ են Սևանի էկոհամակարգի վիճակի բարելավման համար: Մենք Բնապահպանության նախարարությանը և Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողովին մշտապես ներկայացնում ենք տվյալներ, թե որքա՞ն են ձկնային պաշարները, որքա՞ն կարելի է որսալ, և ընդհանրապես՝ կարելի՞ է որսալ, թե՞ ոչ:
Մեր առաջարկների հիման վրա է դա կատարվում: Օրինակ, մենք ենք մի քանի տարի առաջ առաջարկել արգելել սիգ ձկան որսը: Ներկայումս Սևանում մանրաձուկ են բաց թողնում՝ ձկնային պաշարների վերականգնման համար, ինչը դարձյալ մեր առաջարկի հիման վրա է կատարվում: Ավելին, նույնիսկ Սևանի լճի մակարդակի բարձրացման գիտական հիմնավորումը տրվել է մեր գիտնականների և մեր գիտական կառույցի երկարատև պայքարից հետո:
Ես դա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը: ՀՀ կառավարությունը վերջապես ընդունեց մեր այդ առաջարկը. խոսքը Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման մասին է: Մենք տվեցինք դրա անհրաժեշտության գիտական հիմնավորումը, այլապես այդ ամենը կբերեր էկոլոգիական աղետի, ճահճացման, և այլն: Մենք դա 80-ական թվականներից ասում էինք, և, փաստորեն, այդքան տարի պայքարել ենք, և վերջապես 2003-2004թթ. Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացնելու որոշում ընդունվեց: Երկրորդ խնդիրը, որ մենք բարձրացնում ենք՝ վերաբերում է Սևանի ձկնային պաշարներին:
Ցավոք սրտի, մենք կանխատեսում էինք և մեր նամակներում ու հաշվետվություններում բազմիցս նշել ենք, որ այս վիճակը մի օր կգա, և Սևանում ձկնային պաշարները կխզվեն լրիվ: Ցավոք սրտի, մեր կառավարությունը՝ ի դեմս նախարարության և այլ պատասխանատու հիմնարկների, չկարողացավ այդ առաջարկները կյանքի կոչել, պահպանել դա և, փաստորեն, այսօր մենք ձկնային պաշարներ, որպես այդպիսին, չունենք: Մեր արժեքավոր ձկնատեսակների բոլոր պաշարները խզված են: Մեր բազմաթիվ առաջարկություններից հետո, օրինակ, իշխան ձկնատեսակը սկսեց գնվել մասնավոր տնտեսություններից և բաց թողնվել Սևանա լիճ, այդ գործընթացը շատ ողջունելի է:
Բայց վատ է, որ դրանց հետագա ճակատագիրը ոչ այդքան բավարար է, քանի որ շարունակվում է դրանց որսը: Վատ է իրավիճակը նաև մեր գետերում, որովհետև գետերում հէկ-եր են սարքել, այդ ջուրը վերցնում են լողավազանների համար, կամ, օրինակ՝ ժողովուրդը փորում է ու փոխում է գետի հունը: Այսինքն՝ խախտված է գետերի բնական վիճակը, և այնտեղ հնարավոր չէ, որպեսզի ձկների բազմացում տեղի ունենա: Այս վիճակի բարելավման համար պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկվեն, որպեսզի այդ ամենը կարողանանք վերականգնել, այլապես ապագայում, եթե այսպես շարունակվի, մենք ոչ մի բան չենք ունենա, թեև արդեն կարելի է ասել, որ ոչինչ չունենք:
Նույնիսկ կարաս ձկնատեսակը, որ ներմուծվել էր լիճ, նույնիսկ դրա պաշարներն են սկսել ընկնել, այսինքն՝ որսվում է նույնիսկ դա: Բացի այդ, լիճ են ներմուծվել ձկների երկու տեսակներ, որոնք լուրջ վնաս կարող են հանդիսանալ ձկների համար՝ լինելով մրցակից՝ կերային, բազմացման հնարավորությունների տեսակետից, և այլն:
– Այդ ամենի մասին Դուք բարձրաձայնե՞լ եք, փաստորեն, այնպիսի ձկներ են ներմուծում, որոնք կարող են վնաս հասցնել մեր ձկնային պաշարներին:
– Իհարկե, խոսել ենք, իրենք հասկանում են, սակայն ոչ մի ինչ-որ ռեալ քայլեր չեն ձեռնարկվում: Այդ ներմուծված ձկների դեմ շատ դժվար է պայքարել, քանի որ Սևանա լիճն ինչ-որ լողավազան կամ փոքր լճակ չէ, որ կարողանաս դատարկել, մաքրել ներմուծված այդ ձկներից: Այդ ամենը արդեն շատ դժվար է հանել, պարզապես պետք է լճի ջրի էկոլոգիական վիճակը փոխել, որպեսզի պայմանները նրանց համար վատանան:
Օրինակ, եթե նրանք տաք ջրերի ձկներ են, ապա, եթե ջրի մակարդակը բարձրանա, իսկ լճի ջերմաստիճանը մի քիչ փոխվի, այդ ամենը կարող է նրանց բազմացման համար արդեն հարմար չլինել: Նման բան եղել է, երբ ծածան ձկնատեսակը, որն ավելի տաք ջրեր էր սիրում՝ չբազմացավ, թեկուզ երբեմն-երբեմն հանդիպում է:
Մենք շատ ենք դիմել պատկան մարմիններին, որպեսզի լուրջ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի այլ տեսակների ձկներ չներմուծվեն, դիմել ենք նաև ժողովրդին, որպեսզի նրանք ամեն պատահած ձկնատեսակ չներմուծեն լճում, այլապես երբեմն, ինչ ձեռքներն ընկնում է, բաց են թողնում լճում: Միակ ձկնատեսակը, որ մեր ինստիտուտի կողմից հավանության է արժանացել և առաջարկվել է բաց թողնել՝ սիգն է, որը բաց է թողնվել անցյալ դարի 20-30-ական թվականներին: Այն ժամանակ, սակայն, դա գիտականորեն հիմնավորված էր: Այսինքն՝ ուսումնասիրվել էր, թե նա ինչո՞վ է սնվում, ի՞նչ ձևով կազդի այլ տեսակների վրա, և այլն: Ձկան մնացած տեսակները՝ լճածածանը, հայկական տառեխը և այլն, հանցագործություն է բաց թողնելը:
– Ձեր ղեկավարած գիտական կառույցի նյութերի հիման վրա է պատրաստվում նաև Կարմիր գիրքը: Ի՞նչ խնդիրներ ունենք մենք կենդանիների առումով: Սևանա լճի խնդրից բացի, գուցե նաև այլ կարևոր խնդիրնե՞ր էլ կան:
– Շատ-շատ խնդիրներ կան ամեն տեղ: Վերջին Կարմիր գիրքը հրատարակվել է 2010թ., իսկ դրա նախորդը հրատարակվել էր 80-ական թվականներին: Համեմատության համար պետք է նշել, որ նախորդը վերջինի մոտ կես հաստությունն ուներ, իսկ դա նշանակում է, որ կենդանիների վիճակը բավական վատացել է, և շատ կենդանիներ վտանգված են այսօր: Այսինքն՝ որքան ցուցակը շատանում է, դա խոսում է այն մասին, որ վատացել է մեր վիճակը: Նշեմ, որ միջազգային պահանջներով՝ Կարմիր գրքի մեջ են մտել նաև անողնաշարավոր կենդանիները՝ միջատներ և այլն: Այն ժամանակ նման պահանջ չկար:
– Մեր երկրում ամենավտանգված կենդանիները որո՞նք են:
– Ամենավտանգվածների տարբեր ստատուսներ կան, օրինակ՝ անհետացած կենդանիներ, որոնք մեր իշխանի ենթատեսակներն են, հովազը, որը ներկայումս գրեթե վերացել է, մուֆլոններն են քչացել, թռչուններից շատ տեսակներ են պակասել: 10 տարի առաջ հազվադեպ էին կարողանում գտնել և նկարել այդ կենդանիներին, իսկ հիմա ընդհանրապես չեն գտնում: Գնալով մեր կենդանական աշխարհի վիճակը վատանում է: Դա վերաբերում է նաև բույսերին: Շատ տեղերում ևս մարդիկ սկսել են դեղաբույսեր հավաքել կամ ապրելավայր են դարձրել իրենց համար, այդ ամենը նույնպես ազդում է, քանի որ օդի, հողի աղտոտում է նկատվում: Այսինքն` մարդը ու այդ ամենը ազդում է, որպեսզի շատ բույսեր և կենդանիներ պարզապես վերանան:
– Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ մարդն է մեղավոր, նկատի ունեք սովորական քաղաքացո՞ւն, թե՞ պետությանը, կառավարությանը, որն ինչ-որ քայլեր պետք է նախաձեռնի:
– Եվ նա, և նա: Այսօր և վերահսկողությունն է ավելի թույլ, և մարդիկ են մեղավոր: Այստեղ շատ մեծ դեր ունի և, առաջին հերթին, նաև սոցիալ-տնտեսական վիճակն է իր դերը խաղում: Եթե խորհրդային տարիներին շատ մարդիկ ապահովված էին գոնե իրենց մինիմումով, հիմա շատերն ուղղակի ապահովված չեն: Օրինակ` ձկան պարագայում կարող եմ վստահորեն ասել, որ այն ներկայումս շատերի միակ եկամտի աղբյուրն է, իսկ ծառերի պարագայում` այն հաճախ կիրառում են` որպես վառելանյութ:
Սոցիալական պայմանները որքան ծանր են, այդքան բնությանն ավելի շատ է վնաս պատճառվում: Իհարկե, այս ամենի մեջ, թերևս, մեր կառավարության մեղքն էլ կա, քանի որ նրանք պատշաճ վերահսկողություն, թեկուզ և` այս դժվարին պայմաններում, չեն սահմանում: