Ստամբուլյան ջրանցքի նախագծի մասին մրցույթը կհայտարարվի մոտ ժամանակներս
МК-Турция-ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս մրցույթի կհանվի Ստամբուլյան ջրանցքի կառուցման նախագիծը: Այդ ջրանցնքն ունենալու է 50 կիլոմետր երկարություն, 300 մետր լայնություն և 25 մետր խորություն:
Ենթադրվում է, որ նախագծի աշխատանքների անցկացման մրցույթն անցկացվելու է արդեն իսկ 2013 թվականի առաջին եռամսյակին: Ստամբուլյան ջրանցքը միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը: Ջրանցքի կառուցումը միտված է Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության մեղմացմանը: Բացի այդ, ջրանցքի վրա կառուցվելու են ավտոճանապարհային ու երկաթուղային կամուրջներ:
Ստամբուլյան ջրանցքի կառուցումը հանդիսանում է 2011 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախընտրական խոստումներից մեկը:
Հիշեցնենք, որ 1990-ական թվականներից սկսած՝ Թուրքիան պայքարում է Սևծովյան նեղուցներով անցնող լցանավերի նվազեցման ուղղությամբ և զգալի առաջընթաց է գրանցել այդ ուղղությամբ: Դրան առաջին հերթին նպաստել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, որով ադրբեջանական նավթի զգալի մասը շեղվեց «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղից (հետագայում Սևծովյան նեղուցներով անցնելուց) և հասցվեց Միջերկրական ծով:
Մինչև 1998 թվականը թուրքական իշխանությունները պաշտոնապես նեղուցներն անվանում էին «սևծովյան»: Բոլոր փաստաթղթերում օգտագործվում էին «Բոսֆոր» և «Դարդանել» աշխարհագրական անվանումները, ինչը յուրօրինակ կերպով հաստատում էր նեղուցների կարգավիճակի ոչ ազգային լինելը: Սակայն 1998 թվականին նավարկության կարգում նեղուցներն անվանվեցին «թուրքական» և համարվեցին Ստամբուլ և Չանաքքալե (Դարդանել) քաղաքների նավահանգստային ջրեր:
Ի տարբերություն նեղուցների, որոնք համարվում են միջազգային ջրեր, Ստամբուլյան ջրանցքը կգտնվի բացառապես Թուրքիայի իրավասության ներքո: