«Ինտերակտիվ թատրոնը տարբեր թեմաներ բարձրաձայնելու հիանալի գործիք է». Հայկ Սեկոյան

Արդեն ավելի քան հինգ տարի է, Հայաստանում ստեղծվել և գործունեություն է ծավալում «Փոփոխությունների թատրոնը»: 168.am-ը զրուցել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ:

– Հայկ, ինչո՞ւ հենց՝ «Փոփոխությունների թատրոն»:

– Այն ամենն, ինչ անում ենք, ի վերջո, կատարվում է դրական փոփոխությունների հանգեցման հույսով:

– «Փոփոխությունների թատրոնից»  առաջ ինտերակտիվ թատրոն հասկացությունը մեզանում տարածվա՞ծ էր:

Կարդացեք նաև

– Տարբեր թատրոններում ինտերակտիվ երևույթներ միշտ էլ եղել են, բայց այն ձևով, որ ինտերակտիվությունը լինի ներկայացման ողջ հիմքն ու ձևը, մեզանից առաջ չի եղել:

– Ի՞նչ է իրենից ենթադրում ինտերակտիվ թատրոնը:

tatron1– «Ինտերակտիվ» բառը հայերեն թարգմանվում է՝ փոխներգործում: Այս բառն արդեն պատասխանում է Ձեր հարցին: Այսինքն` երկու կողմերն էլ` հանդիսատեսը և դերասաններն, իրար վրա փոխադարձ ներգործություն են ունենում: Ինտերակտիվ թատրոնն իրենից ներկայացնում է երկկողմանի փոխադարձ շփում և ազդեցություն:

– Ինտերակտիվ թատրոնը ժանրեր ունի՞:

– Ինտերակտիվ թատրոնը շատ լայն հասկացություն է և ունի բազմաթիվ ճյուղեր: Այն կարելի է օգտագործել բազմաթիվ ձևերով: Օրինակ` կարելի է օգտագործել՝ որպես զվարճանք կամ ծառայեցնել ինչ-որ նպատակի: Մեր դեպքում` բոլոր ներկայացումները հետապնդում են տարբեր նպատակներ: Ներկայացումներն ուսուցողական են, տարբեր թեմաների և խնդիրների շուրջ հրահրում են քննարկումներ: Ինտերակտիվ թատրոնը տարբեր թեմաներ բարձրաձայնելու հիանալի գործիք է:

– Դուք ի՞նչ թեմաներ եք բարձրաձայնում:

– Տարբեր թեմաների ենք անդրադառնում: Հիմնականում բարձրաձայնվում են այնպիսի թեմաներ, որոնց մասին ֆորմալ պայմաններում դժվար է խոսել: Օրինակ, ունենք ներկայացումներ, որոնք վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին: Ունենք նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքներին վերաբերող ներկայացումներ:

– Ո՞ր տարիքի մարդիկ են Ձեր հանդիսատեսը:

tatron4– Քանի որ մենք ունենք և՛ մանուկների, և՛ երիտասարդների  համար նախատեսված ներկայացումներ, մեր հանդիսատեսը և՛ դպրոցական տարիքի երեխաներն են, և՛ երիտասարդներն ու մեծահասակները: Վերջիններս քիչ են, ավելի շատ դպրոցահասակ երեխաներն են և երիտասարդները:

–  Հանդիսատեսը ներկայացումների ժամանակ ակտի՞վ է:

– Սկզբում մտավախություն կար, որ հանդիսատեսը կարող է ակտիվ չլինել, բայց հիմա իրավիճակը հակառակն է: Երբ մթնոլորտը թեժանում է, հանդիսատեսից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ բան ասել, դա կարող է ժամեր տևել: Հիմա հանդիսատեսի ակտիվությունը զսպելու համար տարբեր մեխանիզմներ ենք մշակում:

– Տոմսերն անվճար են, չէ՞:

– Մենք երբեք տոմս չենք վաճառել, միշտ անվճար է եղել:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք ֆինանսավորվում:

– Ֆինանսավորումը կատարվում է տարբեր կազմակերպություններից`  հիմնականում դրամաշնորհային սկզբունքով: Մեր գործընկերների ցուցակն այսօր բավականին մեծ է:

– Իսկ Մշակույթի նախարարությանը երբևէ դիմե՞լ եք:

tatron3– 2009 թվականին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցինք «Ինտերակտիվ թատրոնների միջազգային փառատոն», որն իր բնույթով փոքրիկ, բայց յուրատեսակ փառատոն էր: Երբ հետագայում ցանկացանք փառատոնը շարունակել, մի քանի անգամ դիմեցինք Մշակույթի նախարարությանը, բայց տեսնելով, որ օգուտ չկա, այլևս նրանց դիմելու միտք չունեցանք:

– Այս պահի դրությամբ քանի՞ ներկայացում ունեք:

– Մանկական ներկայացումները թվով քսանն են, բայց խաղալու պատրաստ են յոթ ներկայացումներ:

– Նոր ներկայացումներ սպասվո՞ւմ են:

– Մեզ մոտ շատ անորոշ է: Երբ ֆինանսավորումը հաստատվում է, այդ դեպքում միայն մենք կարողանում ենք ինչ-որ բան անել: Տարբեր ծրագրեր, հետաքրքիր մտքեր ունենք, բայց թե երբ դրանք կիրականացնենք, պարզ չէ: Նպատակ ունենք մեր նախորդ ներկայացումները, որոնք քիչ ենք խաղացել, վերսկսել:

– Ամանորյա ներկայացումներ ունեցե՞լ եք:

– Ճիշտն ասած` ոչ, բայց ցանկություն կա: Մենք, իհարկե, ժամանակ առ ժամանակ կամավորության սկզբունքով ինչ-որ բաներ ենք անում, բայց իրականում դա քիչ է: Մեր գործունեության հիմնական մասը կախված է ֆինանսավորումից:

Տեսանյութեր

Լրահոս