Տեր-Պետրոսյանը գնում է Ծառուկյանի ճանապարհով

Չնայած Հայ ազգային կոնգրեսում առկա խմորումներին ու այդ կառույցի պառակտման մասին բոլոր կանխատեսումներին, Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է ՀԱԿ-ը պահպանելու համար: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն իր մերձավոր շրջապատին համոզում է, որ նախագահական ընտրություններում չառաջադրվելը դեռ չի նշանակում՝ քաղաքականությունից դուրս գալ, և, որ քաղաքական իրական պայքարը սկսվելու է ընտրություններից հետո:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր վերադարձի հնարավորության մասին ակնարկել է իր չառաջադրվելու թեմայով տրված հարցազրույցում, որտեղ` խոսելով այն մասին, որ ինքը չի առաջադրվում 68 տարեկան լինելու պատճառով, ավելացրել է, թե կան պատմական օրինակներ, երբ ավելի մեծ տարիք ունեցող գործիչներն էլ են առաջադրվել` Չերչիլ, Ադենաուեր, Դը Գոլ, Շևարդնաձե կամ Հեյդար Ալիև: Բայց, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի,  դա նրանք արել են արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն էլ՝ նույնիսկ Սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին մի շարք հիմնավորումներ է ներկայացնում այն մասին, որ ընտրություններից կարճ ժամանակ անց Հայաստանի վիճակը խիստ վատանալու է, Սերժ Սարգսյանին ստիպելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել, ինչի արդյունքում ստեղծվելու է կառավարելիության բացակայության և քաոսային իրավիճակ, որն էլ իր հերթին՝ առաջացնելու է կոնսոլիդացնող առաջնորդի, իմա` Տեր-Պետրոսյանի վերադարձի հասարակական պահանջ:

Այդ նկատառումներից ելնելով էլ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամեն կերպ, անգամ ՀԱԿ-ում դեռևս մնացած կուսակցությունների դուրս գալու գնով, դե յուրե պահպանել Կոնգրեսը: Տեր-Պետրոսյանի հաշվարկն այն է, որ նույնիսկ բոլոր ուժերի ու անհատների հեռանալու դեպքում ՀԱԿ-ում կմնան ՀՀՇ-ն ու մի քանի ՀՀՇ-ականներ, որոնք էլ կդառնան նրա հենարանը` հնարավոր վերադարձի պարագայում:

Ի դեպ, այս «մարտավարությամբ» Լևոն Տեր-Պետրոսյանը նմանվում է իր քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով ևս, ինչպես տեղեկացրել ենք, իր թիմակիցներին համոզում է, որ ամեն ինչ դեռ առջևում է և պետք է պատրաստվել պայքարի:

Տարբերությունն այն է, որ Ծառուկյանը, թեկուզ և՝ անհավանական, բայց գոնե ավելի որոշակի իրադարձության` Երևանի ավագանու ընտրությունների հետ է կապում իր քաղաքական ուժի «հաջողությունը», այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի հիմնավորումներն ավելի շատ քաղաքական մեղմասացությունների են նմանվում:

Ավելի մանրամասն` կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս