Լյարդի կենսառիթմերը հակասության մեջ են գիշերային կերուխումի հետ
Լյարդը մեր օրգանիզմում ամենամեծ գեղձն է, լյարդի բջիջները մասնակցում են ավելի քան 50 տարբեր կենսաբանական ռեակցիաների։ Նշենք մի քանի առավել կարևորագույնները.
- տրոհում է սննդի մեջ պարունակվող ճարպը,
- արտադրում և կարգավորում է խոլեստերինի մակարդակը,
- կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի, նաև միկրոտարրերի և այլ օգտակար նյութերի փոխանակման գործընթացը,
- յուրաքանչյուր 3 վայրկյանի ընթացքում լյարդի բջիջները վնասազերծում են մոտ 1 միլիոն վնասակար բակտերիաներ և թունավոր մոլեկուլներ՝ ձևափոխելով այդ նյութերն օրգանիզմի համար ոչ վնասակար միացությունների, որոնք լուծվելով ջրի մեջ՝ դուրս են բերվում երիկամների, աղիների և մաշկի միջոցով,
- լյարդում է մթերում հեմոգլոբինը, որի միջոցով օրգանիզմի բջիջները սնվում են թթվածնով,
- լյարդն է ջերմացնում արյունը, որն ապահովում է մեր մարմնի բնականոն ջերմությունը,
- լյարդի բջիջներում են արտադրվում այն նյութերը, որոնց շնորհիվ ապահովվում է արյան անհրաժեշտ խտությունը և մակարդելիության մակարդակը,
- լյարդում կուտակվող գլիկոգենի պաշարը որոշ ժամանակ կարող է սնել ինչ-որ պատճառով քաղցի մատնված օրգանիզմը։
Այս ցանկը շարունակելի է…
Այժմ կենսառիթմերի մասին. լյարդի ակտիվ ժամերն են 23-ից մինչև գիշերվա 4-ը։ Այս ժամանակահատվածում է այն կատարում իր «պարտականությունները» և այդ ժամանակը համընկնում է Ամանորի տոնակատարության հետ։ Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչու են ասում, որ տոնն ուրախանալու, այլ ոչ թե սնունդը և խմիչքը չարաշահելու համար է։
Կան խոտաբույսեր, որոնք նպաստում են լյարդի բնականոն աշխատանքին, դրանցից են անմեռուկը, եղերդակը, եգիպտացորենի մազմզուկները, մատիտեղ թռչնի խոտը, եղինջը, խատուտիկի բոլոր մասերի հյութը, և այլն։ Բոլոր նշված բույսերը նկարագրված են մեր թերթի նախորդ համարներում։
Առանձնակի ուշադրության է արժանի կաթնափուշը, որից ստացված թուրմը, եփուկը, յուղամզվածքը և բույսի հիմքի վրա արտադրվող դեղահաբերը և օշարակը ոչ միայն պաշտպանում են լյարդի բջիջները քայքայումից, այլև նպաստում են դրանց վերականգնմանը։ Կաթնափշից ստացված պատրաստուկները նվազեցնում են ալկոհոլի, սննդի հետ և շրջակա միջավայրից ներմուծվող թունավոր նյութերի վնասակար ազդեցությունը, պաշտպանում են օրգանիզմը ռադիացիայից. ունեն հակաուռուցքային` հակաօքսիդանտ, հակաբորբոքային, վերքամոքիչ, հակամանրէ, հակասնկային ազդեցություն։
Կաթնափուշը նպաստում է լեղու արտադրությանը լյարդում և դրա արտազատմանը աղիների մեջ, ինչի շնորհիվ արագանում է ճարպի տրոհումը, նպաստում է նյութերի փոխանակման գործընթացին և կանխարգելում գիրացումը։
- կես թ/ գ հավանգում տրորած կամ փոշիացրած կաթնափշի սերմը լուծեք 1 ճ/գ գոլ ջրի մեջ, խմեք օրը 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։ Լյարդի կենսագործունեությունը լավացնող, ինչպես նաև այլ դեղորայքն ընդունելու լավագույն ժամանակահատվածներն են ժ. 8-13-ը և 18-20-ը. այս ժամերին լյարդը հանգստանում է։
Հ.Գ. Ջուլիետա Սահակյանի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը կարող եք ձեռք բերել «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նաիրի» գրախանութներում։