Որոշ դեղերի թանկացման գլխավոր մեղավորը նաև փոխարժեքն է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն մասին, որ դեղերը թանկացել են, և ուսումնասիրություն է իրականացրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ Վերլուծական վարչության գլխավոր մասնագետ Մանուկ Միքայելյանը:

«Վերցրել ենք 20 սոցիալապես առավել կարևոր նշանակության դեղամիջոցներ ու փորձել ենք դրանց գները դիտարկել, հասկանալ՝ ովքեր են ներկրել, ինչ գներով են իրացնում»,- ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի ավարտվել, բայց հնարավոր է ստացված արդյունքներից որոշ եզրակացություններ անել. «Միտումը հետևյալն է եղել. 2011-ի տարեսկզբին  եղել են ֆիքսված որոշ գներ, օրինակ`Անալգին 0,5 գրամ հաբ Ն10  դեղամիջոցի գինը տարեսկզբին եղել է 73-74 դրամի սահմաններում: 2012-ի տարեսկզբից  որոշակի գնանկում է եղել, 74 դրամից դարձել է 66-67 դրամ: Հետո հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նորից գների բարձրացում է նկատվել՝ հասել է 75-76 դրամի»: Ըստ   Մանուկ Միքայելյանի՝ քաղաքացիների մոտ տպավորվել է, որ գների աճ է եղել, քանի որ նրանք հակված չեն ուշադրություն դարձնելու գների նվազմանը, իսկ գների աճը միանգամից գրավում է նրանց ուշադրությունը:

«Բայց պետք է ասեմ, որ գրեթե բոլոր դեղերի հետ կապված այս միտումը նկատվել է: Իհարկե, կան նաև դեղեր, որոնց գների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ որոշների գները նվազել են, որոշներինն էլ`աճել: Օրինակ`Պլավիքսը եթե նայենք, 75 միլիգրամ դեղահաբերը 2011-ի հունվարի-փետրվար ամիսներին դրա միավորի գինը եղել է 14.900-15.400 դրամ: Դրան 2011-ի հուլիս-օգոստոսի տվյալներով հետևել է գների բարձրացում, դեղը վաճառվել է 16.800 դրամով, հասել է մինչև 17.000 դրամի: 2012-ի հունվար-փետրվար ամիսներից սկսել է գինը նվազել, հիմա դեղի գինը տատանվում է 9600-9700 դրամի սահմաններում»,- ասաց ՏՄՊՊՀ Վերլուծական վարչության գլխավոր մասնագետը:

Կարդացեք նաև

Ըստ Մանուկ Միքայելյանի՝ նշված տվյալները շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների տվյալներն են: Այժմ հանձնաժողովն աշխատանքներ է կատարում՝ հասկանալու համար՝ որքանո՞վ են այդ փոփոխություններն ադեկվատ եղել և հիմնավորվա՞ծ են արդյոք տնտեսական գործոններով, թե՞ ոչ.

«Դոլարի կուրսը կարող է ազդել գների վրա, կարող են ազդել նաև դեղերի միջազգային գները: Այժմ հանձնաժողովը փորձում է ճշտել այդ պատճառները»: Մասնագետի խոսքով`եթե ՏՄՊՊՀ-ն պարզի, որ գների թանկացումը հիմնավորված չէ տնտեսական գներով, ապա դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում՝ իր բոլոր հետևանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս