Արամ Սարգսյանը չմտավ խաղի մեջ
Այսօր կայացած համագումարում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Դա, ըստ էության, սպասված որոշում էր, թեև ընդդիմադիր այդ կուսակցությունում մինչև վերջին պահն էլ կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ Սարգսյանը պետք է առաջադրվեր: Թե որքանով նրա որոշումը կբավարարի կուսակցության անդամներին ու համակիրներին, այլ հարց է, բայց Արամ Սարգսյանը կայացրեց ներկայիս քաղաքական իրողություններում, թերևս, ոչ լավագույն, բայց ռացիոնալ որոշումը:
Ներկայիս պայմանններում նրա առաջադրումն օբյեկտիվորեն նպաստելու էր իշխանության` Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: «Հանրապետությունը» դուրս էր եկել ՀԱԿ-ից՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ու եթե Արամ Սարգսյանն առաջադրվեր, որպես սկզբունքային քաղաքական գործիչ՝ շարունակելու էր նախընտրական շրջանում խոսել ԲՀԿ-ի հետ համագործակցության անթույլատրելիության մասին, որը, ինչպես պարզվեց, դարձել է ՀԱԿ-ի հենման կետը, քաղաքական գործունեության գրեթե միակ իմաստը:
Արամ Սարգսյանը գերադասեց չմտնել այս` արդեն իսկ հայտնի ելքով խաղի մեջ, ի տարբերություն իրենց ընդդիմադիր համարող շատ մանր ու միջին կուսակցությունների, որոնք միայն խաղի մեջ մնալու նպատակով չեն բացառում անգամ հանրության մոտ խինդ ու ծիծաղ առաջացնող գործիչների առաջադրումը:
Արամ Սարգսյանը` ընտրություններում չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու որոշմամբ անուղղակիորեն վերահաստատեց Հայաստանի քաղաքական դաշտի դեգրադացվածությունը, քաղաքականության մեջ գաղափարի, սկզբունքի վախճանը: Անկախ Արամ Սարգսյանի ու նրա ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, անկախ նրանց գործունեության, քայլերի գնահատականներից, պետք է արձանագրել, որ Արամ Սարգսյանը Հայաստանում եզակի քաղաքական գործիչներից է, ով կարողացել է վեր կանգնել անձնական ամբիցիաներից ու հանուն գաղափարների, հանուն ինչ-որ նպատակի՝ պաշտպանել է այլ քաղաքական ուժերի ու գործիչների:
Ընդ որում, այդպես վարվել է երկու անգամ` 2003 թվականին՝ պաշտպանելով Ստեփան Դեմիրճյանին, 2008 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանին: Լա՞վ է արել դա, թե՞ վատ, միանգամայն այլ հարց է: Տվյալ դեպքում կարևորն այն է, որ իր գործունեությամբ Արամ Սարգսյանը ցույց է տվել, որ կարող է անձնական ու կուսակցական շահերը ստորադասել ընդհանուր նպատակներին ու սկզբունքներին:
Այսօր` կրկին չառաջադրվելով ու որևէ մեկին չպաշտպանելով, Արամ Սարգսյանն ակամա հաստատեց, որ Հայաստանում այլևս չկա գաղափար ու այդ գաղափարը կրող գործիչ, ով կարող է պայքարել «ավազակապետության դեմ»: Արամ Սարգսյանը տուրք չտվեց նաև քաղաքական քաղաքավարությանը ու չհայտարարեց, որ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինքը մի կողմ կթողնի տարաձայնություններն ու կսատարի նրան: Նա այդպիսով, թերևս, փորձեց ուղղել իր սխալները, որոնց մասին խոստովանեց նաև այսօրվա համագումարում: