Այվազովսկին նկարել է 6000 կտավ, բայց այսօր աշխարհում գոյություն ունի Այվազովսկու 12.000 նկար
Այսօր մասնագետները «գլուխ» են ջարդում 6000 բնօրինակները կեղծ նկարներից զատելու ուղղությամբ: Ի դեպ, նկարների ընդօրինակումները կատարվել են հենց Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում՝ իր իսկ աշակերտների կողմից, նկարչի կենդանության օրոք: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ գլխավոր նկարիչ, ռեստավրատոր, «Ա.Ա. աուկցիոն» աճուրդային կենտրոնի փորձագետ-վերականգնող Համլետ Մաթևոսյանը:
Աշխարհի մեծ և փոքր թանգարաններում միանշանակ և անհրաժեշտաբար գոյություն ունեն վերականգնման բաժիններ՝ լաբորատորիաներ, արհեստանոցներ, որտեղ արվեստի, այսպես ասած՝ «հիվանդ» ստեղծագործությունները ենթարկվում են մասնագիտական միջամտության: Ռեստավրատորի մասնագիտությունն առնչվում է արվեստի բոլոր ստեղծագործությունների հետ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Ի տարբերություն, օրինակ՝ եվրոպական երկրների, որտեղ պարտադիր բոլոր թանգարաններում, գալերեաներում, աուկցիոն կենտրոններում ներգրավված են ռեստավրատորներ՝ Հայաստանում այդ մասնագիտությունը կրողները բավական քիչ են, և նրանք հիմնականում աշխատում են մայր թանգարանում՝ համագործակցելով փոքր թանգարանների հետ:
Ի դեպ, որոշ երկրներում, անգամ Ռուսաստանում գոյություն ունեն Վերականգնման և գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ նկարների հետազոտություն են իրականացնում և դրանք վերականգնում են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առաջիկա տարիներին նախատեսվում է մայր թանգարանի Վերականգնման բաժնին կից կամ համատեղ նույնպես ստեղծել Գիտահետազոտական ինստիտուտ:
Գիտահետազոտական ինստիտուտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նկարներից շատերը մինչ վերականգնումը հետազոտման կարիք ունեն: Հատկապես, երբ նշված չէ հեղինակի անունը, չկա ստորագրություն, ապա մասնագետների կողմից ճշտվում է՝ ո՞ր ժամանակաշրջանի ստեղծագործություն է, ո՞վ է հեղինակը, նկարը կե՞ղծ է, թե՞ բնօրինակն է, և այլն: Այս ամենը, բնականաբար, միմիայն արվեստաբանական և տեխնոլոգիական լուրջ հետազոտությունների արդյունքում կարելի է պարզել: Այլ կերպ ասած՝ գիտահետազոտական ինստիտուտներում կատարվում է նկարի ախտորոշում: Հայաստանում վերջերս ստեղծված «Ա.Ա. աուկցիոն» աճուրդային կենտրոնում գործող փորձագիտական խմբում նաև ներգրավված է մեր զրուցակից Հ. Մաթևոսյանը:
Այսինքն՝ ի դեմս «Ա.Ա. աուկցիոն» կենտրոնի, մեզանում ներդրվել է մի ինստիտուտ, որտեղ նկարները վաճառվում են բացառապես մասնագիտական հետազոտությունների ենթարկված, օրենսդրական փաստաթղթային փաթեթով, հավաստագրով նկարները: Նշենք, որ Հայաստանում սակավաթիվ ռեստավրատորները կրթություն են ստացել Մոսկվայի Գրաբարի անվան ինստիտուտում՝ ստանալով բարձր կարգի վերականգնողի կոչում: Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ գլխավոր նկարիչ, ռեստավրատոր, «Ա.Ա. աուկցիոն» աճուրդային կենտրոնի փորձագիտական խմբի մասնագետ Համլետ Մաթևոսյանի հետ մեր զրույցն արվեստի ստեղծագործությունների ռեստավրացիայի մասին է:
– Ինչպիսի՞ աշխատանքներ է կատարում ռեստավրատորը:
– Նկարի վերականգնման աշխատանքում երկու գլոբալ ուղղություն կա՝ կոնսերվացում և վերականգնում: Երբ նկարը ժամանակի ընթացքում սկսում է խարխլվել, ծերանալ, որը բնական գործոնն է՝ նրա նկարտմամբ անմիջական վերականգնման գործընթաց չի կատարվում: Հատուկ նյութերով, տեխնոլոգիայով միջամտում ենք տեխնիկական հանգամանքները վերացնելու համար, որպեսզի նկարի վիճակը հետագայում ավելի չվատթարանա: Պահպանվի՝ ինչպես որ կա: Եթե նկարի արտաքին շերտը լիովին պահպանված է, ներկի կորուստներ չկան, այցելուների համար տեսանելի է, ապա դա չի նշանակում, որ նկարը 100%-անոց լավ վիճակում է:
Միայն մասնագետները կարող են հայտնաբերել անտեսանելի ճաքերը, որոնք տարիներ անց կարող են խորանալ, ներկաշերտի կորուստներ առաջացնել և, ինչպես ասում են, «հիվանդը» կարող է ծանր վիճակում հայտնվել: Այսինքն, երբ կոնսերվացման աշխատանքներն ուշացած են լինում՝ արդեն վերականգնման աշխատանքների անհրաժեշտություն է առաջանում: Երկու հանգամանք կա՝ ժամանակի գործոնը, որն անխուսափելի է, քանի որ դարերի, տարիների ընթացքում նկարը վնասվում է, կամ պահպանության անբարենպաստ պայմանների պատճառով կտավը, ներկը ծերանում են, և նկարը խարխլվում է:
Այս պարագայում առաջանում են նկարի ներկաշերտի հեղինակային կորուստներ, որոնք անփոխարինելի արժեքներ են: Եվ կա մարդկային գործոնը, որի կարևոր հանգամանքներից է նկարի պահպանությունը կամ անփույթ վերաբերմունքը: Օրինակ՝ գոյություն ունեն կտավի հետ կապված հիվանդություններ: Փոքր-ինչ խոնավությունից կարող է առաջանալ սնկային հիվանդություն, հիմնաշերտի քայքայվածություն, ներկաշերտի ճաքեր, թափվածքներ, և այլն: Մինչև վերականգնումը հատուկ եղանակներով կատարվում է կոնսերվացում, այնուհետև հասնում ենք արտաքին՝ տեսանելի շերտին: Այնպես որ, մինչև արտաքին շերտին հասնելն 80% աշխատանք է կատարվում:
– Դուք նաև աշխատում եք Մշակութային արժեքների պահպանության գործակալությունում, որտեղ նկարներն արտահանման ժամանակ գնահատվում են, սերտիֆիկացվում են: Նաև «Ա.Ա. աուկցիոն» աճուրդային կենտրոնի հետ եք համագործակցում: Հայաստանում կեղծ նկարների շրջանառությունը մե՞ծ է:
– Այո, մասնագիտությանս կից մասնագիտություն է: Առանց վերականգնողի, ռեստավրատորի` հնարավոր չէ պահել արվեստի շատ ստեղծագործություններ, որովհետև մինչև նկարների կոնսերվացումը և վերականգնումը մենք մասնագիտական գիտելիքներ ենք ստացել կտավների հնության, գործվածքների մասին՝ թե ո՞ր ժամանակաշրջանում՝ ի՞նչ կտավներ են գործվել, ի՞նչ գրունտ հիմնաշերտեր են, քիմիական ի՞նչ նյութեր են օգտագործվել, և այլն: Այսինքն՝ մինչև այս ամենը չիմանանք՝ վերականգնում չենք կարող անել: Այստեղ առաջ է գալիս երկրորդ մասնագիտությունը՝ փորձաքննությունը:
Ես համագործակցում եմ «Ա.Ա. աուկցիոն» կենտրոնի հետ՝ որպես փորձագետ, ռեստեվրատոր: Սա մի կենտրոն է, որտեղ նկարներն անցնում են փորձաքննություն և ունեն հավաստագիր: Այսօր շուկայում տեսնում եք` ի՞նչ է կատարվում: Բնականաբար, նկար է և առևտուր։ Ամենուր՝ և Վերնիսաժում, և մեծ և փոքր գալերեաներում կարող են վաճառվել կեղծ գործեր: Սխալվում է ինչպես` վաճառողը, այնպես էլ՝ գնորդը, ուստի մեր միջամտությունը շատ անհրաժեշտ է: Մեր փորձաքննությունը կանխում է կեղծ նկարների վաճառքը: Շատ կարևոր է, որ նկարի գնորդը հավաստագիր ստանա նկարի մասին, որը պետք է ասի արվեստաբանը՝ մեզ հետ միասին:
Մենք պարզում ենք, թե իսկապե՞ս համապատասխանում է կտավի հնությունը, ստորագրությունը, ձեռագիրը, կամ արդյոք այդ ստորագրությունը հեղինակի՞նն է, թե՞ հետո են ավելացրել նկարի վրա: Պարզում ենք ներկի հնությունը, չորացման աստիճանը, և այդ ամենից հետո մեր եզրակացությունն ենք տալիս: Այդպիսով հաստատվում է նկարի ինքնությունը: Այսինքն՝ փորձաքննություն անցած նկարը գնելիս` գնորդը վստահ է, որ այն կեղծ չէ: Այդ փաստաթուղթը հանդիսանում է նկարի անձնագիրը: «Ա.Ա. աուկցիոն» կենտրոնի ստեղծումը քաղաքակիրթ երկրներում գործող մոդելը Հայաստանում ներդնելու կարևորագույն քայլն է: Նախկինում դա առևտուր էր, որտեղ նկարները տանում, բերում, կեղծում, վնասում էին: Հիմա, հանձինս այդ կենտրոնի, մտել ենք շատ քաղաքակիրթ մի օջախ, որտեղ մինչ նկարի ցուցադրությունը, մատուցումը կամ վաճառքը՝ ներկայացվում է փաստաթուղթ:
Այսինքն՝ դա նույնն է, երբ մարդը մի երկրից մյուս երկիր է գնում, և նայում են իր անձնագրին: Նույնը նկարի դեպքում է: Գնորդը հավաստագիր ունենալով՝ ապահովագրվում է կեղծիքներից: Ենթադրենք, մարդը գնում է Մարտիրոս Սարյանի նկարը, որն ունի հավաստագիրը: Փաստաթղթերով հաստատվում է, որ այո, նկարը պատկանում է Մ. Սարյանին, վիճակը բավարար է, նշված է լինում, թե նախկինում ինչ գործողություններ են կատարվել, մի խոսքով՝ բոլոր հաստատագրված փաստերը ներկայացվում են գնորդին:
Շատ բարդ ոլորտ է, որովհետև բազմաթիվ նկարներ կեղծվում են նույնիսկ հեղինակի կենդանության օրոք, ընդ որում՝ հեղինակի աշակերտների կողմից:
Այսինքն՝ ժամանակը, ներկերը, կտավը, ամեն ինչ համապատասխանում է հեղինակի գործին, քանի որ լինելով նրա աշակերտը, վարպետից ուղնուծուծով սովորել է, և մեզ համար ամեն ինչ բարդանում է: Այվազովսկին նկարել է 6000 կտավ, բայց այսօր աշխարհում գոյություն ունի 12.000 նկար: Հիմա «գլուխ» են ջարդում, որպեսզի այդ 12.000-ից զատեն 6000-ը: Ընդ որում, դրանք կատարվել են Այվազովսկու արվեստանոցում՝ իր աշակերտների կողմից և իր կենդանության օրոք:
– Իսկ նկարը կեղծելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսվո՞ւմ է: Ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվում:
– Ոչ, չկա: Ընդօրինակելու հետ կապված որոշակի օրենդրական պահանջներ կան, համաձայն որոնց՝ ընդօրինակելիս պարտավոր ես չափերի որոշակի փոփոխություն կատարել, չմակագրել, հակառակ շրջերեսին գրել ընդօրինակման ժամանակաշրջանը, և այլն: Այսինքն՝ այդ ամենը ենթադրում է, որ նկարը հետագայում չի դառնա առևտրի կամ կեղծարարության աղբյուր: Ինչպես համաշխարհային շուկայում, այնպես էլ մեր երկրում կեղծելու կամ չկեղծելու շրջանակը շատ բարդ է, դրա համար աուկցիոններում, գալերեաներում որքան շատ ներգրավված լինեն համապատասխան մասնագետները, այնքան սխալվելու հավանականությունը քչանում է և՛ վաճառողի, և՛ գնորդի համար:
– Զարմանալի է, որ ուրիշի մտավոր սեփականության այդօրինակ յուրացումը հանցատեսակ չի համարվում:
– Այո, բայց դա դարերի խորքից եկած երևույթ է: Մշակութային արժեքների պահպանության գործակալություն օրական կարող են 10 նկար բերել, որոնցից 5-ը կեղծ է լինում:
– Եթե հայտնաբերում եք, որ կեղծ է, ի՞նչ գործողություններ են հետևում:
– Ասում ենք՝ կեղծ է, և վերադարձնում ենք այն: Չկա պատասխանատվություն կրող, որովհետև, եթե պատասխանատվության ենք կանչում կոնկրետ մարդուն, ապա նա կարող է ասել, որ ես 10 տարի առաջ այդ նկարը գնել եմ ու, փաստորեն, ես էլ եմ խաբվել: Այսինքն՝ մենք բացահայտում ենք և հետ ենք ուղարկում: Օրինակ՝ «Ա.Ա. աուկցիոն» կենտրոնը համագործակցում է մեզ հետ, և սխալվելու հավանականություն չկա, բայց մեկ ուրիշ գալերեա կարող է սխալվել, որովհետև մասնագետ չեն, իրենք նկարը գնել են և վաճառում են մեկ ուրիշին:
Գնորդը գալիս, ասում է, որ` կեղծ նկար եմ գնել, բայց նա էլ ասում է՝ ես մասնագետ չեմ, ես էլ եմ գնել: Սա քաղաքակիրթ աշխատաոճ չէ: Ցանկացած գալերեա, աուկցիոն կենտրոն, թանգարան պետք է ունենա մասնագիտական մեծ փորձ: «Սոթբիսը» հսկայական ծախսեր է կատարում, որպեսզի հաստատվի նկարի ինքնությունը: Այդ պարագայում մարդը գնում է աճուրդին մասնակցելու՝ 100%-անոց հույսով, որ ձեռք կբերի նկարչի բնօրինակը՝ իր հավաստագրով: