Հայագիտական գրականությունը՝ կոշիկի տուփում
2012թ. ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հայագիտության զարգացման հայեցակարգին: Նպատակն այսպես է ձևակերպված. «Պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի»: ՀՀ «Տարվա Ուսուցիչ» (1993), բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը և պատմական գիտությունների թեկնածու, ազատ լրագրող Գրիգոր Յազըճյանը (ի դեպ, գիտական իր աստիճանից պարոն Յազըճյանը հրաժարվել է` իբրև բողոք հայաստանյան հայագիտության մեջ հայոց լեզվի անարգման) միաբերան վկայում են` պետությունը լուրջ ոչինչ չի անում` հայագիտությունը զարգացնելու ուղղությամբ:
– Հայագիտությունը հռչակված է` որպես առաջնահերթություն: Դուք այս ոլորտում եք ո՛չ մեկ տասնամյակ: Հայերենը պաշտպանված է սահմանադրությամբ, հայագիտությունը` «Լեզվի մասին» օրենքով: Հայագիտության թեման գիտաժողովներ հրավիրելու ամենահարմար առիթն է: Հետևաբար, պիտի որ բոլոր հիմքերը լինեն` պնդելու, որ հայագիտությունը մեծ թափով զարգանում է:
Գրիգոր Յազըճյան– Գեղեցիկ ծրագրեր շատ են գրվել: Հիշում եմ` հայագիտական գիտաժողովներից մեկում որոշում ընդունվեց ստեղծել աշխարհի հայագիտական ամբիոնների տեղեկատվական բանկ, հայագիտական էլեկտրոնային մի պարբերական, և այլն: Այդ որոշումներից որևէ մեկը չի իրագործվել: Պետականորեն նշում ենք հայ տպագրության 500-ամյակը, բայց պետությունն անգամ պետական գրադարանների համար արտասահմանից ստացվող հայերեն գրականության համար մաքս է վերցնում: Հայագիտական հանդեսները Հայաստան բերելու համար մարդիկ մեծ գումարներ են վճարում փոստային ծառայություններին:
Մարգարիտ Խաչատրյան– Հաճախ ստիպված են կոշիկի տուփի մեջ բերել…
Գրիգոր Յազըճյան– Պետությունն անգամ չի կիրառում «Լեզվի մասին» օրենքի 5-րդ հոդվածը. «ՀՀ-ն խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատուների, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»: Ժամանակին նամակ գրեցի Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանին` հարցով` գոնե մեկ օրինակով ցույց տալ, թե ինչպես է պետությունն իրականացրել օրենքի այս հոդվածը: Նա պատասխանեց. «Ցավոք, այդ օրենքը մնացել է հռչակագրային»:
Մարգարիտ Խաչատրյան– Ի վերջո, հայագիտության ոլորտում աշխատողները պիտի աշխատավարձ ունենան: Երբ չկա ընդհանուր հեռանկար, ամենօրյա տքնանքդ դառնում է անիմաստ: Սիրիայում պետությունը հենց հիմա հովանավորում է իր տարածքում իր մշակույթին առնչվող ամեն ձեռնարկ: 2010 թ. Արամ Հայկազի նամակները հրատարակելու գործում ինձ օժանդակեց «Համազգայինի» Դեթրոյթի մասնաճյուղը: Ցայսօր պահում եմ գրքի 100 օրինակ, որ ուղարկեմ նրանց: Դիմել եմ հնարավոր բոլոր ատյաններին և ստացել կարճ մի պատասխան. «Իրենց պետք է, իրենք էլ թող վճարեն»:
– Նկատեցիք, որ հայագիտությունը չի ֆինանսավորվում ինչպես հարկն է, պետությունն առհասարակ հայագիտությունը փորձում է զարգացնել գեղեցիկ հայեցակարգերով միայն, սակայն դուք երկուսդ էլ, գիտեմ, զբաղված եք հայագիտությամբ` ինքնուրույն:
Մարգարիտ Խաչատրյան– Ես գտել եմ իմ ծառայության կետը` Սփյուռքի գրականության մի անկյունը, ուր փորձում եմ օգտակար ինչ-որ բան անել: Տասնամյակների ընթացքում հավաքած նյութս եմ ափսոսում: Օրերս տպարանից վերցրի Արամ Հայկազի «Մոռացված էջեր» շարքի Գ և պատմվածքների հատորների սրբագրված շարվածքը, որ վերջին անգամ ստուգելուց հետո հրատարակվեն:
– Որտեղի՞ց այն միջոցները, որոնցով գրքեր եք հրատարակում աշխատավարձ ստացող բանասերներդ: Եվ ինչո՞ւ պետությունից ակնկալել այն, ինչ, առանց նրա միջամտության էլ, կարծես, անում եք:
Մարգարիտ Խաչատրյան– Երբ պետությունը խոսում է գիրքդ հովանավորելու մասին, հետո այդ գումարը ստանալու համար գնում ես դատարաններ, ինչի՞ մասին է խոսքը: Երեք փուլ պարտվելուց հետո պարզվում է, որ երկրումդ արդարությունը որևէ մեկին պետք չէ: Մնում է մի տարբերակ՝ գտնել Գևորգ Յազըճյանի նման հայրենասեր մեկին, ով կխմբագրի աշխատանքդ անվճար: Դու էլ գիշերները պետք է թարգմանություններով զբաղվես, մի քանի ամսում հայթայթես այդ 500-600 000 դրամը, գտնես «Տիգրան Մեծի» տնօրենի պես բարեխիղճ հրատարակչի, և գիրքը լույս կտեսնի: Եվ այսպես` պարբերաբար: Եթե կարողանում ես տարին ավարտել գոնե մեկ գրքով, ուրեմն՝ փառք ու պատիվ քեզ:
– Բայց գալիս է մյուս հարցը` վաճառել գիրքը:
Մարգարիտ Խաչատրյան– Այո՛: Գրքի 500 օրինակը տպարանից վերցրնելուց հետո ի՞նչ պիտի անես: Բնականաբար, բաժանում ես, նվիրում, որովհետև գիրք վաճառելն անմտություն է մեր երկրում: Երդվել եմ Արամ Հայկազի պատմվածքների ժողովածուն վաճառել: Երդմանս հավատարիմ կմնամ, բայց այդ 500 օրինակ գիրքը քանի՞ տասնամյակում կվաճառեմ, չգիտեմ: Սա է իրականությունը. փող ունեցողին գիրքը չի հետաքրքրում, գրքով հետաքրքրվողն էլ փող չունի:
Գրիգոր Յազըճյան– Սիրիայում գրախանութներն ազատված են բոլոր տեսակի հարկերից, վճարում են միայն կոմունալ ծախսերը: Բայց պետությունը պայման է դրել` պետք է վաճառեն գրքեր և ոչ թե գրենական պիտույք: Հարկերից ազատումը տարածվում է միայն արաբերեն գրքեր վաճառող գրախանութների վրա: Մարդիկ խրախուսում են պետական լեզուն, ազգային մշակույթն ու գիտությունը:
Մեր Ազգային գրադարանը վերջին ամիսներին Սիրիայի մշակույթի նախարարությունից ստացել է նախարարության միջոցներով տպագրված շուրջ 85 անուն արաբերեն գիրք` իբրև նվեր. զգալի մասը տպված անցյալ և այս տարի` պատերազմի պայմաններում:
– Անկախ այն փաստից, որ պետությունը բացակայում է ձեր կյանքում, ավագ սերունդն, իներցիայով կամ անելանելիությունից, շարունակում է աշխատել: Երիտասարդներն արդեն, մասնագիտություն ընտրելուց առաջ, մտածում են` որտե՞ղ են աշխատելու, կերակրելո՞ւ է ընտրած մասնագիտությունն իրենց:
Մարգարիտ Խաչատրյան– 2007-2009 թթ. փորձում էի գտնել երիտասարդ մեկին, ով կմտնի Արամ Հայկազի դաշտ: Քանի՜ ջահելի փորձեցի գայթակղել և լսեցի նույն պատասխանը. «Դրա մեջ փող չկա»: Չես կարող մարդուն մեղադրել: Երբ արտասահմանում ինձ հարցնում էին` աշխատավարձս որքան է, չէի պատասխանում, որպեսզի չծիծաղեին: Վիրավորվում եմ ոչ թե նրա համար, որ կոնկրետ իմ աշխատանքը չի գնահատվում, այլ, որ հայագիտությունն այսքան էժան արժե: Թվում է` կան կոչումներ, որոնց հասնելուց հետո մարդը գոնե կարող է իրեն ազատություն տալ` զբաղվելու նրանով, ինչով ուզում է: Նայեք` ինչ է կատարվում մեր մտավորականության հետ. 3-4 տեղ աշխատելու վազվզող մարդիկ են:
– Կարելի՞ է ասել, որ կապը սերունդների միջև խզված է: Ունեինք հայագետների փաղանգ, հիմա ավագ սերնդից մնացել են հատուկենտ մարդիկ, իսկ շարունակողներ, կարծես, չկան:
Գրիգոր Յազըճյան– Հետևեցի «Հայ ասպետ» ծրագրին: Ներկայացնում էին մասնակից աշակերտների նախասիրությունները: 12 փայլուն երեխաներից 9-ը ուզում էր դառնալ տնտեսագետ, ֆինանսիստ, մեկն` իրավաբան: Երկու հոգի ցանկացան զբաղվել պատմությամբ և հայոց բանասիրությամբ: Մինչդեռ բոլորի նախասիրությունների մեջ հայագիտական առարկաներն առաջնային տեղ էին գրավումգ
– Հայագիտական կենտրոններից ավանդաբար հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները: Գևո՛րգ, գիտեմ` Դուք տիրապետում եք տեղեկատվությանը` ի՞նչ վիճակում է հայագիտությունը Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներում: Այնտեղ, ենթադրում եմ, տեղյակ չեն, որ մեր երկրում հայագիտությունը հռչակվել է գերակա ճյուղ:
Գրիգոր Յազըճյան– Ձեր նշած Մխիթարյանների այդ երկու կառույցներն էլ, ի դեպ, մահամերձ են` ցավոք: Նախ` կադրային առումով: Առհասարակ, մենք ունենք լավ կրթված, հայագիտությանը տիրապետող հոգևորականների պակաս: Բեյրութում մի քահանա ինձ դիմեց` մեկ էջանոց մի շարադրանք գրաբարից աշխարհաբարի վերածելու հարցով: Դպրեվանք ավարտել և որոշակի մակարդակով գրաբար չիմանալը խայտառակություն է:
Լիբանանում կա Հայկազեան համալսարանը: Այնտեղ ուսանողների մեծ մասն այլազգի է: 90-ականներից մինչ օրս հայագիտական ամբիոնը գոնե մեկ ուսանող չի ունեցել: Համալսարանում այս տարի հիմնեցին Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոն: Կենտրոն ասվածը միայն մի մարդ է` տնօրենը, ում կայուն աշխատանքով ապահովելու համար ստեղծվեց այդ կառույցը: Ինչ-որ բան անելու համար Արամ կաթողիկոսն էլ հայոց լեզվի պաշտպանությանը նվիրված գիտաժողով էր հրավիրել:
Գիտաժողովից երկու տարի անց ստեղծել են Արևմտահայերենի պաշտպանության խորհուրդ` 25 մտավորականներից: Նրանց մի մասին անգամ չեն էլ հարցրել` ցանկանո՞ւմ են անդամակցել, թե՞ ոչ: Լիբանանահայ թերթերում հայտարարություն կար, թե կաթողիկոսարանը կազմակերպում է հայերենի անվճար դասընթացներ: Որքան գիտեմ` դեռևս մեկ մարդ չի դիմել:
Մարգարիտ Խաչատրյան– 20 տարի առաջ այլ էր ընդհանուր բարոյական դաշտը, վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ: Կար գիտնականների մի փաղանգ` կազմված անհատներից, և նրանցից յուրաքանչյուրն իր շուրջը ստեղծում էր այդ մթնոլորտը: Վերջերս մտավորականների մի փոքր խմբով հիշում էինք մեր ուսանողական տարիները… Մեր ուսուցիչները մեծեր էին, ովքեր իրենց հերթին` խոսում էին մեծերի մասին: Հաջորդ վայրկյանին մտածում ես՝ 10, 20 տարի հետո մեծերի մասին խոսող մեծեր չեն լինի: Նկատեցիք, թե սերունդների միջև կապը կտրվել է: Դա արվել է մեր ձեռքով. ոչ միայն ներքևից չենք աճեցնում, այլև ստեղծել ենք անարդարության, թայֆաբազության մթնոլորտ, որից բոլորս ենք տուժում:
Գրիգոր Յազըճյան– 2002թ. հուլիսից մինչև այս տարվա փետրվարի վերջը եղել եմ, այսպես ասեմ, պատմական գիտությունների թեկնածու: Ավելի քան 10 տարվա ընթացքում ինձ որևէ կառույցից ո՛չ առաջարկ է եղել` ղեկավարել կամ ընդդիմախոսել մեկին, ո՛չ դասախոսելու բուհում, սակայն խոստովանում են, որ սփյուռքի մամուլի լավագույն գիտակներից եմ:
Միակ առաջարկը եղել է Հայոց պատմության ակադեմիական քառահատորյակի համար գրել 1975 թ.-ից հետո սփյուռքում ծավալված զինյալ ազատագրական շարժման մասին: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոստովանությամբ` դա էլ ինձ տվել են, որովհետև այդ մասին գրող ուրիշ մեկը չկա: Կան մեր պատմության շրջաններ, որոնց մասնագետները չունենք: Այսօր օսմանագետ էլ չունենք: Եթե թուրքերը բացեն իրենց արխիվները, ո՞վ ունենք, որ ուղարկենք` դրանք ուսումնասիրելու: Եվ ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկն օսմաներեն սովորի: 40.000 դրամի համա՞ր: