
Թրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը
Մասնավորապես, օոստոսի 3-ին՝ կիրակի օրը լրագրողների հետ խոսելով Ուիթքոֆի այցի ժամկետներից՝ ԱՄՆ նախագահը նշել է․ «Կարծում եմ՝ մյուս շաբաթ, չորեքշաբթի կամ հինգշաբթի»։
Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Ռուսաստանը՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու նպատակով, Թրամփն ասել է․ «Հասնել համաձայնության, որի արդյունքում մարդիկ կդադարեն սպանվել»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե այդ երկիրը չկարողանա սեղմ ժամկետներում հրադադար հաստատել Ուկրաինայի հետ։
Առաջիկայում կայանալիք այցը Ռուսաստան արդեն չորրորդն է լինելու Սթիվ Ուիթքոֆի համար։ Նախորդ անգամ նա այցելել էր ապրիլին ու Սանկտ Պետերբուրգում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը քննարկված հարցերի առանցքում ռուս-ուկրաինական պատերազմն էր։