Բաժիններ՝

Գիտնականը չպետք է զբաղվի իր նորարարությունն ապրանքի հասցնելու գործով, սակայն…

«Գիտնականը չպետք է զբաղվի իր նորարարությունն ապրանքի հասցնելու գործով, դա գիտնականի գործը չէ: Գիտնականը պետք է զբաղվի զուտ իր գիտական գործունեությամբ և լինի ֆունդամենտալ գիտության մի մասը: Ինչ վերաբերում է գիտության կիրառական արդյունքների ստացմանը, ապա դրանով պետք է զբաղվեն պետական համակարգի այն մարմինները, ովքեր պատասխանատու են տնտեսության զարգացման համար, քանի որ հենց նրանք պետք է նպաստեն, որպեսզի գիտնականների ստեղծածը կիրառություն ունենա տնտեսության մեջ և գումարներ բերի տվյալ երկրին»:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ճշգրիտ տվիչներ-սարքավորումներ մշակող և արտադրող «ՓԻ ԷՍ ԱՅ» ընկերության և Երևանի պետական համալսարանի աշխատակից Վարդան Գևորգյանը, ով դեկտեմբերի 7-ին «Գաղափարից դեպի ապրանք: Անհրաժեշտ քայլերն ու գործընթացները» թեմայով սեմինար էր վարում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Ըստ Վ. Գևորգյանի՝ մեր երկրում պետք է ստեղծվեն այնպիսի կառույցներ, որոնք կնպաստեն, որպեսզի բուհերի կամ գիտական տարբեր կառույցների գիտնականների ստեղծածը կիրառության ունենա տնտեսության մեջ: Նմանատիպ կառույցներ, ըստ մեր զրուցակցի, Հայաստանում, սակայն, դեռևս հստակ ձևավորված չեն, մինչդեռ, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում այդ գործընթացն առկա է:

«Քաղաքակիրթ, զարգացած երկրներում բազմաթիվ համալսարաններ ունեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ (technology transfer-office): Դա հատուկ կառույց է, որը զբաղվում է տվյալ համալսարանի գիտնականների ստեղծած գիտական գաղափարներն ու նորարարությունները շուկա մտցնելու գործով, իսկ ինքը՝ գիտնականը, չի զբաղվում ձեռներեցությամբ, նա միայն տվյալ գաղափարի հեղինակն է:  Արդյունքում՝ այդ գաղափարի առևտրայնացմամբ զբաղվող նմանատիպ կառույցները ստացված գումարից որոշակի տոկոսներ տալիս են տվյալ գիտնականին»,- ասաց Վ. Գևորգյանը՝ նշելով, սակայն, որ անգամ զարգացած երկրներում կան գիտնականներ, որոնք զբաղվում են իրենց գաղափարը բիզնեսի վերածելու խնդրով:

Կարդացեք նաև

Վ. Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում, սակայն, բուհերը ոչ առևտրային կազմակերպություններ են, և իրավունք չունեն ձեռներեցությամբ զբաղվելու, իսկ նմանատիպ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ մեր համալսարաններում չկան, ուստի գիտնականները երբեմն ստիպված են իրենց նորարարությունն անձամբ շուկա մտցնել, եթե չեն ցանկանում, որ այն կորչի կամ որոշ ժամանակ անց պարզապես հնանա:

«Հայաստանում հնարավոր է, որ այս համակարգը 10 տարի հետո նոր սկսի լավ գործել, իսկ գիտնականը, եթե սպասի, հնարավոր է՝ իր ստեղծածն այլևս պարզապես անհրաժեշտ չլինի կիրառության տեսակետից»,- ասաց Վ. Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս