Բաժիններ՝

Սենսորների միջոցով հնարավոր է պարզել օդում, ջրում եղած թունավոր նյութերը

Սննդի, ջրի մեջ, օդում և այլուր եղած թունավոր նյութերը բացասաբար են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա: Ներկայումս թունավոր նյութերի հայտնաբերման բազմաթիվ եղանակներ կան: Այդ գործում չափազանց կարևոր նշանակություն ունեն օպտիկական եղանակները, մասնավորապես՝ սպեկտրաֆոտոմետրական վերլուծությունը:

Մեծ թվով ընկերություններ նմանատիպ վերլուծություն իրականացնող բազմաթիվ սարքեր են արտադրում: Այդ բոլոր սարքերը հիմնված են դիֆրակցիոն ցանցերի, պրիզմաների, մեխանիկական բարդ համակարգերի, լուսազտիչների օգտագործման վրա: Այդ բոլորը, սակայն, բավական թանկ արժեն և շատ դեպքերում մեծ չափերի են կամ պահանջում են հատուկ լաբորատոր պայմաններ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանողները՝ համալսարանի Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորման և արտադրության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սուրիկ Խուդավերդյանի ղեկավարությամբ, թունավոր նյութերի հայտնաբերման ուղղությամբ նոր առաջարկ ունեն՝ սենսորների միջոցով իմանալ բույսերի ու ջրի, օդի բաղադրության փոփոխությունները, դրանցում պայթուցիկ նյութերի առկայությունը, վտանգի և վնասակարության չափը դրանցում:

«Օդից սկսած՝ մինչև սնունդ, այդ բոլորը կապված է ալիքի երկարության հետ, բայց տարբեր նյութեր հայտնաբերելիս՝ կարող ենք գտնել դրանց կլանման և առաքման տարբեր չափերը: Հետևաբար՝ սարքը, որը մենք առաջարկում ենք, պետք է ունենա սպեկտրային լայն միջակայք, որպեսզի դրանով հնարավոր լինի ավելի լայն խնդիրներ լուծել»,- ասաց Ս. Խուդավերդյանը:

Կարդացեք նաև

Ս. Խուդավերդյանի խոսքով՝ նման սարքեր շատ կան ամբողջ աշխարհում, սակայն դրանք հիմնականում թանկ են, մեծ չափերի, հետևաբար՝ դժվար օգտագործելի: «Հրատապ խնդիր է՝ ունենալ հեշտ օգտագործվող, բարձր ճշտությամբ, դաշտային պայմաններում պիտանի, նմանատիպ սարքեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք փորձել են նոր սկզբունքի կիրառմամբ բացառել նման սարքերում վերոնշյալ բաղադրամասերը և ավելի հարմար սարք ստեղծել, որը թանկ չի լինի և հեշտ օգտագործելի կլինի տարբեր բնագավառներում՝ բժշկությունից, դեղագործությունից սկսած՝ մինչև շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացում:

«Իհարկե, մեր սարքը ևս ամբողջովին չի ընդգրկում հնարավոր թունավորման բոլոր ուղղությունները, սակայն այն ընդգրկում է լայն շրջան՝ ուլտրամանուշակագույնից՝ մինչև մոտակա ինֆրակարմիր միջակայքը»,- ասաց Ս. Խուդավերդյանը՝ ավելացնելով, որ սարքը դեռևս չի ընդգրկում միջին ինֆրակարմիրը, և սարքերի կատարելագործման հետ կապված դեռ շատ խնդիրներ կան:

Ըստ պրոֆեսորի՝ Հայաստանում այսօր արտադրության կազմակերպումը բավական թանկ հաճույք է, մինչդեռ ենթակառուցվածքների առումով այդ ամենը ավելի հեշտ էր կազմակերպել, օրինակ, Խորհրդային Միության տարիներին: «Մեր համալսարանը բավական մեծ ներուժ ունի, և, եթե լինեն արտադրության/ տեխնոլոգիաների հնարավորություններ, ապա այդ ամենը կարող ենք կազմակերպել հենց Հայաստանում»,- ասաց Ս. Խուդավերդյանը՝ նշելով, որ հնարավորության դեպքում՝ սարքի արտադրությունը կարելի է կազմակերպել նաև դրսում, իսկ դրանով հետաքրքրված կլինեն՝ դեղորայքի, սննդի, հեղուկների արդյունաբերությամբ և արտադրությամբ, այդ թվում՝ խմելու ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս