Ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում
Հարցազրույց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ
– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը, ի՞նչ նորություններ կան:
– Նորմալ տեղ են հասել (բուժումը շարունակվելու է Գերմանիայում.- Ա.Փ.), հետազոտություններ են արվել, ամեն ինչ նորմալ է:
– Առողջական խնդիրները չե՞ն խանգարում, որպեսզի պարոն Դեմիրճյանը կարողանա հետևել քաղաքական իրադարձություններին: Նրա բացակայությունը չի՞ ազդում ՀԱԿ-ում ՀԺԿ-ի գործունեության վրա:
– Բացարձակ չի ազդում, իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ ինքը ներկա լիներ, բայց պարոն Դեմիրճյանը լրիվ տեղյակ է քաղաքական գործընթացներից, կուրսի մեջ է և իր կարծիքն ունի այդ իրադարձությունների վերաբերյալ, այնպես որ, խնդիր չկա:
– ՀԺԿ-ն՝ որպես ՀԱԿ անդամ, քաղաքական ուժ, ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԿ-ի ներկայիս գործունեության վերաբերյալ, մասնավորապես ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Որքանո՞վ է դա արդարացված, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
– Նայած, թե ինչ հարցի շուրջ են բանակցությունները, բայց այսօր համագործակցության լուրջ բան չի եղել. ինչ-որ հարց քննարկել, նիստ անել… Դրանք այն հարցերը չեն: Երբ լուրջ հարցեր կքննարկվեն, այն ժամանակ կարծիք կարելի է հայտնել: Ամեն ինչ հիմա նախնական խմորման փուլում է: Լուրջ համագործակցություն ես այսօր չեմ տեսնում, այսինքն` ոչ թե լուրջ համագործակցություն, այլ լուրջ, կոնկրետ հարցի շուրջ համագործակցություն չեմ տեսնում:
– Եթե ՀԱԿ-ը որոշում կայացնի՝ սատարել, ասենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ի՞նչ դիրքորոշում կունենա ՀԺԿ-ն:
– Չեմ կարծում, թե այսպիսի հարց կառաջանա, բայց եթե այդպիսի բան լինի, ՀԺԿ-ն իր կարծիքն անպայման կհայտնի:
– Այսինքն` կուսակցության որևէ քննարկում այս հարցի կապակցությամբ դեռ չի՞ եղել:
– Ոչ, չի եղել նման քննարկում, եթե դեռ այդպիսի որոշում կայացված չէ, ձուկը ջրում…
– Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի ՀԱԿ-ից, ՀԺԿ-ն տեսնո՞ւմ է որևէ այլ գործչի թեկնածությունը, մասնավորապես` Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի թեկնածությունների մասին է խոսվում:
– Ես միայն իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որովհետև այդպիսի հարց չի քննարկվել կուսակցությունում: Ինձ համար նախընտրելին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:
– Տեսակետ կա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է չառաջադրվել` չցանկանալով քաղաքականությունից հեռանալ՝ ավելի քիչ ձայներ ստանալով, քան նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ:
– Ժողովուրդն, ինչպես՝ նախկինում, այնպես էլ՝ հիմա, բավական դժգոհ է իշխանություններից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժողովրդի համար ընդունելի է իշխանափոխությունը:
– Այս նախընտրական տարին նույնքա՞ն «շիկացած» է, որքան նախորդ նախագահական ընտրություններից առաջ:
– Դժգոհություններն իշխանության նկատմամբ ավելի են խորացել, դրա ապացույցը սարսափելի արտագաղթն է երկրից: Այսօր ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում:
– Մարդկային ռեսուրսների առումով՝ ՀԱԿ-ը կորուստներ չի՞ ունեցել վերջին տարիներին:
– Կան մարդիկ, որոնք այսօր ՀԱԿ-ի հետ չեն, բայց իշխանափոխության անհրաժեշտությունը ժողովուրդը տեսնում է: Դա արդեն կախված է նրանից, թե ընդդիմադիր քաղաքական ուժերն ինչ ձևով կներկայանան, ինչ չափով ժողովուրդը կաջակցի նրանց:
– Շատ է խոսվում նաև ընդդիմության միասնական թեկնածուի մասին, պատկերացնո՞ւմ եք զարգացումների այդպիսի սցենար:
– Ես բավական երկար ժամանակ քաղաքական պրոցեսների մեջ եմ եղել և կարծում եմ՝ ասել, թե կլինի ընդդիմության միասնական թեկնածու, դա որոշակի իմաստով լուրջ չէ:
– Բացի այն քաղաքական գործիչներից, ովքեր հայտարարել են իրենց թեկնածության առաջադրման մասին, անակնկալներ կլինե՞ն:
– Կարծում եմ՝ կլինեն, ինչո՞ւ ոչ: Հիմնական քաղաքական ուժերը դեռ իրենց խոսքը չեն ասել: Նրանք պարտավոր են դա անել: