Ցանկության այս անորոշ առարկան

Սկիզբը` նախորդ համարում

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ զրույցի առիթը նրա թարգմանությամբ և ծանոթագրություններով լույս տեսած Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» վեպն է:

– Միլերի «Խեցգետնի արևադարձը» վեպի հիման վրա ֆիլմեր են նկարահանվել: Կան ռեժիսորներ, մասնավորապես, Բունյուելը, Պազոլինին, ովքեր ևս կյանքի ամենամութ, ինտիմ, ենթագիտակցական շերտերը բերել են էկրան: Նրանց եզրակացությունը գրեթե նույնն է. կյանքի անտեսանելի, ինտիմ կողմն է բնորոշում այն վարքագիծը, որը մարդիկ ցուցաբերում են արդեն արևի լույսի տակ:

– Եթե արվեստը նպատակ ունի պատկերելու մարդու կյանքը, ուրեմն պետք է պատկերվեն այդ կյանքի բոլոր ոլորտները՝ առանց բացառության, այդ թվում` այն ամենը, ինչ այսբերգի ստորջրյա մասն է: Բունյուելը, Պազոլինին և, նախևառաջ, Բերգմանը, այդ խնդիրն ունեցել են: Դրա համար էլ նրանց գործերը ավելի շատ նվիրված են մարդու ներաշխարհի, ինտիմ տարածքի հետազոտությանը, այն ամենի քննությանը, ինչ առաջին հայացքից թաքնված է մնում: Վառ օրինակ է Բունյուելը. նա մեծ թուլություն ուներ ամեն կարգի մոլությունների, ծածուկ հակումների հանդեպ, որոնք մարդիկ, սովորաբար, թաքցնում են, և բունյուելյան ֆիլմերում դա բավականաչափ արտացոլվել է՝ հաճախ սյուրռեալիստական փայլով:

Կարդացեք նաև

Ցավոք, միլերյան էկրանավորումները թույլ են, չեն կարող նրա արձակի հետ մրցակցել: Քիչ թե շատ կարող է քննություն բռնել ամերիկացի ռեժիսոր Ֆիլ Քաուֆմանի «Հենրին և Ջունը» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Միլերի, նրա կնոջ և Անայիս Նինի սիրային եռանկյունու մասին: Դա Միլերի կինոկենսագրության թերևս միակ հաջողված դրվագն է: Միլերն առատ նյութ է կինեմատոգրաֆի համար, բայց քանի որ նրա արձակը զուրկ է դասական, սյուժետային պատումին բնորոշ հատկություններից և տուրք է տալիս «գիտակցության հոքի» մոդեռնիստական գրելաոճին, առաջնակարգ ու նրբիմաց սցենարիստ է պետք նրա վեպերից այնպիսի պատմություն ստանալու համար, որը կհամապատասխաներ Միլերի արձակի մակարդակին: Ձեր թվարկած ռեժիսորների հետ Միլերին միավորում է հետաքրքրությունը մարդու կյանքի թաքնված կողմերի, ենթագիտակցության խորքերի նկատմամբ:

– Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ տենդագին փնտրում ենք մեր ժամանակի հերոսին: Միլերի գործում հերոսը Ժամանակի բացակայությունն է: Դուք, որ ծանոթ եք համաշխարհային գրականությանը, կինեմատոգրաֆին, կարո՞ղ եք նշել` կա՞ ունիվերսալ, հավաքական հերոս, ով տարածությունից ու ժամանակից դուրս, կարող է հավակնել ներկայացնելու բոլոր ժամանակների մարդուն:

– Կարծում եմ` բոլոր մեծ արվեստագետների գործերում, եթե խոսքն իրո՛ք բարձրակարգ արվեստի մասին է, ստեղծագործությունն արժևորվում է այն պարագայում, երբ հայտնվում է կոնկրետ ժամանակի և տարածության պարամետրերից դուրս: Կինոյում այդպիսին են, ասենք, վերոհիշյալ Ինգմար Բերգմանի գործերը:

Արդեն էական չէ` երբ են դրանք ստեղծվել, ինչ ժամանակներում, էական չէ` հերոսներն ինչ կերպարանքով են, ինչ հանդերձանքով, որովհետև խոսքն այնպիսի բարոյական, հոգեբանական հարցադրումների, ներաշխարհի այնպիսի պատկերման մասին է, որ ժամանակը և տարածությունը երկրորդ պլան են մղվում, և գործը դառնում է վերժամանակյա:

Նույնը կարելի է ասել Միքելանջելո Անտոնիոնիի առնչությամբ: Նա առաջինն էր, ով 60-ականներին կինո բերեց էքզիստենցիալ ամբողջ կոմպլեքսը` մարդու անհաղորդության, օտարվածության, սիրո անպտուղ ճիգերի, մարդկային հարաբերությունների անսահման բարդության խնդիրները, հուսահատության, անփարատ մենության մոտիվները:

Անտոնիոնիի գործերն այսօր էլ նույն արժեքն ունեն, քանի որ նրան հաջողվել է պեղել այնպիսի ներքին խնդիրներ, որոնք հատուկ են նաև մերօրյա մարդուն: Եթե համարձակվեմ ընդհանրացում անել, ապա արվեստի բուն նպատակը դա է` ազատվել իր ժամանակի և տարածության կապանքներից և հայտնվել դրանցից դուրս, այնտեղ, ուր այդ կոնկրետ նշաններն արդեն ոչ մի էական դեր չունեն:

– Միլերը «Արգելված գրքեր» մատենաշարի առաջին հեղինակն է: Կարծում եմ, հաշվի առել եք, որ արգելված հեղինակների ցանկը պատկառելի է, հետևաբար նրանց թարգմանելու համար մի ամբողջ հավերժություն է պետք: գ Եվ անընդհատ շարժիչ:

– Բնականաբար, ես, ֆիզիկապես, ի վիճակի չեմ մատենաշարը միայնակ առաջ տանել: Պարզապես կընտրեմ այդ գործերը, կօգնեմ գտնել համապատասխան թարգմանիչների, որ, իմիջիայլոց, բարդ խնդիր է մեզ մոտ: Այս մատենաշարով արդեն տպագրվել է Ջորջ Օրուելի «1984» նշանավոր վեպը: Շուտով լույս կտեսնի թուրք կին կրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»:

Նախատեսված է նաև անցյալ դարասկզբի բելգիացի գրող Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը` Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ. էրոտիկ գրականության նմուշ, որն, ինչպես պրն Թոփչյանն է վկայում, ազդեցություն է գործել արևմտահայ բանաստեղծների, այդ թվում` Դանիել Վարուժանի վրա: Հիմա ես աշխատում եմ մի քանի գրքի, այդ թվում` Դեյվիդ Հերբերթ Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպի թարգմանության վրա: Ծրագրերս շատ են, ուղղակի չգիտեմ` ուժերս կբավարարե՞ն, և կունենա՞մ այդքան ժամանակ: Այս մատենաշարով կուզենայի թարգմանված տեսնել նաև Էնթոնի Բըրջեսի «Լարովի նարինջը», որն ավելի շատ հայտնի է Սթենլի Կուբրիկի հռչակավոր ֆիլմով: Կուզենայի թարգմանել նաև Նաբոկովի «Լոլիտան»:

– Դուք` որպես ընթերցող, ի՞նչ սկզբունքով եք ընտրում` ինչ գիրք կարդալ: Այսինքն` ո՞րն է Ձեր ընթերցելու շարժառիթը:

– Չէի ուզենա անհամեստ երևալ, բայց ես շատ կարդացած մարդ եմ. կարդացել եմ կյանքիս բոլոր փուլերում: Տարիներ շարունակ կարդալով` գերհագեցման ինչ-որ աստիճանի ես հանգում, որից հետո արդեն դժվար է գեղարվեստական գրականություն կարդալ: Շատ եմ սիրում հուշագրություններ և կենսագրական գրքեր, իսկ գեղարվեստական գրականության առումով` հիմա ինձ հետաքրքրում են միայն այնպիսի գրողներ, որոնք շատ յուրօրինակ են, հեռու ակադեմիական, ավանդական ձևերից: Դժվարանում եմ ասել, թե ինչ սկզբունքով եմ ընտրում, բայց կան գրողներ, որոնց գործերի հանդեպ անտարբեր չեմ:

Օրինակ` իտալացի Իտալո Կալվինոյի բոլոր գործերն էլ կուզենայի իմանալ: Մի ժամանակ Միլորադ Պավիչ էի կարդում, և ցավում եմ, որ հայերեն թարգմանված չեն ո՛չ Կալվինոն, ո՛չ էլ Պավիչը: Անչափ ցավալի է նաև, որ ստիպված ենք ավելի շատ կարդալ ռուսերեն, մանավանդ որ, արդեն որերորդ անգամ, համոզվում եմ, որ ռուսերեն թարգմանությունները բնավ էլ համարժեք չեն բնագրին: Հիմա ընթերցելու ժամանակ քիչ է մնում: Բայց ես որոշ հեղինակների ամեն տարի վերընթերցում եմ, նկատի ունեմ` Շեքսպիր և Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակը»:

Այս պիեսը, քանի որ լույս է տեսել 50-ականների սկզբին՝ Արման Կոթիկյանի հոյակապ թարգմանությամբ, տեքստային առումով «փոշոտվել» է և փայլեցման կարիք ունի՝ նախկինի պես շողարձակելու համար: «Անտարես» հրատարակչության հետ նախատեսել եմ և՛ շեքսպիրյան թարմացված տեքստերի մատենաշար, և՛ դրամատուրգիայի գրադարան, որը կընդգրկի հատկապես 20-րդ դարի դրամատուրգների գործեր, որովհետև մեր թատրոնների խաղացանկը հիմնականում կա՛մ ռուսերենից է թարգմանված, կա՛մ հայտնի չէ` ինչ է: 20-րդ դարի դրամատուրգների հսկայական ցանկ կա, որոնք հայերեն կա՛մ իսպառ, կա՛մ էլ գրեթե գոյություն չունեն:

– Չեմ կարող Ձեզ չհարցնել ժամանակակից հայկական կինոյի մասին: «Հայկական կինո» ասելիս, արդեն որերորդ տասնամյակն է, տալիս ենք նույն երկու անունը` Փարաջանով և Փելեշյան:

– Մենք փոքր ժողովուրդ ենք, և, բնական է, որ կինեմատոգրաֆում հնչեղ շատ անուններ չունենք, բայց Ձեր տված անուններն արդեն իսկ բավական են, որպեսզի ամոթով չներկայանանք միջազգային ասպարեզում: Խոսքն իսկապես երկու շատ մեծ արվեստագետների մասին է, բայց, պիտի ասեմ, որ նրանց գործերը մեզանում այնքան էլ գիտակցված, յուրացված չեն, որքան էլ այդ անունները երբեմն-երբեմն հնչում են: Ժամանակակից հայ կինոյում կան գործող ռեժիսորներ:

Ակտիվ է Հարություն Խաչատրյանը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրենը: Աշխատում են Վիգեն Չալդրանյանը, Սուրեն Բաբայանը, երիտասարդ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով անցյալ տարի «Հայակ» մրցանակի արժանացավ` լավագույն դեբյուտի համար: Հայկական կինո, ամեն դեպքում, կա: Այլ հարց է` ինչպես է գոյատևում այդ կինոն:

Դուք էլ լավ գիտեք, որ անկախության տարիները հայկական կինոյի փլուզման շրջանը դարձան: Խորհրդային տարիներին էլ, չեմ կարող ասել, թե մեր կինոն շատ մեծ բարձունքների հասավ: Պլանային արտադրություն էր, և տարեկան, կարծեմ, 4 խաղարկային ֆիլմ էր թողարկվում` չհաշված վավերագրական ժապավենները: Բայց այդ ֆիլմերի մեջ շատերը չէին, որ կարող էին բռնել ժամանակի քննությունը: Մի խոսքով, խորհրդային համակարգը խորտակվեց, իսկ քիչ թե շատ համարժեք այլ համակարգ այդպես էլ չգոյացավ: Շատերը դա կապում են պարզապես «Կինոյի մասին» օրենք չունենալու հետ, մինչդեռ խնդիրն անհամեմատ բարդ է և լուսաբանման կարոտ:

– Պետությունը հոգ չի տանում մեր կինեմատոգրաֆին, թեև դժվար է պնդել, թե պետական հոգատարությամբ են պարուրված եղել, դիցուք, Փարաջանովն ու Փելեշյանը: Արժեքավոր կինո ունենալու համար պետության ներկայությունը կամ փողի չընդհատվող հոսքը բավարար չեն:

– Այո՛, ասում են` ֆինանսներ չկան, բայց նույնչափ խանգարում է նաև կրթական ցածր մակարդակը: Այսօր անգամ տաղանդավոր մարդը, որ կինոյում լավագույնս դրսևորվելու պոտենցիալ ունի, անկարող է Հայաստանում այնպիսի կրթություն ստանալ, որ միջազգային մակարդակին պատշաճ գործ ներկայացնի: Գումարած` տեխնիկական խեղճությունը: Դրա համար էլ ծնվում են ֆիլմեր, որոնք միայն կրկնակի ստանդարտների քաղաքականության դեպքում, ինչը և հաճախ կիրառվում է մեզանում, կարելի է հաջողված համարել: Ինչ վերաբերում է սերիալային տխրահռչակ բումին, դա կինոյի հետ, բնականաբար, որևէ առնչություն չունի:

Վերջին տարիներս մենք վկա դարձանք, թե ինչպես մեր բոլոր հեռուստաընկերությունները, օրինակելի համերաշխությամբ, նախապատվությունը տվեցին սերիալների սեփական արտադրությանը: Իհարկե, միայն փողով խնդիրը երբեք էլ չի լուծվի. եթե մարդը կինոգրագիտության առումով թերուս է, անճաշակ է, ապա ոչ մի փող չի կարող այս բացերն ի չիք դարձնել: Հայկական սերիալների մակարդակը, մասնագիտական տեսակետից, ուղղակի սարսափազդու է:

Խղճում եմ այն հեռուստադիտողին, որի օրն անցնում է այդ ամենը սպառելով: Դրանք ավերում են մարդու արվեստի ընկալումն ու գեղագիտական ճաշակը: Երբ պատահում է` ականատես եմ դառնում ինչ-որ սերիալի դրվագի, տեսածս, որպես կանոն, այնպիսի նախնական վիճակում է, որ կարծես թե կինոն դեռևս չի հայտնագործվել աշխարհում. ռեժիսորական, օպերատորական, դերասանական աշխատանքը կարելի է միայն ողբալի որակել:

Անհասկանալի է մնում հեռուստաընկերությունների այն հիմնավորումը, թե այդ ամբողջ խոտանը պահանջարկ ունի: Համոզված եմ` առաջարկն է պահանջարկ ծնում, և որքան շարունակվի այսպես, այնքան երկար մենք կունենանք մի հասարակություն, որը պատրաստ է կլլելու ամեն ինչ` առանց ուղեղին մազաչափ նեղություն տալու: Սա, իհարկե, գլոբալ խնդիր է, որը պայմանավորված է կյանքի նկատմամբ այսօր աշխարհում իշխող սպառողական վերաբերմունքով:

Մարդկանց շատ զգալի մի զանգված արդեն դժվարությամբ է ուղեղը շարժում և սպասում է պատրաստի կաղապարների, որոնց յուրացումը հեշտ է, կատարվում է բնազդային մակարդակով` առանց մտավոր փոքրիշատե ծանրաբեռնվածության: Բայց հեռուստատեսության կամ ԶԼՄ-ների դերը ոչ թե ամենապահանջկոտ խավի կողմն ուղղված ռևերանսներն են, այլ ամեն կերպ նպաստելը, որ այդ մարդկանց մեջ, ընդհակառակը, պահանջկոտություն ձևավորվի, ընդ որում` ինտելեկտուալ և գեղագիտական:

Հ.Գ. Վերնագիրը Լուիս Բունյուելի ֆիլմի անվանումն է:

Տեսանյութեր

Լրահոս