ՀՅԴ խմբակցությունը դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 28-ին դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում կգումարվի հարցի քննության վերաբերյալ հանձնաժողովի դռնփակ նիստ: Արդյունքում` կամ հարցի քննությունը կմերժվի կամ կընդունվի վարույթ:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել են ՀՅԴ խմբակցությունից, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին ուղղված դիմումում իրենք ընդգծել են, որ էթիկայի կանոնների խախտումն արտահայտվել է վերոհիշյալ արտահերթ նիստին չմասնակցելով:

«Չնայած նրան, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պատգամավոր կարող էր արտահերթ նիստի գումարման պահից մինչև ժամը 15.00-ն գրանցվել, սակայն չգրանցվելով և սույն դիմումը ներկայացնելու պահին հիմնավորված ձևով չհրապարակելով, այդ թվում` ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջներին համաձայն, իր բացակայության հիմքերը, առանց հարգելի պատճառի չի մասնակցել ԱԺ-ի արտահերթ նիստին: Մինչդեռ, ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն, պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի նիստերին: Պատգամավորի նման պահվածքը վկայում է, որ նրա կողմից չի հարգվել օրենքը, պատգամավորը չի ենթարկվել օրենքի պահանջներին, չի պահպանել ԱԺ-ի նիստերի անցկացման կարգը, ինչպես նաև իր պահվածքով չի նպաստել ԱԺ-ի հեղինակությանը և վերջինիս նկատմամբ հարգանքի ձևավորմանը»,-մասնավորապես ասված է դիմումում:

Ըստ դիմումատուի, ավելին` այդ պատգամավորներից յուրաքանչյուրը խոչընդոտել է նաև Սահմանադրությամբ նախատեսված` ԱԺ-ի գործառույթների իրականացմանը և փաստացի նպաստել Սահմանադրության 70-րդ հոդվածով նախատեսված արտահերթ նիստի գումարման, բնականոն գործունեության ձախողմանը: Նաև` «ապօրինի կերպով խուսափել է պատգամավորի 1/3-ի կողմից սահմանված օրակարգով հարցի քննարկումից այն դեպքում, երբ, Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, յուրաքանչյուր ոք, այդ թվում պատգամավորը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները: Նման վարքագիծը և դրա կազմակերպված բնույթ ունենալու հանգամանքը կարող են հիմքեր ստեղծել փաստելու ԱԺ անգործությունը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր, մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս