ՀԱԿ-ը կազմաքանդեց քրեաօլիգարխիկ համակարգը

Եթե հայաստանյան քաղաքական ուժերի միջև անհետևողականության ու անսկզբունքայնության մրցույթ հայտարարվի, Հայ ազգային կոնգրեսն անկասկած կզբաղեցնի անվիճելի առաջատարի տեղը: Վերջին հատկապես երկու տարիներին ՀԱԿ-ն այնքան հակասական ու անսկզբունքային քայլեր է կատարել, որ դրանք թվարկելու համար անհրաժեշտ է, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հանրահավաքային ելույթներին հարիր ծավալով շարադրանք:

Բավական է հիշել միայն համեմատաբար «խոշոր անցքերը»` սկզբում ՀԱԿ-ը երկխոսում էր իշխանության` Սերժ Սարգսյանի հետ, ակնհայտորեն իր ծառայություններն առաջադրելով Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի դեմ պայքարում, որից հետո` անցած տարվա նոյեմբերին հռչակված «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում, սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ` վերջինիս առաջարկելով իր ծառայություններն արդեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ պայքարում:

Բոլոր նման «անցումների» ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ առանցքային անդամները՝ սեփական սկզբունքներից շեղվելու իրենց քայլերն արդարացնելու համար, որոշակի ուղղակի կամ փոխաբերական հայտարարություններ էին անում, որոնք ՀԱԿ-ին ավելի էին (են) հեռացնում համաժողովրդական շարժման ստեղծման մեկնարկին հայտարարված նպատակներից` սահմանադրական կարգի վերականգնումից ու ժողովրդավարության հաստատումից: Ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունն արդարացնելու համար Եղիազար Այնթապեցու նախադեպի հիշատակումը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:

Իշխանության հետ գրեթե անփառունակ երկխոսությունից հետո (գրեթե, որովհետև դրա արդյունքում ազատ արձակվեցին դեռևս բանտերում գտնվող քաղբանտարկյալները, ինչն այդ փուլի ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել)՝  ՀԱԿ-ն այժմ մենախոսում է այն ժամանակվա իշխանության կրողներից մեկի` ԲՀԿ-ի հետ (վերջինս պաշտոնապես դեռևս խուսափում է  ՀԱԿ-ի հետ հրապարակային հարաբերություններից): Դրա համար տևական ժամանակ է` ՀԱԿ-ը զբաղված է «Բարգավաճ Հայաստանի» ու Գագիկ Ծառուկյանի մաքրազերծմամբ:

Սկզբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր մտահոգությունն արտահայտեց Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի նկատմամբ Սերժ Սարգսյանի հնարավոր ոտնձգությունների առնչությամբ և պատրաստակամություն հայտնեց զբաղվել դրա պաշտպանությամբ: Հետո ՀԱԿ անդամ, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, ըստ էության, հայտարարեց, թե ԲՀԿ-ն Մարտի 1-ի հետ կապ չի ունեցել: Սակայն, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ում այդքանը քիչ համարվեց, և երևի ՀԱԿ-ից պահանջեցին հրաժարվել նախկինում արված այլ մեղադրանքներից ևս, ինչը խոհեմաբար կատարեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ: Իհարկե, Լ. Զուրաբյանը դա արեց իրեն հատուկ ոճով, բայց դրանից հարցի էությունը չփոխվեց: Անցած շաբաթ հրավիրված ասուլիսում Լ. Զուրաբյանը մասնավորապես ասել էր. «Մենք ԲՀԿ-ին ոչ թե համարել ենք քրեաօլիգարխիկ, այլ համարել ենք քրեաօլիգարխիկ ռեժիմի մաս: Եթե նա պոկվում է ռեժիմից, դադարում է լինել դրա մի մասը»:

Նա այդ հայտարարությունն արել էր՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ է այսօր փոխվել, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել  «Բարգավաճ Հայաստանի» հետ, ում  միշտ համարել է քրեաօլիգարխիկ ուժ:

Իսկ հարցին` ընդհանրապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարո՞ւմ է, Լևոն Զուրաբյանը պատասխանել էր.

«Սահմանեք` ի՞նչ է նշանակում՝ օլիգարխ, ես էլ պատասխանեմ»: Լրագրողը նշել էր, որ ժամանակակից քաղաքագիտության մեջ օլիգարխ է համարվում քաղաքական համակարգում գործող, ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մեծահարուստը, ով մեծ ազդեցություն ունի քաղաքականության մեջ: «Եթե այդպես եք սահմանում՝ այո՛,- ասել էր ՀԱԿ համակարգողը` այդուհանդերձ ներկայացնելով իր վերապահումները, այսինքն` համոզելով, որ Գ. Ծառուկյանն օլիգարխ չէ,-  Գիտեք, դա իսկապես սահմանման հարց է. եթե մենք ելնենք դասական սահմանումից, օլիգարխիա նշանակում է՝ մի քանիսի իշխանություն:

Դա նշանակում է ոչ թե միապետություն, ոչ թե դեմոկրատիա, այլ նշանակում է` մի քանի հոգի իշխում են երկիրը, ունեն պետական իշխանության լծակներ իրենց ձեռքում: Եթե ելնենք այդ դասական սահմանումից, ուրեմն՝ իրեն այլևս չի կարելի համարել օլիգարխ, որովհետև հիմա ինքը պետական կառավարման որևէ լծակի չի տիրապետում»: Անգամ հիշեցումից հետո, որ Գ. Ծառուկյանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի  անդամ է և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Լ. Զուրաբյանն անդրդվելի էր մնացել:

«Դե դա ի՞նչ իշխանություն է: Կոնկրետ ԱԱԽ անդամ լինելու պարագան ես չգիտեմ` ինչո՞վ է պայմանավորված: Խոսքը գնում է իրական իշխանական լծակների մասին»,- ասել էր Լ. Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողի այս հայտարարությունների դրդապատճառը պարզ է` խնդիր է դրված՝ «լղոզել»  բոլոր այն մեղադրանքները, որոնք ժամանակին ՀԱԿ-ը հնչեցրել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հասցեին:

Բայց այդ խնդիրը լուծելով՝ ՀԱԿ-ն ըստ էության «մաքրազերծում» է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև բոլոր նրանց, ովքեր հայաստանյան ու ՀԱԿ-ի հռչակած չափանիշներով համարվում են օլիգարխ: Սամվել Ալեքսանյան, Բարսեղ Բեգլարյան, Միխայիլ Բաղդասարով, Ռուբեն Հայրապետյան, Ալեքսանդր Սարգսյան, Լևոն Սարգսյան, Հրանտ Վարդանյան, Աշոտ Արսենյան, Աշոտ Աղաբաբյան…

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվի: Բոլոր նշված ու չնշված օլիգարխները Լևոն Զուրաբյանի տրամաբանությամբ՝ օլիգարխ չեն: Այս ցանկի անդամների մի մասն առավելագույնը ԱԺ պատգամավոր է, ինչպես Գագիկ Ծառուկյանը, մյուսներն ընդհանրապես որևէ կերպ ներկայացված չեն ոչ օրենսդիր, ոչ գործադիր իշխանության կազմում: Այսինքն` նրանք ավելի շատ «օլիգարխ» չեն, քան ԱԱԽ անդամ ու ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այսպիսով, փորձելով «ապաօլիգարխացնել» Գագիկ Ծառուկյանին` ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի շուրթերով, կազմաքանդեց քրեաօլիգարխիկ համակարգը: Այլևս, ըստ ՀԱԿ-ի տրամաբանության, Հայաստանում օլիգարխներ չկան:

Հ.Գ. 2011 թվականի օգոստոսի 9-ին ՀԱԿ-ն իշխանության հետ երկխոսության շրջանակներում հրապարակեց «Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունն ապացուցող 87 էջից բաղկացած  հիմնավորումները»:

Այդ փաստաթղթում, ի թիվս այլ հիմնավորումների, նշված էր, որ նախորդ գումարման  ԱԺ-ի 76 պատգամավորներ բիզնեսներ ունեն, ինչը Սահմանադրության դրույթների խախտում է: «Ձևավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների և բիզնեսի` նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում և դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ»,- նշված էր ՀԱԿ-ի այդ փաստաթղթում:

Նույն փաստաթղթում ՀԱԿ-ը հրապարակել էր նաև այդ 76 պատգամավորների անուններն ու նրանց պատկանող բիզնեսները: Այդ պատգամավորների մեծ մասն, ի դեպ, ներկայացված է նաև գործող խորհրդարանում, իսկ դրանց մի մասը ԲՀԿ անդամներ են: ՀԱԿ-ի այդ ցուցակի 52-րդ համարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին, ըստ ՀԱԿ-ի՝ պատկանում են «Մուլտի գրուփ» կոնցեռնը, «Մուլտի գրուփ սթոուն» ՓԲԸ-ն, «Արգեյմ» ՍՊԸ-ն, «Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, «Երևանի քիմիադեղագործական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, «Բաղրամյանի հացամթերքներ» ԲԲԸ-ն, «Կլեոպատրա» ՍՊԸ-ն, «Մուլտի գոլդ» ՍՊԸ-ն, «Քվանատոնոր Օմեգա» ՍՊԸ -ն, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, «Արնամենտ» ՓԲԸ-ն, «Ջի էմ մաղարո» ՓԲԸ-ն, «Յունիմետխիմ» ՍՊԸ-ն. «Քինգ մարոն բիչ» ՓԲԸ-ն: Սա, ի դեպ, ՀԱԿ-ի երկրորդ ցուցակն է, որում ներառված է Գագիկ Ծառուկյանի անունը:

Դրանից առաջ այն ընդգրկված էր այն օլիգարխների ցուցակում, որոնց թիկնազորի անդամները 2008 թ. մարտի 1-ին Պաշտպանության նախարարության կողմից համազգեստ և զինամթերք էին ստացել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս