Պուտին, Պուտին՝ մինչև վերջ

Հայաստանի ինքնիշխանության շարունակվող կորստի, Ռուսաստանից ունեցած կախվածության մասին քննարկումներում հաճախ ներկայացվում են, ասենք, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով ռուսական կողմին անցած ռազմավարական օբյեկտները, Ռուսաստանի կողմից Հայաստանի երկաթուղու և հեռահաղորդակցության համակարգի զգալի մասի վերահսկողության փաստը, և այլն:

Իրականում, սակայն, Հայաստանի ինքնիշխանության կորստի, ամենօրյա ու հետևողական կորստի մասին վկայում են ոչ այնքան այդ օբյեկտներն ու տնտեսության ենթահամակարգերը, որքան մեր պետական պաշտոնյաները` իրենց ռուսահպատակությամբ, ցարին հաճոյանալու անսահման պատրաստակամությամբ:

Հայաստանի ինքնիշխանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ հայ պաշտոնյաները, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, հանուն այդ կոնյունկտուրայում իրենց տեղը պահպանելու՝ ինքնամոռաց տրվում են ամենայն ռուսականության փառաբանմանը:
Ցավոք, դա վերաբերում է նաև այն պաշտոնյաներին, ովքեր մինչ այժմ իշխանական վերնախավի մյուս անդամներից տարբերվել են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին իրենց դիրքորոշումներով: Խոսքը, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է:

Վերջինս, ինչպես բազմիցս նշել ենք, միակ հայ պաշտոնյան էր, ով, թեկուզ անուղղակիորեն,  սակայն անկեղծորեն հրապարակավ դեմ էր արտահայտվել Եվրասիական միությանը Հայաստանի  հնարավոր անդամակցությանն ու Մաքսային միությանը` դա հիմնավորելով նրանով, որ Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր սահման չունեն: Տևական ժամանակ Տ. Սարգսյանի` ռուսական մամուլում արտահայտած այդ տեսակետը, ըստ էության, համարվում էր Հայաստանի միակ պաշտոնական դիրքորոշումը, ինչը գոնե հույս էր ներշնչում, որ ՀՀ իշխանությունները ռուսներին մերժելու եթե ոչ՝ համարձակություն, գոնե ցանկություն ունեն: Սակայն, արդեն երկրորդ օրն է` Տ. Սարգսյանը նույն ռուսական մամուլում ինտենսիվորեն «մեղանչում» է իր այդ` Հայաստանի շահերից բխող դիրքորոշման համար:

Երեկ Տ. Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական «Интерфакс» գործակալությանը` կիսվելով «հայ-ռուսական համատեղ ապագայի» մասին իր տեսլականով: Այսօր էլ կրկին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ոչ միայն բավական դրական կարծիք է հայտնել Ռուսաստանի հովանու ներքո իրականացվող նախագծերի մասին, այլև իր խոսքն ավելի ծանր ու հիմնավոր դարձնելու համար մեջբերել է… Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Մենք հետաքրքրված ենք ԵվրԱզԷս-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներով»,- ասել է Տ. Սարգսյանը`  պարզաբանելով, որ Հայաստանն  այսօր փորձում է համադրել ԱՊՀ անդամների միջև իրականացվող նախագծերն ու Եվրամիության հետ համագործակցությունը: «Ռուսաստան-Եվրամիություն համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը հստակ ձևակերպում տվեց, որին մենք ևս հետևում ենք: Դրա համաձայն` ինտեգրացիոն գործընթացները չի կարելի հակադրել, դրանք պետք է փոխադարձաբար լրացնեն միմյանց»,- Պուտինի խոսքերն է մեջբերել վարչապետը։ Տիգրան Սարգսյանը, ով բավական նրբանկատ է իր ցանկացած խոսքի ու արտահայտության համար, չէր կարող չհաշվարկել «որին մենք ևս հետևում ենք» ձևակերպման հնարավոր ընկալումը:

Առջևում նախագահական ընտրություններ են, Հայաստանի արտաքուստ բավական հանգիստ ներքաղաքական վիճակն իրականում նույնքան պայթյունավտանգ է: Իշխանությունն ակնհայտորեն անհանգստացած է Սերժ Սարգսյանի վերընտրության հարցում ռուսական «համաձայնության» առնչությամբ: Այնքան է անհանգստացած, որ ՀՀ վարչապետը մեջբերում է Ռուսաստանի նախագահին ու ավելացնում` «մենք հետևում ենք դրան»: Հարցը`  Տ. Սարգսյանն այդ քայլին դիմում է ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի համար մտահոգվելով՝ երկրորդական է: Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից:

Հ. Գ. «Իզվեստիային» տված հարցազրույցում Տ. Սարգսյանը քննադատել է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը: «Ժողովրդագրական խնդիրն առանց այդ էլ առկա է, բնակչության արտահոսքը հատկապես սահմանամերձ գոտուց կհարվածի Հայաստանի շահերին: Այդ իսկ պատճառով, մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայլերի, որոնք կվնասեն մեր շահերին:

Մենք հստակորեն ամրագրել ենք մեր այս հստակ ու աներկբա տեսակետը բոլոր արձանագրություններում»։ Վլադիմիր Պուտինը, սակայն, դեռևս իր դիրքորոշումը չի արտահայտել «Հայրենակիցներ» ծրագրի վերաբերյալ: Բացառված չէ, որ Պուտինը մի օր հայտարարի, թե Հայաստանից արտագաղթն ու Ռուսաստանի ներգաղթը չի կարելի հակադրել իրար, և դրանք պետք է փոխադարձաբար լրացնեն միմյանց:

Տեսանյութեր

Լրահոս