Русский стандарт

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռուսական «Интерфакс» գործակալությանը տված բավական ծավալուն հարցազրույցից տպավորություն է ստացվում, որ ռուսական կողմի հետ Հայաստանի իշխանությունները բավական լուրջ խնդիրներ ունեն:

Բացառված չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած վերջին` գրեթե գաղտնի այցելությունը ցանկալի արդյունք չի տվել, և անհրաժեշտություն է առաջացել դրա հետևանքով առաջացած խնդիրները փորձել հարթել Տիգրան Սարգսյանի հարցազրույցի միջոցով: Բացառված չէ նաև, որ այս հարցազրույցով Տ. Սարգսյանը փորձել է լուծել ոչ թե ընդհանուր իշխանության ու Սերժ Սարգսյանի, այլ անձամբ իր ապագայի խնդիրները: Համենայնդեպս, Տ. Սարգսյանի հարցազրույցի տոնայնությունը, Ռուսաստանին ու ռուսական իշխանություններին սիրաշահելու ակնհայտ մղումը ցույց է տալիս, որ այդ հարցազրույցը կազմակերպվել է ոչ թե հայ և ռուս ընթեցասերների հետաքրքրությունը բավարարելու, այլ շատ ավելի որոշակի նպատակներով:

Այդ նպատակներն, ըստ ամենայնի, այնքան կարևոր են, որ Տիգրան Սարգսյանն անգամ իրականությանը չհամապատասխանող, հանրային ընկալումներին, ինչպես նաև իր նախկին դիրքորոշումներին հակասող մի շարք հայտարարություններ է արել: Օրինակ, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների որակի մասին, Տ. Սարգսյանն ասում է.

«Ռազմավարական գործընկերային հարաբերությունները ենթադրում են, որ այդպիսի համագործակցության հիմքում ընկած են ոչ թե շահերը, այլ ընդհանուր արժեքները, այսինքն` մեր ընդհանուր տեսլականը համատեղ անցյալի և համատեղ ապագայի վերաբերյալ: Եթե ռազմավարական գործընկերային հարաբերությունները կառուցվեն միայն շահերի վրա, հազիվ թե կարելի է դրանք անվանել ռազմավարական: Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները  չեն կառուցվում միայն շահի հիման վրա»:

Եթե նման հայտարարություն աներ ռուս որևէ պաշտոնյա, նրան անգամ Հայաստանի իշխանական գործիչները կարող էին համարձակվել մեղադրել իրականությունը չափազանցնելու համար: Տ. Սարգսյանի հայտարարության միայն մի մասն է համապատասխանում իրականությանը: Այո, հայ-ռուսական հարաբերությունները կառուցված են ոչ թե շահերի, այլ ռուսական շահի վրա: Դա ապացուցելու համար բավական է հպանցիկ հայացք նետել վերջին ավելի քան տասը տարիներին հայ-ռուսական հարաբերություններում կատարված թեկուզ մի քանի կարևորագույն իրադարձություններին` սկսած «Գույք` պարտքի դիմաց» բանաձևից ու Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական նշանակության ոլորտներն ու օբյեկտները Ռուսաստանին հանձնելու փաստերից, մինչև Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայությունը 49 տարով երկարաձգելու պայմանագրով ու ՀԱՊԿ վերջին արձանագրության վավերացմամբ:

«Աշխարհն արագ փոփոխվում է, մեծանում է երկրների փոխկապվածությունը: Մարդկության առաջ կանգնած են նոր մարտահրավերներ և նոր ռիսկեր: Դա նշանակում է, որ մենք համատեղ պետք է փնտրենք մեր ապագայի կառուցման ճանապարհները` հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու նոր իրողությունները: Դա նշանակում է, որ մենք էլ այսօր միանշանակ պատասխաններ չունենք, մեր ռուս գործընկերները նույնպես չունեն: Մենք փնտրտուքի մեջ ենք: Եթե մենք փնտրտուքի մեջ ենք, ապա դա պետք է անենք համատեղ:

Այդ դեպքում որոշումները ևս կլինեն մեր սեփականությունը, և մենք պատասխանատվություն կկրենք մեր ճիշտ և սխալ որոշումների համար: Ներկայումս հիմնական խնդիրն է՝ ստեղծել համագործակցության այնպիսի պլատֆորմ, որը հնարավորություն կտա մեր գործընկերների հետ բաց քննարկել այս հարցերը և, ամենակարևորը` ձևավորել միասնական գաղափարական պլատֆորմ համատեղ ապագայի վերաբերյալ»,- ասում է Տ. Սարգսյանը:

Աշխարհն արագ է փոխվում, Տիգրան Սարգսյանն էլ՝ որպես «Հայկական աշխարհի» վարչապետ, հետ չի մնում փոփոխություններից ու կարծես փոխել է իր աշխարհայացքն ու քաղաքակրթական կողմնորոշումը: Մինչև վերջերս այնպիսի տպավորություն էր, կամ փորձ էր արվում ստեղծել այնպիսի տպավորություն, որ Տ. Սարգսյանը՝ բոլոր թերություններով հանդերձ, ավելի առաջադեմ մտածողություն ունի, քանի Հայաստանի իշխանական վերնախավի շատ անդամներ, և անկեղծ է եվրաինտեգրացիայի մասին իր գեղեցիկ հայտարարություններում: Հիմա նույն պաշտոնյան խոսում է ռուսների հետ «միասնական գաղափարական պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտության մասին և ուզում է Ռուսաստանի հետ կերտել համատեղ ապագա:

Ռուսաստանի հետ գաղափարական պլատֆորմն, ի դեպ, արդեն իսկ առկա է և ստեղծվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների ու Տիգրան Սարգսյանի կարծիքը հաշվի առնելով, այլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական նախաձեռնությամբ: Խոսքը Եվրասիական միության մասին է, որի վերաբերյալ Տ. Սարգսյանը ժամանակին հանդգնել էր գրեթե  բացասական կարծիք հայտնել: Հիմա, սակայն, նա նշում է` Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ «դիպուկ նկատել է», որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընդհանուր սահման չկա, և աշխատանքային խումբ է ստեղծվել աշխարհում նախադեպը չունեցող` «անսահման միության» կերտման ուղիները գտնելու համար:

Ու երևի պատահական չէ, որ մինչ Հայաստանի վարչապետը կհայտարարեր ռուսների հետ համատեղ ապագա ու գաղափարական պլատֆորմ կերտելու իր երազանքի մասին, Երևանում Պուտինի ու Եվրասիական միության գովասանքով հայտնի երիտասարդները «Նոր Հայաստան» անունով մի կուսակցություն են բացում:

Ի դեպ, ապագան շատ որոշակի տեղ է զբաղեցնում Տիգրան Սարգսյանի այս հարցազրույցում: Հայ-ռուսական համատեղ ապագայի մասին իր տեսլականների մասին խոսելուց հետո պատասխանելով նախագահական ընտրություններից հետո իր` վարչապետի պաշտոնը պահպանելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Տ. Սարգսյանը հայտարարում է, որ, լինելով լավատես՝ տեսնում է պայծառ ապագա: Այլ կերպ ասած, Տ. Սարգսյանն «ուղերձ» է հղում Ռուսաստանի իշխանություններին. մնալով վարչապետի պաշտոնում՝ ես ամեն ինչ կանեմ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ կապելու համար: Ինչպես ասում են, ԲՀԿ-ականների ականջը կանչի:

Հ. Գ. Այս տարվա սեպտեմբերից «168 Ժամ» թերթի և www.168am կայքի լրագրողը մի քանի անգամ դիմել է վարչապետի մամուլի քարտուղարին` խնդրելով հարցազրույց կազմակերպել Տիգրան Սարգսյանի հետ: Ավելի քան երկու ամսվա ընթացքում վարչապետը չի արձագանքել այդ խնդրանքին:

Չենք կասկածում, որ Տիգրան Սարգսյանն անձամբ է որոշում՝ այս կամ այն, ավելի ճիշտ` այս կամ այն ծագման լրատվամիջոցին հարցազրույց տա՞լ, թե՞ ոչ: Սա նշում ենք ընդամենն արձանագրելու համար, որ ամիսներ շարունակ տեղական մամուլում հարցազրույց չտված պաշտոնյան ընտրություններից առաջ իր «ուղերձները» հղում է ռուսական լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս