Բաժիններ՝

Ըստ Economist-ի, Հայաստանը լավ տեղ չէ ծնվելու համար

Բրիտանական Economist-ը հրապարակել է վարկանիշային աղյուսակ՝ «Where to Be Born in 2013» (որտե՞ղ ծնվել 2013-ին) անվանմամբ։ Այն ցույց է տալիս, թե  ո՞ր երկրներն են առավել լայն հնարավորություններ ապահովում՝ առաջիկա տարիներին առողջ, ապահով և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ 80 երկրների շարքում Հայաստանը բացակայում է։

Economist-ը՝ վարկանիշը կազմելու համար, հիմնվել է 11 չափանիշների վրա։ Դրանք ներառում են թե սուբյեկտիվ (օրինակ՝ որքանով են մարդիկ իրենց երջանիկ համարում տվյալ երկրում), թե օբյեկտիվ գնահատականներ՝ տնտեսական աճ, ռեսուրսներ, ժողովրդավարության մակարդակ և այլն։

Պարբերականն օգտագործել է իրենց իսկ կողմից մշակված կանխատեսումները 2030թ. համար։ Այսինքն, դա հենց այն ժամանակն է, երբ 2013-ին ծնված երեխաները կյանք կմտնեն։

Վարկանիշի հեղինակներն իրենք էլ նշում են, որ, իհարկե, երկրի զարգացածության մակարդակն ու հարստությունը դեր են խաղում, սակայն նշում են, որ կան նաև ոչ պակաս կարևոր գործոններ՝ աշխարհագրական դիրքը, հանցագործությունների թիվը, և այլն։

Հետաքրքիրն այն է, որ այս ցանկում ներառված 80 երկրների շարքում Հայաստանը բացակայում է։ Պարզ չի՝ վարկանիշի հեղինակներն ընդհանրապե՞ս չեն ուսումնասիրել Հայաստանի պայմանները, թե՞ դրանք այնքան վատն են եղել, որ չեն ներառվել առաջին 80-ի մեջ։

Ի դեպ, Ադրբեջանն այս ցանկում զբաղեցրել է 70-րդ տեղը, Ռուսաստանը՝ 72-րդ։ Ցանկում տեղ է գտել անգամ Սիրիան, որտեղ բռնությունների վերջը չի երևում։

Նշենք նաև, որ լավագույն երկիրն այս ցանկում Շվեյցարիան է, որին հաջորդում են Ավստրալիան և Նորվեգիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս