Ռուս կազակների փորձի փոխանակման վտանգավորության մասին

Երեկ մերձմոսկովյան Մոսկովսկի քաղաքում տեղի է ունեցել կազակական համայնքների և հասարակական միավորումների համագումարը, որը որոշում է կայացրել հիմնել քաղաքական միավորում`Ռուսաստանի Դաշնության կազակական կուսակցություն` ՌԴԿաԿ: Այս հապավումը գրեթե կրկնում է Ռուսաստանի մեկ այլ`Կոմունիստական կուսակցությանը`ՌԴԿԿ:

Ինչպես հայտնի է, կոմունիստները Ռուսաստանում հանդիսանում են երկրորդ քաղաքական ուժը և թե՛ Պետդումայի, թե՛ նախագահական ընտրություններում զիջում են միայն իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: Կազակների կուսակցության ղեկավար է ընտրվել Ռոստովի փոխնահանգապետ Սերգեյ Բոնդարևը, ով հայտարարել է, որ իրենց չպետք է շփոթել ո՛չ աջերի, ո՛չ ձախերի հետ, իրենք ուղիղ են:

Գուցե այս իրադարձությանն իմաստ չունենար անդրադառնալ, համարելով այն ներռուսաստանյան գործընթաց, եթե չլիներ հավանականությունը, որ այն կարող է ինչ-որ կերպ իր արձագանքը ստանալ նաև մեր իրականության մեջ:

Ինչպես հայտնի է, Հայաստանում ևս գործում են կազակական կազմավորումներ, որոնք սերտ համագործակցության մեջ են գտնվում ռուսաստանյան համանման կառույցների հետ: Չնայած պաշտոնապես չի հայտարարվում, սակայն կան տեղեկություններ, որ հայկական կազակական կազմավորումները՝ ֆորմալ առումով լինելով ինքնուրույն, իրականում գտնվում են ռուսաստանյան կառույցների վերահսկողության տակ և նույնիսկ ֆինանսական կախվածություն ունեն նրանցից:

Հիմա կազակները որոշել են հասարակական կազմավորումից դառնալ քաղաքական և մասնակցել ռուսաստանյան ընտրություններին: Չի բացառվում, որ նման հավակնություններ կարող են դրսևորել նաև հայ կազակները, ովքեր ամեն ինչում փորձում են ընդօրինակել իրենց ռուս «եղբայրներին»:

Կազակների միավորումները թեև հասարակական են, սակայն գաղտնիք չէ, որ նրանք զինված կազմավորումներ են: Ռուսաստանում զինված կազակների քաղաքականացումը դիտվում է՝ որպես ռեժիմի պահպանման գրավական: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում օրեցօր նոր թափ են հավաքում ազգայնական շարժումները, որոնք գործող ռեժիմին մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերում` սկսած կոռուպցիայից, վերջացրած Ռուսաստանի ազգային շահերին դավաճանության մեջ:

Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ չի կարող հենվել բանակի վրա, քանի որ բանակում ևս մեծ են դժգոհությունները վարվող քաղաքականության նկատմամբ, բանակը դարձել է ամենակոռումպացված կառույցը, իսկ գեներալները՝ ամենակոռումպացված չինովնիկները, իր կողմից ղեկավարվող «Եդինայա Ռոսիան» էլ մի փուչիկ է, որը կարող է ծակվել ասեղի ամենաթույլ հպումից:

ՌԴ նախագահը, թերևս, որպես փրկություն, մտածել է քաղաքականություն բերել զինված կազակներին, որպեսզի նրանց միջոցով կարողանա հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների նկատմամբ: Պատմության դասագրքերից հայտնի է, որ Ռուսաստանի պատմության մեջ սա նոր երևույթ չէ. Ցարական Ռուսաստանում ևս գործում էին  «սև հարյուրակայինների» ջոկատները, որոնք իշխանությունը օգտագործում էին ընդդիմախոսների զանգվածային ելույթները ճնշելու համար, նաև՝ ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով: Այլ խնդիր է, որ այդ զենքը կարող է ուղղվել նաև ռեժիմի դեմ, բայց, ինչպես ասում են, դա ռեժիմի խնդիրն է:

Հայաստանում 90-ականների սկզբին այդ դերն իր վրա էր վերցրել ԵԿՄ-ն, բայց այդ կառույցը կորցրել է իր նախկին ազդեցությունը և քաղաքական կյանքում շատ չնչին դերակատարում ունի: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն այս հարցում ևս կփորձի ընդօրինակել ռուսական փորձը: Առաջին հայացքից` դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Հայաստանում ռեժիմին այդքան մեծ վտանգ չի սպառնում, ինչպես Ռուսաստանում, բացի այդ, Հայաստանում ռեժիմը վայելում է բավարար հեղինակություն և ազդեցություն ուժային կառույցներում, և հավելյալ ռազմականացված քաղաքական կառույցի ստեղծման գայթակղությունից մեր իշխանությունը, թերևս, հեռու կմնա: Բայց ռուսական ամեն ինչ Հայաստանում ենթակա է կրկնօրինակման: Ուստի պետք է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս