«Չի կարելի հասարակությանը միայն քամել, պետք է նաև սոցիալական ինչ-որ փաթեթներով նրան ծառայել» (տեսանյութ)

Այսօր hայկական ԶԼՄ-ները սոցիալական գովազդի հեռարձակմանը շատ քիչ ուշադրություն են դարձնում: Պատճառներից մեկը թերի օրենսդրական դաշտն է, միգուցե՝ նաև սոցիալական գովազդ հեռարձակելու ցանկության բացակայությունը:

Սոցիալական գովազդ հեռարձակելու խնդիրների, նրա զարգացման միտումների մասին 168.am-ը զրուցել է Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, Հայաստանում ինչո՞ւ են սոցիալական գովազդներ քիչ պատրաստվում:

– Կտրականապես ասել, թե Հայաստանում սոցիալական գովազդներ չկան՝ սխալ կլինի, բայց կարող եմ ասել, որ այն՝ որպես ինստիտուտ, կայացած չէ: Կան մի քանի պատճառներ, որոնցից մեկն օրենսդրական դաշտն է, որը չի նպաստում Հայաստանում սոցգովազդի զարգացմանը: 1996 թվականին ընդունված «Գովազդի մասին» օրենքում սոցիալական գովազդը հավասարեցված է առևտրային գովազդին: Դրա պատրաստման ու հեռարձակման բոլոր ծախսերը պատվիրատուն պետք է իր վրա վերցնի: Այս դեպքում, որպես պատվիրատու՝ կարող է հանդես գալ պետությունը, որն այսօր, ցավոք սրտի, սոցգովազդը զարգացնելու համար չի ցանկանում միջոցներ ներդնել:

Կարդացեք նաև

Երկրորդ պատճառն այն է, որ պետությունը չի դարձել սոցիալական գովազդի պատվիրատու: Չնայած այն հանգամանքին, որ պետության բոլոր ծրագրերը, ինչպես նաև՝ կառավարության բոլոր անդամներն, այս կամ այն ձևով, ունեն սոցգովազդի համար նախատեսված գումարներ, դրանք հիմնականում նպատակաուղղվում են այլ տիպի միջոցառումների իրականացմանը: Հայաստանում այսօր գոյություն ունեցող սոցիալական գովազդների հիմնական պատվիրատուները միջազգային կառույցներն են, որոնք լուծում են իրենց մասնավոր խնդիրները:

Իրականում, սոցիալական գովազդը հասարակության ներսում շատ լուրջ խնդիրներ կարող է լուծել: Այն արագ և արդյունավետ ձևով սոցիալական լարվածությունը թուլացնելու հետաքրքիր միջոց է: Սա պետությունը պետք է գիտակցի:

– Եթե սոցիալական գովազդը սոցիալական լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցներից է, որը կիրառվում է մի շարք այլ երկրներում, հետևաբար՝ ինչո՞ւ Հայաստանում պետությունը չի գիտակցում դրա կարևորությունը:

– Ցավոք սրտի, առայսօր չեմ կարողանում հասկանալ դրա բուն պատճառները: Երևի թե պատճառն այն է, որ պատվիրատու հանդիսանալու համար չեն ցանկանում ֆինանսական միջոցներ ներդնել: Եթե դու ընդունում ես մի օրենք, որտեղ ասվում է, որ պատվիրատուն պարտավոր է իր վրա վերցնել ամբողջ ծախսերը, ապա պետությունը պարտավոր է տարածման բոլոր ծախսերն իր վրա վերցնել: Նման մոդելով են աշխատում ԱՄՆ-ը և եվրոպական շատ երկրներ:

Այսինքն` սոցիալական գովազդի պատվիրատուն 60-80 տոկոսով հանդես է գալիս պետությունը, որովհետև նա է լուծում սոցիալական քաղաքականությունը, ինքն է որոշում, թե որոնք են առաջնային խնդիրները, որոնք պետք է բարձրաձայնել և ինչ լուծումներ առաջարկել:

Հետխորհրդային շրջանի երկրներն ամրագրել են զարգացած երկրների օրենքը, բայց չունենալով գումար՝ զրկվել են սոցգովազդի ինստիտուտ զարգացնելու հնարավորությունից: Դեռևս անցած տարի դուրս էր եկել ՀՀ վարչապետի հրամանագիրը, որով խնդիր դրվեց՝ պատրաստել սոցիալական գովազդի զարգացման համար հայեցակարգ:

Այս խնդիրը դրվեց Մշակույթի նախարարության վրա, որի հետ համատեղ՝ մենք մշակեցինք հայեցակարգ, ինչը կառավարության կողմից արժանացավ նախնական հավանության, և մի քանի անգամ անցնելով բոլոր նախարարություններով՝ ունեցավ վերջնական ձևակերպում: Բայց, ցավոք սրտի, գործընթացը կանգնեց, որովհետև, ըստ այդ հայեցակարգի, մենք պետք է ունենայինք երկու օրենքների` «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների փոփոխություններ, որի դեպքում հայեցակարգը կմտներ ուժի մեջ և կսկսեր նորմալ գործել:

Ո՞րն է հայեցակարգի հիմնական սկզբունքը: Հեռուստատեսություններին, ռադիոընկերություններին և գովազդ տարածող մյուս կազմակերպություններին չզրկելով գովազդի համար նախատեսված ժամանակից` առաջարկվում էր իրենց հաղորդումների պատրաստման ժամի հաշվին անվճար ցուցադրել սոցիալական գովազդներ: Ստացվում է երկկողմանի շահութաբեր համագործակցություն: Բայց այստեղ էլ ի հայտ է գալիս մեկ այլ խնդիր` ո՞վ է որոշելու՝ սոցիալական գովազդն իրականում սոցիալակա՞ն է, թե՞ ոչ: Ըստ մեր հայեցակարգի` ստեղծվում է նաև այդ մարմինը, որը կազմված է կառավարական և ոչ կառավարական հանձնաժողովից, որոնք տալիս են համապատասխան եզրակացություն: Ընդհանրապես հեռուստաընկերության վարկանիշը մեծ չափով աճում է, երբ նրանք անդրադարձ են կատարում սոցիալական գովազդին:

Այսօր սխալ կլինի մեղադրել հեռուստաընկերություններին, բացառապես Հանրային հեռուստաընկերությանը, որ իրենք սոցիալական գովազդ չեն ցուցադրում: Հանրայինն իր բյուջեի 60 տոկոսը սնվում է պետությունից և պարտավոր է սոցգովազդ ցուցադրել, իսկ կոմերցիոն հեռուստաընկերությունները գովազդի համար հարկվում են: Այսօր Ռուսաստանն աշխատում է մեր առաջարկած մոդելով, և ես հույս ունեմ, որ այն հետադարձ ճանապարհով մեզ մոտ էլ կսկսի կիրառվել:

Սոցգովազդի զարգացման համար Դուք ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

– Հայաստանում պետք է հիմնվի սոցիալական գովազդի դպրոց-լաբորատորիա, որտեղ կկրթվեն թե՛ կառավարության ներկայացուցիչները, թե՛ հասարակությունը և թե՛ սոցիալական գովազդ պատրաստողները: Կարևոր է, որ Հայաստանում մշակվի ճիշտ սոցիալական քաղաքականություն:

Պատվիրատուն պետք է կարողանա գրագետ և ճիշտ պատվեր ձևակերպել, պատրաստողն էլ, իր հերթին, պետք է գրագետ պատրաստի: Լաբորատորիայում պետք է կատարվի սոցիալական խնդիրների և հեռարձակված հոլովակների ազդեցության հետազոտություն, որպեսզի հաջորդ հոլովակներում սխալները չկրկնվեն: Ես ցանկանում եմ նաև Հայաստանում իրականացնել սոցիալական գովազդի փառատոն, որտեղ կներկայացվեն բազմաթիվ գործեր: Եթե սոցիալական գովազդն արժեքավոր չլիներ, Կաննի փառատոնում սոցիալական գովազդը նոմինացիա չէր ունենա:

– Ինչպես հայտնի է՝ Դուք պատրաստել եք տարբեր թեմաներով բազմաթիվ սոցիալական գովազդներ: Դրանք հեռուստատեսությամբ ցուցադրվեցի՞ն:

– Ես պատրաստել եմ 100-ից ավելի սոցիալական գովազդներ, որոնք բոլորն էլ հեռուստաընկերություններին առաջարկվել են: Ոչ ոք ուղղակի «չէ» չի ասում, բայց շատ հազվադեպ են ցուցադրում: Բացառության կարգով կարող եմ նշել մի քանի կազմակերպություններ, որոնք ցուցադրել են այդ հոլովակները: Դրանք են` Ոստիկանության լրատվության բաժինը, որը «02» և «Հերթապահ մաս» հաղորդումներից հետո տեղադրում է «Ընդդեմ թրաֆիքինգի» մասին հոլովակներ: Ժամանակ առ ժամանակ, երբ լինում է ինչ-որ երևույթի միջազգային օր, իմ պատրաստած հոլովակները գուցեև հայտնվեն հեռուստաընկերություններում: Այն հոլովակները, որոնք միջազգային փառատոներում հաղթել են, 1-2 անգամ կարող են ցուցադրվել, սակայն դրանց ցուցադրությունը պետք է պարբերական բնույթ կրի, և ամենակարևորը՝ չցուցադրվի առևտրային գովազդների հետ նույն բլոկում:

Այսօր հեռուստաեթերի գովազդային բլոկում, մեկ գովազդի տարբերությամբ, նույն գովազդն են անընդհատ ցուցադրում

– Դա անգրագիտություն է, վերջին հաշվով՝ գոյություն ունի մարդ արարած, ով ունի ընկալման «лимит»: Յուրաքանչյուր մարդ, ով նույն գովազդը 3-5 անգամ տեսնում է, վստահ եղեք, որ տեղյակ է այդ հոլովակի մասին: Մեզ մոտ շատ ժամանակ առևտրային գովազդը դառնում է հակագովազդ, որովհետև մարդկանց զզվեցնում են, ի տարբերություն սոցիալական գովազդի, որը հարյուր անգամ էլ ցուցադրես՝ մարդը կդիտի:

Մենք` սոցիալականներս, առևտրային գովազդին անվանում ենք՝ «ագրեսիվ գովազդ», քանի որ նրա մեջ ագրեսիա և չթույլատրված հնարքներ կան, որոնք ազդում են մարդու զգայարանների վրա: Դու չես զգում` ինչպես ես կուլ գնում դրանց: Իսկ սոցիալական գովազդի դեպքում` մարդը դրա կարիքը զգում է, նա հուզվելու, օգնելու խնդիր ունի: Մարդու մեջ ի սկզբանե դրված է ինչ-որ մեկին կամավոր օգնելու գիտակցումը, մենք կարող ենք սոցիալական գովազդ ցուցադրելով՝ արթնացնել այդ կոդը, կամ ոչինչ չանելով` քնեցնել: Մարդու մեջ լավն ու վատը հավասար են դրված, և, կախված նրանից, թե որ մասն ենք զարգացնում, այն էլ դառնում է դոմինանտ:

Այսօր Հայաստանում ուժեղացված են ագրեսիան և անհանդուրժողականությունը, իսկ եթե հանդուրժողական լինե՞լը զարգացնենք… Եվրոպայում մարդիկ մեկը մյուսին զիջելուց հաճույք են ստանում, իսկ այստեղ ով չզիջի՝ գիշերը հանգիստ է քնելու: Սա արժեքային համակարգի խնդիր է, որն ամեն օր հեռուստատեսությամբ քարոզվում է:

Այս բացասական երևույթների կողքին կա՞ն դրական տեղաշարժեր:

– Այո, կան: Դրանք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գովազդներն են, որոնք, եթե զարգանան՝ շատ լավ կլինի: Դրանք հաճախակի շփոթում են սոցիալական գովազդի հետ: Օրինակ` կապի օպերատորներից մեկն անում է գովազդներ` «Անտարբեր մի անցիր», «Օգնիր քո ծնողներին» արտահայտություններով, որոնք սոցիալական գովազդ չեն: Եվ երբ հոլովակում ընկերությունն իր անունը չի ստորագրի, այն կդառնա սոցիալական գովազդ: Մի շարք ընկերություններ, ունենալով կոմերցիոն նպատակներ, ծառայում են հասարակությանը և ցանկանում են, որ նա առողջ լինի: Չի կարելի հասարակությանը միայն քամել, ինչպես անում են շատ տեղական կառույցներ, պետք է նաև սոցիալական ինչ-որ փաթեթներով նրան ծառայել:

Տեսանյութեր

Լրահոս