Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա

Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։

Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:

«Ելնելով վերոգրյալից` տեսականորեն Ադրբեջանի օդային տարածքը բաց է ՀՀ քաղաքացիական օդանավերի համար, սակայն գործնականում ՀՀ օդանավ շահագործողները նշված տարածքով թռիչքներ չեն իրականացնում, ինչը պայմանավորված է վերջիններիս ներքին որոշումներով», – ասված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով:

«Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», – գրել է Թորոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031