
Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

Երեկ Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը հայտարարել է, որ մեղադրյալ Լևոն Բալայանի փաստաբանը պաշտոն է ստացել պետական հիմնարկներից մեկում, ուստի Բալայանը նոր պաշտպան կունենա։
«Եթե մնար, ավելի լավ կլիներ»,- ասել է Բալայանը՝ միաժամանակ հավելելով, որ նոր փաստաբանի նշանակման հետ կապված առարկություններ չունի:
Նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ»։
«Դատավարության» հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: