«Պարաշյուտային թռիչքի շնորհիվ մարդիկ հասկանում են` ինչ է կյանքը և ինչ է մահը». Թևոս Իլիկչյան (լուսանկարներ)
Եթե դուք էլ ինձ նման, արդեն մի քանի ամիս է` պարաշյուտով թռչելու մեծ ցանկություն ունեք, սակայն վախի զգացումը հետապնդում է ձեզ, ապա ասեմ, որ ամենևին էլ վախենալու հարկ չկա: Այդ մասին համոզվեցի, երբ օրերս բախտ վիճակվեց ներկա գտնվելու պարաշյուտային թռիչքի ողջ գործընթացին:
Հինգշաբթի օրն էր: Վաղ առավոտյան հասանք «Արզնի» աերոդրոմ: Հանդիպելով պարաշյուտիստներին` նկատեցի, որ նրանց դեմքերն արտահայտում էին միաժամանակ և՛ վախ, և՛ պարաշյուտով թռչելու անհագ ցանկություն: Մինչ նրանք բժշկական ստուգում կանցնեին, հանդիպեցի Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ Թևոս Իլիկչյանին: Այսօրվա դրությամբ՝ նա Հայաստանում ամենաշատ թռիչքներ կատարած մարդն է: Արդեն 40 տարի է, ինչ թռիչքներ է կազմակերպում և անցկացնում: Թևոս Իլիկչյանը կատարել է 4800 թռիչք և շատ է ցանկանում, որ իր աշակերտները թռիչքների քանակով անցնեն իրենից:
Երբ պարաշյուտիստներն արդեն պատրաստ էին, Պարաշյուտադեսանտային ծառայության պետ, կապիտան Քրիստինե Իլիկչյանի հետ գնացինք վերգետնյա վարժություններ կատարելու: Տիկին Իլիկչյանն այս պահի դրությամբ՝ կատարել է 1839 թռիչք: Նրա խոսքով` ամեն թռիչքից առաջ պարտադիր կերպով կատարվում են այդ վարժությունները. «Կարծում եմ` միակ մարզաձևն է, որը չի տարբերում սեռական խտրականություն, ամեն ինչ կախված է մարդու ֆիզիկական պատրաստվածությունից»:
Կարճ ժամանակ անց լսվեց ուղղաթիռի ձայնը, նկատեցի, թե ինչպես փոխվեց պարաշյուտիստների դեմքի արտահայտությունը. երանելի պահը մոտենում էր: Ուղղաթիռը վայրէջք կատարեց, պարաշյուտիստները սկսեցին պարաշյուտները հագնել: Մինչ կհագնվեին` փորձեցի ճշտել, թե ինչպիսի՞ զգացողություններ ունեն: Նրանցից ոմանք թռչելու էին առաջին անգամ, ոմանք` երկրորդ, երրորդ, ոմանք էլ` պատրաստվում էին հատել երկրորդ տասնյակի սահմանը:
Օրինակ` Գեորգին առաջին անգամ էր թռչելու: Մինչ թռիչքը նա ասաց, թե դեռևս վախ չի զգում, բայց կարծում է, որ հենց ուղղաթիռի դուռը բացվի և ինքը ներքև նայի՝ վախ կզգա. «Բժիշկներն ասում են, որ եթե վախ չկա, ապա ավելի լավ է չթռչես: Առաջին երեք վայրկյանի ընթացքում ենք զգալու այն հաճույքը, որի համար եկել ենք»:
Իսկ Անին երկրորդ անգամ էր թռչում: Նրա կարծիքով` առաջին անգամ ավելի հեշտ էր. «Պատկերացում չունեինք, մտածում էինք՝ եկել ենք, հիմա կբարձրանանք օդ, հետո կիջնենք: Երկրորդ անգամ սկսում ես մտածել, թե ի՞նչ ճանապարհ ես անցնելու: Օդում ունենալու ենք երեք վայրկյան ազատ անկում, որն ամբողջ թռիչքի իմաստն է: Կարելի է ասել, որ այդ երեք վայրկյանի համար ենք գալիս: Ծնողներս թռիչքի մասին դեռևս չգիտեն, բայց այսօր նրանց անպայման տեղյակ կպահեմ»:
Վլադիմիրը պատրաստվում էր իր երրորդ թռիչքին: Նրա խոսքով՝ առաջին թռիչքը սովորաբար ավելի հետաքրքիր է լինում. «Առաջին անգամ չգիտես, թե ինչ է լինելու: Տպավորությունները բառերով փոխանցելի չեն: Ընկերներս վախեցնում էին և ասում, որ երկրորդ թռիչքն ամենավախենալուն է, որովհետև դու արդեն գիտես՝ ո՞ւր ես գնում, պատկերացնում ես` ի՞նչ է հետդ լինելու: Ինձ մոտ երկրորդ թռիչքը շատ հանգիստ ստացվեց: Բայց առաջին անգամը միշտ էլ մնում է առաջինը, առաջին սիրո նման, որը չի կրկնվում: Երկնքի հետ հաղորդվելը շատ լավ է, կարելի է տպավորությունները կրկնել»:
Այդքան սպասվող պահին չխոչընդոտելու համար` թողեցի, որ արագ հագնվեն: Երբ նրանք արդեն պատրաստ էին, Թևոս Իլիկչյանն ու երկու հրահանգիչ կանայք ստուգեցին նրանց հանդերձանքը: Ամեն ինչ կարգին էր, ուղղաթիռը սպասում էր նրանց…
Եվ ահա նրանք արդեն երկնքում են: Մինչ ուղղաթիռը մի քանի պտույտներ կգործեր` ստուգելու քամու ուղղությունը, Թևոս Իլիկչյանի հետ փոքրիկ զրույց ունեցանք:
– Պարոն Իլիկչյան, պարաշյուտները որտեղի՞ց եք ձեռք բերում:
– Դրանք ձեռք են բերվում Ռուսաստանի Դաշնությունից, բոլորը ռուսական արտադրության պարաշյուտներ են: Հայաստանում պարաշյուտներ չեն արտադրվում:
– Ավելի շատ աղջիկնե՞րն են գալիս, թե՞ տղաները, և ո՞ւմ հետ է ավելի դժվար աշխատել:
– Կարելի է ասել, որ տղաներն ու աղջիկները հավասար թվով են գալիս: Դժվար է աշխատել դմբոների հետ (ժպտում է,- Գ. Ա.): Ընդհանրապես մարդկանց հետ շատ դժվար է աշխատել՝ հազար մարդ, հազար բնավորություն, ցանկություն: Հնարավոր է, որ մարդը հինգ րոպեի ընթացքում միտքը փոխի, և դու պետք է այն կռահես:
– Ո՞ր տարիքային խումբն է թռչելու գալիս:
– Գալիս են 16-ից մինչև 45 և ավելի տարիք ունեցող անձինք: Ամենատարեց թռչողը եղել է 66 տարեկան մի կին:
– Իսկ արտասահմանցիները գալի՞ս են:
– Կարելի է ասել՝ 99 տոկոսը հայեր են, մեկ տոկոսը` արտասահմանցիներ: Մեզ մոտ թանկ արժե, դրա համար էլ մեծ մասամբ Դուբայ են գնում: Մեզ մոտ թռիչքը 15.000 դրամ է, իսկ Դուբայում՝ մոտավորապես 10 ԱՄՆ դոլար:
– Թռիչքները քանի՞ մետր բարձրությունից են կատարվում:
– Թռիչքները կատարվում են 800 մետր բարձրությունից, բայց կան մարդիկ, ովքեր ավելի բարձրից են թռչում և հատուկ վարժություններ են կատարում:
– Մինչ թռչելը մարդը նաև բժշկական ստուգում է անցնում, չէ՞:
– Այո, պարտադիր ձևով անցնում են բժշկական ստուգում: Թռչելու թույլտվություն ունենալու համար մարդ պետք է ամբողջովին առողջ լինի: Մեկ ամբողջ օր պարապում են, հետո համապատասխան քննություն հանձնում, հաջորդ օրը բժշկուհին կրկին ստուգում է նրանց, և արդեն պատրաստ են թռիչքի: Մենք օգնում ենք նրանց նաև հոգեբանորեն նախապատրաստվել, օգնում ենք հաղթահարել վախը և կատարել այդ քայլը (խոսքն ուղղաթիռից դուրս թռչելու մասին է.- Ա.Գ.):
– Եղե՞լ են դեպքեր, երբ ուղղաթիռում եղած ժամանակ մարդը հրաժարվել է թռչելուց:
– Այո, իհարկե: Լինում է դեպքեր, երբ վախենում են: Մենք հոգեբանորեն փորձում ենք նրանց օգնել և այդ քայլն անել: Դա նրանց ողջ կյանքում օգնում է: Պարաշյուտային թռիչքն օգնում է մարդուն կյանքի յուրաքանչյուր դժվար իրավիճակում այդ քայլն անել և անցնել խոչընդոտի վրայով:
– Իսկ արտառոց դեպքեր լինո՞ւմ են:
– Երբեմն լինում է, որ չեն լսում մեզ, հրահանգները չեն կատարում, վայրէջքը սխալ ձևով են կատարում և ոտքերն են ցավեցնում:
– Պարաշյուտով թռչելը մարդկանց ի՞նչ է տալիս:
– Երիտասարդությունը նման բաներով մաքրվում է: Պարաշյուտային թռիչքի շնորհիվ մարդիկ հասկանում են` ի՞նչ է կյանքը, և ի՞նչ է մահը: Շատ հարուստ մարդիկ, ովքեր չեն զբաղվում սրանով, չեն հասկանում կյանքը: Նրանց կուռքը դառնում է մեքենան:
Մեր զրույցի ընթացքում պարաշյուտիստներն արդեն վայրէջք էին կատարել: Մոտեցա նրանցից մի քանիսին` իմանալու նրանց զգացողություններն ու տպավորությունները: Բոլորի սպասելիքներն արդարացել էին: Իսկ Հովհաննեսը, ով կատարեց իր 19-րդ թռիչքը, ասաց, որ թռիչքն անցել է շատ լավ, չհաշված, որ վերևում ձյուն էր գալիս: Նա այսօր ևս երկու թռիչք է կատարելու. «Էքստրիմի զգացողությունն ամեն թռիչքի ժամանակ բարձրանում է: Առաջին թռիչքն աննկարագրելի է, իսկ վեցերորդ թռիչքից հետո էլ հասցնում ես այդ երեք վայրկյանների ընթացքում վարժություններ կատարել, նայել, թե շուրջն ի՞նչ է կատարվում, և այլն»:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին լինելու է այս սեզոնի վերջին թռիչքը: Ֆեդերացիան իր աշխատանքները կսկսի Ամանորից հետո: