Ի՞նչ հավաքածուներ ունեն լրագրողները-1
Որքան մարդ՝ այդքան տեսակետ և նախասիրություններ: Մեր օրերում, պարզվում է շատերը ունեն փոքրի հավաքածուներ, որոնք նրանք համալրել են տարիների ընթացքում: Հատկապես լրագրողները, ովքեր հաճախ են ճամփորդում, գործուղումների մեկնում, տարբեր տեսակի իրերի հավաքածուներ են ստեղծել: Ինչպիսի՞ հավաքածուներ ունեն լրագրողները, լրատվամիջոցների ղեկավարները:
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն, օրինակ, ունի գրքերի մեծ հավաքածու: Գիրք հավաքելու սովորույթը փոխանցվել է նրա ծնողներից, ովքեր ամենակարևոր բանը համարում են գիրքը: «Գրքեր հավաքելը չես կարող համեմատել դրոշմանիշեր, շշեր կան նմանատիպ առարկաներ հավաքելու հետ, քանի որ դրանք հավաքում ես՝ նայելու համար, իսկ գրքերը՝ կարդալու»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Աբրահամյանը:
Բացի գրքերից, նա նաև դասական երաժշտության DVD սկավառակներ է հավաքում: Ա. Աբրահամյանը պատմում է, որ ամեն շաբաթ առնվազն մեկ հատով լրացնում է հավաքածուն. «Գիտեմ, որ youtube-ով հնարավոր է վիդեո քաշել և նայել, բայց ես նախ՝ առանձնապես չեմ տիրապետում դրան, երկրորդ էլ՝ որակն այն չէ»:
168.am-ի այն հարցին, թե մոտավորապես քանի՞ գիրք ունի, Արամ Աբրահամյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մի քանի հարյուրից մինչև հազար հասնում է, իսկ DVD-ներն ավելի քիչ են՝ 300-400 հատ: Ունեմ ռուսական դասականների գրքերը, 19-20-րդ դարի անգլիական գրականությունը, ունեմ նաև ժամանակակից գրականություն»: «Առավոտի» խմբագիրը նշեց նաև, որ լինում են դեպքեր, երբ հայրը` փիլիսոփա Լևոն Աբրահամյանն է հավաքածուն համալրում:
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը փոքր տարիքում, «ինչպես բոլոր խորհրդային երեխաները», հավաքել է նամականիշեր, բացիկներ և սկավառակներ: Այն ժամանակ լավ սկավառակներ գտնելը շատ դժվար էր. «Քաղաքում կար երկու հիմնական սկավառակների խանութ: Քանի որ այդ տարիներին մենք ուսանողներ էինք, սովորաբար փող չէինք ունենում, և երբ Deep Purple-ի, Led Zeppelin-ի, Pink Floyd-ի, The Beatles-ի սկավառակները հայտնվում էին խանութներում, գնում էինք այնտեղ և դրանք պահում դասական և ժողովրդական սկավառակների տակ, որպեսզի ոչ մեկը չգտնի և չգնի: Եվ երբ գումար էինք հավաքում, գնում էինք խանութ, գտնում այդ սկավառակները և գնում: Որոշ ժամանակ հետո շատերը սկսեցին մեզ նման վարվել»:
Տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ՝ Դավիթը դադարեց սկավառակներ հավաքել, բայց մինչ օրս դրանք պահպանում է. «Երբեմն, երբ փոշին սրբելու նպատակով հանում եմ դրանք, նայում եմ և էմոցիաներ եմ վերապրում, քանի որ այն թվականներին այդպիսի սկավառակներ ունենալը մելոմանների համար մեծ ուրախություն էր»:
Արդեն տասը տարի է, ինչ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը սկսել է տարբեր երկրների ազգային խմիչքներ հավաքել. «Երբ սկսեցի մեկնել արտասահման, որոշեցի հետս խմիչքներ բերել: Որ երկրում լինում եմ` հարցնում եմ, թե որն է նրանց ազգային խմիչքը, և «dutyfree»-ից միշտ հետս բերում եմ: Սկզբնական շրջանում խմիչքներն անմիջապես հայտնվում էին սեղանին: Այս պրակտիկային վերջ դրվեց, երբ աղջկաս կնունքին արդեն գինովցած հյուրերին, որոշեցի Լեհաստանից բերված ոսկե փաթիլներով օղի հյուրասիրել, որն իրենց ազգային պարծանքն է: Համոզված էի, որ այն օղի է, բայց խմելուց հետո հյուրերի մեծ մասը թունավորվեց, և պարզ դարձավ, որ այն լիկյորանման ինչ-որ բան էր: Դրանից հետո մենք որոշեցինք այլևս ազգային խմիչքներով փորձեր չկատարել (ժպտում է.- Գ.Ա.): Սրանով էլ խմիչքների հավաքածուս սկսեց համալրվել տարբեր երկրների ազգային խմիչքներով: Բայց, իհարկե, որոշ խմիչքներ ինչպես գալիս են, այնպես էլ գնում են»:
Դ. Ալավերդյանն ունի մոտ 25 հատ ազգային խմիչք, որոնք բերված են աշխարհի մի շարք երկրներից՝ Չեխիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Վրաստանից, Ճապոնիայից, Անգլիայից, Հոլանդիայից, ինչպես նաև Հայաստանի տարբեր վայրերից. «Հաճախ արտասահմանցի ընկերներս, երբ Հայաստան են գալիս, իրենց պարտքն են համարում իրենց խմիչքներից բերել, ինչպես մենք մեր կոնյակն ենք տանում»:
Հարցին, թե կա՞ արդյոք մի խմիչք, որն ինքը պահել է հատուկ առիթի համար, Դ. Ալավերդյանը պատասխանեց. «Այո, կա մի խմիչք, որը պահել եմ հատուկ առիթի համար, բայց հաստատ չգիտեմ՝ կբացե՞մ, թե՞ ոչ: Դա «Նաիրի» կոնյակն է, որը 2009 թվականին մեջքիս դրած բարձրացրել եմ Արարատի գագաթ: Սա իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Ընդ որում, որոշակի բարձրությունից սկսած՝ մարմնիդ յուրաքանչյուր ավելորդ գրամ քեզ խանգարում է: Այդ պահին ցանկանում ես ամեն ինչից ձերբազատվել, բայց ես բարձրացրեցի այն: Սա ինչ-որ առումով կարելի է հերոսություն համարել (ժպտում է.- Գ.Ա.):