Համավճար. վճարովի ծառայությունները կանոնակարգվում են
2009 թվականից, երբ առանձին բուժհիմնարկներում սկսեցին իրականացվել համավճարի պիլոտային ծրագրերը, իսկ 2011 թվականից ծրագրային մոտեցում դրվեց և անհետաձգելի բուժօգնության ու գինեկոլոգիական հիվանդությունների, ապա` ուռուցքաբանության ու սեռավարակների բուժման բնագավառներում ևս ներդրվեց համավճարը, վճարովի ծառայություններից և համավճարից ստացված եկամուտների զգալի աճ գրանցվեց:
Բուժհիմնարկներ մտնող ստվերային գումարների կրճատման հաշվին գոյացած եկամուտով հնարավոր եղավ մեծ թվով բուժաշխատողների աշխատավարձի աճ ապահովել, իսկ բուժհիմնարկ դիմող քաղաքացին ձերբազատվեց երբեմն, գուցեև, ոչ հիմնավորված լրացուցիչ ծախսեր կատարելուց:
Փաստացի` պետությունը, շարունակելով համավճարով բուժվող հիվանդի համար հատկացնել նույն ֆինանսավորումը, ինչը կար նախկինում` պետպատվերի շրջանակում, սահմանեց բուժծառայության իրական գնի և պետպատվերով հատկացվող գումարի տարբերությունը` որպես համավճար:
ՀՀ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը համավճարի ներդրման ու դրան հաջորդած զարգացումների մասին խոսելիս փաստում է, որ համավճարը մեր քաղաքացիների համար, մեծ հաշվով, սկզբունքային նոր գաղափար չէ, քանի որ վճարովի բժշկական ծառայությունները Հայաստանում մեկ ու կես տասնամյակից ավելի է, ինչ գործում են:
Համավճարով, կարելի է ասել, այդ ծառայությունները կանոնակարգվում են, իսկ կարևորը, ըստ պարոն Ծատուրյանի, համակարգի գաղափարը ճիշտ բացատրելու և մատուցելու մեջ է: Քաղաքացին պետք է հասկանա. համավճարի ներդրման նպատակը բուժօգնությունը թանկացնելը կամ պակաս մատչելի դարձնելը չէր, պարզապես, պետությունն այս քայլով ուզում է ավելի վերահսկելի և թափանցիկ դարձնել այն ֆինանսական հոսքերը, որոնք կան համակարգում:
Ինչ վերաբերում է համակարգի մասին բնակչության իրազեկվածության բարձրացմանը, ապա այստեղ ևս, ըստ պետական առողջապահական գործակալության պետի, առաջընթաց կա. քաղաքացիները հաղորդակցության ամենատարբեր միջոցներով արդեն սեփական առաջարկություններն ու դիտողություններն են ներկայացնում, չնայած` լինում են նաև բողոքներ:
– Իսկ ովքե՞ր են արձագանքում հիվանդի ահազանգին, և ամենակարևորը` ինչպե՞ս են արձագանքում:
– Համապատասխան հանձնարարություն է իջեցվում պատասխանատու ստորաբաժանումներին, և բոլոր բողոքներին, նամակներին անպայման պատասխան է տրվում: Ելնելով մեր գործառույթների շրջանակից` մեզ հիմնականում հասնում են այն բողոքները, որոնք վերաբերում են բուժծառայությունների ֆինանսավորմանը, թերֆինանսավորմանը կամ լրացուցիչ վճարների գանձմանը: Մենք հետամուտ ենք լինում յուրաքանչյուր նման դեպքի: Կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, տեղեկանքներ են կազմվում` կախված բողոքի բնույթից, նաև տեղում, քաղաքացիների բողոքների հիման վրա, ստուգումներ ենք իրականացնում:
– Իսկ ինչի՞ց է դժգոհում քաղաքացուն սպասարկող բուժանձնակազմը: Արդյոք համավճարի ներդրման գաղափարը միանգամից ողջունվեց և ընկալվե՞ց բուժհաստատություններում:
– Կան մտահոգություններ: Դրանք մեզ հասնում են: Այստեղ մի քանի հարց կա. նախ` պետք է անկեղծ լինենք և հասկանանք, որ ստվերային վճարների օրինականացումը միանգամից բոլորի կողմից չի ողջունվելու, որովհետև, երբ եկամուտը բերվում է հարկային դաշտ, աշխատավարձը հարկվում է, հնարավոր է, որ բուժանձնակազմի առանձին ներկայացուցիչներ եկամուտների որոշակի անկում ունենան:
Բայց ես համոզված եմ, որ բավական մեծ թվով բուժաշխատողներ, ովքեր հիմա արդեն պաշտոնապես աշխատավարձի աճ ունեն, կազմում եմ այն գոհ մարդկանց բանակը, ովքեր, որպես կանոն, առաջ չեն գալիս ու չեն բարձրաձայնում, որ գոհ են: Մենք ավելի շատ լսում ենք դժգոհությունները, ավելի շատ առնչվում ենք մարդկանց բողոքների հետ, և սա բնական է: Դժգոհությունների պատճառներից մեկն էլ տարբեր մեխանիզմներով ստացված եկամուտների բաշխման մի փոքր խրթին հաշվարկների համակարգն է, քանի որ պետպատվերից կատարված աշխատանքից բժիշկը մի չափով է վարձատրվում, համավճարից` այլ, վճարովիից` այլ:
Բացի դրանից` բուժհիմնարկներն իրենց ընդհանուր պահպանման ծախսերի մեծ մասը առաջին հերթին պետպատվերով ստացված եկամուտներից են կատարում, իսկ դրանք երաշխավորված են, և նրանք ավելի վստահ են այդ եկամուտների ստացման մեջ, իսկ լրացուցիչ եկամուտները, որոնք ստացվում են համավճարից և վճարովի ծառայություններից, կարող են ավելի ազատ տնօրինել, հետևաբար` այդտեղից ավելի մեծ մասնաբաժին է ուղղվում: Այստեղ մտածելու, փոփոխություններ անելու կարիք ունենք, որպեսզի բուժանձնակազմի վարձատրությունը որոշելու համար միասնական և պարզեցված հաշվարկի մեխանիզմ սահմանենք: Այսօր դա մի փոքր խրթին է ընկալման համար, ես համաձայն եմ:
– Այնուամենայնիվ, համավճարի կիրառումը շարունակում է ընդլայնվե՞լ:
– Ունենք որոշ գաղափարներ, առաջարկներ: Կարծում ենք` ավելի հավանական է, որ համավճարի ընդլայնումը եկող տարի առնչվի ատամնաբուժական ծառայություններին: Խոսքը հիմնականում վերաբերում է երեխաներին և սոցիալապես անապահով խմբերին, նրանց ուղղված որոշ ծրագրերին:
Հաջորդը կարող է լինել լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունների կատարումը, այդ թվում` առաջնային օղակում: Բայց սրանք ընդամենը տարբերակներ են, որոնք, կածում եմ, դեռ պետք է քննարկել և՛ նախարարությունում, և՛ պետական այլ շահագրգիռ մարմինների, և՛ կառավարության հետ:
Բուժծառայության իրական գնի և պետության կողմից հատկացվող գնի տարբերությունը ծածկելու գործիք հանդիսացող համավճարը, ըստ մասնագետների, քարացած ու անփոփոխ մեխանիզմ չէ:
Աշխատանքի ընթացքում ի հայտ է գալիս որոշակի շտկումների, գները վերանայելու, Երևանի ու մարզերի միջև տարբերակված մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտություն, կոնկրետ արդյունքներից կախված` որոշակի վերանայումների կարիք: Իսկ առայժմ համավճարի կիրառումից, այսինքն` նաև վճարովի ծառայությունների կանոնակարգումից ստացված թվային արդյունքը, ըստ պաշտոնական տվյալների, զգալի է. 2012 թ.-ի ընթացքում վճարովի ծառայություններից և համավճարից ստացված եկամուտները կազմել են շուրջ 17,4 մլրդ դրամ` 25 տոկոսով ավելի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալից:
Մինչև տարեվերջ ակնկալվում է շուրջ 23-25 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտների հավաքագրում, ինչը զգալի թիվ է կազմում` նաև առողջապահության համակարգին պետբյուջեից հատկացվող միջոցների համեմատ: Կան հավաստիացումներ, որ այս տենդենցը պահպանելու համար արվելու է հնարավորը. ստվերի կրճատման հաշվին վճարովի ծառայություններից և համավճարից ստացված եկամուտների շարունակական աճ է սպասվում:
R