«Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը»
Հայաստանում ինքնասպանությունների թիվը մեծապես պայմանավորված է միմյանց նկատմամբ հոգեբանական անտարբերությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Ըստ նրա՝ սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղթահարում կյանքի տարբեր շրջաններում պատահող ճգնաժամային իրավիճակները, հետևապես՝ չի դիմում ինքնասպանության. «Մարդը, ով ավելի մեկուսացված է մասնագիտական, բնավորության կամ հոգեբանորեն, բնականաբար, ավելի հակված է ինքնասպանության: Ինձ համար շատ ցավոտ դեպք էր երեկ 13-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքը, սա երեկվա տվյալներով եմ ասում: Սա ցույց է տալիս, թե այսօր (բացի բնականոն իրավիճակներից) որոնք կարող են բերել այդ վիճակին, կան նաև կողմնակի վիճակներ. դա Հայաստանում ակտիվացած էմոյական շարժումներն են: Այն ունի մի գաղափարախոսություն, որը երիտասարդներին բերում է ինքնասպանության: Խոսքն ավելի շատ անցումային շրջանի երեխաների մասին է»:
Ըստ հոգեբանի՝ սոցիալական վիճակն այնքան էլ կապված չէ ինքնասպանության հետ: Նույնիսկ նորմալ սոցիալական վիճակում ապրող մարդկանց կյանքը դառնում է միալար, ինչը, նրա խոսքով՝ նույնպես հանգեցնում է որոշակի դեպրեսիվ վիճակների:
«Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի հաճախ են ինքնասպանության դիմում: Նույն վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մոտ դեպրեսիաներն ավելի շատ են: Սա կապված է նրա հետ, որ կանայք ավելի շատ են դիմում մասնագետի օգնությանը, ըստ դրա, միգուցե վիճակագրությունը մի փոքր խեղված է»,- ասաց հոգեբանը:
Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ լուրջ խնդիր է այն, որ ծնողների ու երեխայի միջև չկա շփում: Երեխային միայն նկատողություն անելով, արգելելով մտնել այս կամ այն սոցիալական ցանց՝ խնդիրը չի լուծվի. «13-14 տարեկան երեխան մի շրջանում է, որ իր հետ փոփոխություններ են տեղի ունենում: Այս դեպքում շատ ավելի նպատակահարմար է ընկերանալը և ընկերության միջոցով որոշ բաներ փոխելը: Երեխան այդ շրջանում խոցելի է: Այդ շրջանում ծնողն իր երեխայի հետ ունենում է դժվարություններ: Շատ հազվադեպ է լինում, որ դիմում են հոգեբանի ու փորձում են տարաձայնությունները շտկել»:
Հոգեբանի խոսքով`կրոնական ուղղությունները ևս կարող են նպաստել ինքնասպանություն գործելուն. «Դրանք լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը: Իր շրջապատից, ընտանիքից չստանալով ուշադրություն, լսված չլինելով՝ մարդը ձգտում է դեպի այդ շրջանը: Եթե մի շրջան բաց ենք թողնում, բնականաբար, այս խմբերն աշխատում են ակտիվ, սկսում ենք կորցնել այդ մարդուն, ու ինքն արդեն ունենում է իր համոզմունքները, ու շատ դժվար է լինում իրեն ետ բերել»:
Ըստ Միհրդատ Մադաթյանի՝ ինքնասպանության տրամադրված անձի հետ ճիշտ աշխատանք տանելու դեպքում նրանց 80 տոկոսը ետ է կանգնում այդ գաղափարից: Հոգեբանի խոսքով`խրախուսելի է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ոստիկանական համակարգում աշխատեն նաև հոգեբաններ: Վերջիններս, ըստ հոգեբանի՝ բարդ իրավիճակներում կկարողանան մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: