«Ինքնասպանների 80 տոկոսը դեպրեսիվ վիճակում են եղել»
Ամբողջ աշխարհում տարեկան 1 միլիոն 100 հազար մարդ է ինքնասպան լինում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, թե հարցականի տակ պետք է դնել պաշտոնական տվյալները, որոնք նշում են, որ Հայաստանում ինքնասպանությունների թիվը տարեկան մոտ 200-ի է հասնում: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ շատ դեպքերում ինքնասպանության դեպքերը չեն բացահայտել:
Հայաստանն, ըստ Ադիբեկյանի՝ ամենացածր սոցիալական մակարդակ ունեցող երկրների շարքին է պատկանում, սակայն նախկին Խորհրդային Միության երկրների մեջ ինքնասպանությունների թվով գտնվում է նախավերջին տեղում, իսկ վերջին տեղում Ադրբեջանն է: «Ուրեմն՝ մենք բավական կայուն ազգ ենք, որ կարողանում ենք դիմակայել այս վիճակին»,- ասաց նա:
«Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, ոչ միայն հոգեբանական, և, եթե մենք ուզում ենք հասկանալ ինքնասպանության պատճառները, կանխարգելել դրանք, մենք պետք է քննարկենք, թե որ միջավայրն է մարդուն դրդում ինքնասպանության: Նախ ասեմ, որ ինքնասպանությունն անմիջական կապված չէ տնտեսական վիճակի հետ: Ամենաբարձր ցուցանիշը զարգացած երկրներից Շվեյցարիայում է. 100 հազարին 30 ինքնասպան է ընկնում, այն դեպքում, երբ Հայաստանին 100 հազարին գալիս է մոտ 2: Ուրեմն՝ լինել հարուստ երկիր, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ հարստության ձեռքբերումը մեծ հոգեկան լարումներ է բերում»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի՝ ինքնասպանության պատճառները տարբեր են: Դրանից մեկը կոչվում է Լիր արքայի կոմպլեքս, երբ մարդը գտնվում է իր սոցիալական ստատուսի կորստի շեմին: «Երկրորդը արտաքին գործոններն են, որոնք սրացնում են մարդու հոգեկան վիճակը: Ընդհանրապես ինքնասպանների 80 տոկոսը դեպրեսիվ վիճակում են եղել: Կարևոր է նաև այն, որ ծնողը երեխայի հետ չի խոսում նրա պրոբլեմների մասին: Երեխան ինքնուրույն է մեծանում, հաճախ չի կարողանում իր պրոբլեմների լուծումները գտնել: Պատճառներից մեկն էլ ապագայի նկատմամբ անորոշությունն է: Այն նյարդային համակարգի հիմնական հիվանդությունների պատճառ է, իսկ այդ հիվանդների մեջ ինքնասպան լինելու հակումը կտրուկ աճում է: Ընդհանրապես ինքնասպանների 80 տոկոսը նշան է տալիս, որ ինքնասպան է լինելու: Ընդ որում, ինքնասպան եղածների էլի 80 տոկոսն արդեն մեկ անգամ փորձ արել է, բայց այդ փորձը եղել է անհաջող»:
Ադիբեկյանի խոսքով՝ ինքնասպանության դիմողների մեծ մասն ինքնամեկուսացված են կամ ունեն նեղ շրջապատ: Կանայք ավելի են հակված ինքնասպանության, քան տղամարդիկ: Հոմոսեքսուալների մոտ ինքնասպանության մակարդակը 7 անգամ բարձր է՝ հետերոսեքսուալների հետ համեմատած. «Ինքնասպանությունների մեծ մասը գալիս է աշնանը և գարնանը, եղանակների փոփոխության հետ կապված: Ենթադրությունն այսպիսին է, որ գարնանն ինքնասպանությանը հակված մարդը տեսնում է, որ բնությունը ծաղկում է, զարգացում կա դեպի դրական, իսկ ինքը իր պրոբլեմները չի կարողանում լուծել, իսկ աշնանը տեսնում է, որ ամեն ինչ ունի ավարտ, և նա երևի եկել է այդ ավարտին»:
Ըստ սոցիոլոգի՝ թոշակառուների շրջանում ինքնասպանության հիմնական պատճառն արդեն հիշատակված Լիր արքայի կոմպլեքսն է, երիտասարդների շրջանում՝ սերը, ինքնահաստատման խնդիրները: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ինքնասպանության առավել հակված են հետևյալ մասնագիտություններ ունեցող անձինք՝ երաժիշտներ, բուժքույրեր, ատամնաբույժներ, ֆինանսիստներ, հոգեբույժներ, գրադարանավարներ, առևտրականներ:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2009-ին ՀՀ-ում գրանցվել է ինքնասպանության 197 դեպք, 2010-ին՝ 225, 2011-ին՝ 195: 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 647 դեպքեր, 2010թ. համեմատ դեպքերն աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010թ. համեմատությամբ նվազել են 13.3%-ով: Ըստ տարիքային կառուցվածքի, ինքնասպանության դեպքերում գերակշռել են 30-65 (55.4%) և 65 և բարձր (23.1%) տարիքի անձինք: Ինքնասպանության փորձերի դեպքերը 2010թ. համեմատ աճել են 23.2 %-ով և կազմել 452, որոնց կազմում գերակշռել են` 30-65 (47.3%) և 18-29 տարեկանները (35.8%): Ըստ սոցիալական կարգավիճակի և զբաղվածության, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են՝ գործազուրկների, և 16.5%-ը` թոշակառուների խմբերում:
«20-րդ դարից սկսած ինքնասպանությունների թիվն ավելանում է: Սոցիալական կյանքը դառնում է ավելի լարված, ինչը հանգեցնում է նյարդահոգեբանական խնդիրների: Միակ դեղամիջոցը նուրբ վերաբերմունքն է՝ ոչ միայն մեր շրջապատի, այլև նրանց նկատմամբ, ովքեր մեզնից օգնություն են խնդրում: Նույնիսկ փողոցում, որ ձեզ մոտենում են, 50 դրամ են ուզում ձեզնից, որ այդ 50 դրամը չտաք, նա կարող է բավականին ծայրահեղ քայլերի դիմել»,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ ինքնասպանության նախատրամադրվածներին օգնության ձեռք մեկնելու դեպքում 10-ից 8 դեպքում կարելի է փրկել մարդուն: