Հրանտ Բագրատյան. Մենք պնդում էինք, որ դրամի փոխարժեքը լիներ 40 դրամ՝ 1 դոլարի դիմաց, սակայն մեզ չլսեցին
19 տարի առաջ այս օրը հայկական արժույթը դրվեց շրջանառության մեջ: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Հրանտ Բագրատյանը։ 168.am-ի խնդրանքով Հ. Բագրատյանը վերհիշեց այդ օրերի անցուդարձը։
«Դրամը շրջանառության մեջ դնելու համար 1993թ. Ազգային ժողովը ստեղծել էր հանձնաժողով՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ով այն ժամանակ ԱԺ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովում էր: Հանձնաժողովի անդամներն էին այն ժամանակվա Ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը և ԿԲ նախագահ Իսահակ Իսահակյանը: Ազգային ժողովը չվստահեց կառավարությանը դրամի շրջանառության գործընթացների կազմակերպումը, որը կատարել էր բոլոր նախապատրաստական աշխատանքները: Այն ժամանակվա կառավարությունն ունեցել է պասիվ դեր այդ գործում, չնայած դրամ տպելու, փոքրիկ պահուստների հարցերը լուծել է հենց կառավարությունը:
Այդ ժամանակ տեղի ունեցավ հետևյալը: Կառավորությունը պնդում էր, որ դրամը շրջանառության մեջ դրվի 1 դոլարը 40 դրամ փոխարժեքով, սակայն հանձնաժողովի նախագահը որոշում կայացրեց, որ 1 դոլարը արժենա 14.5 դրամ: Չնայած ես էի այդ ժամանակ վարչապետը, և կառավարությունը ներկայացրեց հատուկ կարծիք, սակայն նրանք մեզ չլսեցին: Պնդեցին իրենց առաջադրած կուրսը: Արդյունքում՝ 5-6 օրում դոլարի կուրսը հասավ 250-350 դրամի, այսինքն, եթե մեր ասած կուրսով դրամը մտներ շրջանառության մեջ, ինֆլյացիան 5-6 անգամ պակաս կլիներ։ Չնայած մեր կանխատեսումն էլ չիրականացավ, բայց մենք 3-4 անգամ իրականությանը մոտ էինք, քան Տիգրան Սարգսյանի կանխատեսումը:
Դեկտեմբերի 5-ին՝ տեսնելով, որ կատաստրոֆիկ վիճակ է տիրում, Գերագույն խորհուրդը գումարեց արտահերթ նիստ: Այդ ժամանակ 20 լիտր բենզինի գինը հասել էր մինչև 10000 դրամի: Նույնիսկ այսօր նոր 20 լիտրն այդքան արժե: Դեկտեմբերի 5-ին Կառավարությունը՝ իմ գլխավորությամբ, հանձն առավ իրավիճակը կարգավորելու: Պետք է ասեմ, որ նախագահն այնքան էլ կողմ չէր, որ կառավարությունը խառնվեր այդ գործընթացին, որովհետև դրամը շրջանառության մեջ դնելու գործընթացը տվել էինք ընդդիմությանը: Այդ ժամանակ այդպիսի տոլերանտ մթնոլորտ էր: ԱԺ-ն ինձ այդքան շատ իրավունքներ չտվեց, բայց իրավիճակը կարգավորելու իրավասություն տվեց: Առաջին քայլը, որ արել եմ, դեկտեմբերի 6-ին և 7-ին Տիգրան Սարգսյանին հեռացրել եմ այդ գործընթացները կարգավորելուց, կազմակերպել արտարժույթի ազատ վաճառք: Դեկտեմբերի 20-ին արդեն կուրսը զգալի կայունացել էր՝ մոտավորապես 1 դոլարը 200 դրամի շրջակայքում, բենզինի գինն էլ ընկավ մինչև 2000-2400 դրամ շրջակայքում: Այն ժամանակ բենզինի գինն ավելի կարևոր դեր ուներ, քան դոլարը: Քանի որ բոլորը հասկացան, որ լողացող կուրսն ավելի ճիշտ էր, 1994թ. հունվարին ՀՀ ԿԲ նոր օրենքը սահմանեց դրա օրենսդրական հիմունքները»: