Բաժիններ՝

Միշել Լեյրիս

Երկարամորուս գետնաթզուկները, որոնք իջնում են գետահունով, որն առաջացել է հողում լավայի հոսքերից, փայտից փորագրված կորիգաները, թափանցիկ ձեռքերով սիլֆերը, մինչև գոտկատեղը գետի գալարները խրված ջրահարսերը, բոցե լեզվակի շուրթերով սալամանդրերը, ամենայն ինչ, որ գտնվում է մարդկային էության և անմշակ նյութի միջև, ամենայնը, որ կախված չէ չորս տարրերից, և միաժամանակ կապված է շրջապատում ամեն ինչին, ոչ քար և ոչ էլ ջուր, ոչ ստվեր և ոչ էլ մետաղ, ոչ հասկացություն և ոչ էլ հենք, ոչ կարծր և ոչ էլ գազանման, կիսով չափ թուզ, կիսով չափ խաղող, ոչ ձուկ, ոչ միս, այն ամենը, որ ճակատագրի կամոք առհավետ պարփակված է ծառի մարմնի և կեղևի միջև, թերալիզված արջուկները, թրթուրները, թերակերպափոխված թիթեռները, մարդանման կապիկները, սֆինքսները, ծովահարսերը, վարժեցված կենդանիները, քիմերները, հերմաֆրոդիտները, գրիֆոնները, բոլորը, ովքեր ետ են մնացել ագռավից, բայց սիրամարգերին չեն միացել, Բուրիդանի ավանակները, Նյուտոնի խնձորները, Կոնդիլյակի արձանները, Վոկանսոնի ավտոմատները, դիֆուզիայի արտասովոր հայտնությունը կիսաթափանց միջնորմի միջով, հանքային աղերը գերպաղեցման վիճակում, կեղտը և ձյան խառնուրդը, որով էսկիմոսները պատում են իրենց սահնակակողերը, հնգոտանի հորթուկները, տոնավաճառային առյուծագլուխ արձանիկները, թզուկները, գաճաճները, գյուղական տխմարները, երկկենցաղները, մարդախոտերը, ցից ծառերի ցնորական ճյուղերը, ծովի ջուրը` միախառնված արյան շիճուկին, աղբն ու ամենայն մասնիկները, եղջյուրավոր ամպերը, որդանման անձրևները, արյունալերդ կարկուտը, գող կաչաղակները, ասուպներ նմանակեղծող հին շքանշանները, սիզախոտից շվաբրերը` այդ ամենը դրսևորում է իրեն Հանս Արպի բանաստեղծություններում և այլ ստեղծագործություններում, ժայթքած նրա տաղանդի անհավանական լարումի այնպիսի ուժով, որն ունի այդ հումորի հրաբուխը:

Հանս Արպը հիանալիորեն գիտե, թե ինչ է ատաղձագործի աշխատանքը, և լավ հասկանում է, թե ինչ կարելի է կորզել ամեն մի նյութից. նա վերցնում է տիեզերքը և փոփոխում այն, ինչպես երկաթի ակոսավոր թերթը: Նա ծռմռում է ձևերը և համարյա ամեն ինչում գտնելով համապատասխանություններ՝ անշեղորեն ժխտում է խաբուսիկ դասակարգումը, և նույնիսկ երկրի վրա արարված ամենայնի սանդղակը: Նա ծաղրում է աշխարհը, ինչպես անտեսանելի անտառային ոգի, և կապերի ու հարաբերությունների առանցքում միշտ անպատեհ է գործում` ճիշտ այն շան նման (ես նույնիսկ պատրաստ եմ ճշտելու ` սքոթլ-տերիեր), որը սքանչելի միամտությամբ փորձում է կեգլի խաղալ:

Նրա ներկած փայտից ռելիեֆները, ինչպես նաև՝ նրա «քանդակները» պարանից, կարող էին դառնալ աներևակայելի խրախճանքի պատկեր, որում հավաքվել են ոչ այն է՝ գոյափոխությանը հավատացողները, ոչ այն է՝ ծիսական մարդակերները, և ընթացքում՝ նաև հսկաների ընտանիքը, որոնք դեռևս չեն տարբերվում լեռնային մեծաբեկորներից, որոնք ծնում են նրանց, և բազմաթիվ գետնաթզուկները, պստլիկ ոu գեղասքանչ, եղբայրանում են, ցմրուր ըմպելով այն, ինչն ուրիշներն անվանում են Աստծո շնորհ, ծվատելով ամենաբնական և բանականացված բնությունը խևորեն արնահոսող կտորներով և համեմելով այն մաղադանոսով, որ ունակ է ակնթարթորեն մաքրել երկինքն ու երկիրն ամենայն քաղցրահամությունից և հավերժության չնչին աբսենտից:

Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս