Իվ Բոնֆուա
Ջորջիո Դե Կիրիկո
Նկարը, որ կյանքի որոշիչ պահին հուզել էր ինձ, գուցե թե, մյուսներից ավելի խորը, չէր պատկանում այն բանին, ինչը ես այսօր կանվանեի գեղանկարչություն: Այո, այն ինձ հաղորդակցեց գեղանկարչությանը, դրա շնորհիվ ես ավելի լավ հասկացա մեծ կտավները, բայց դրանց առջև, որ ինձ մի ողջ աշխարհ են ընծայել, այն ցրվեց, ինչպես արթնության ժամին ցնդում են գիշերային երազի արտացոլքերը: Եվ, այդուհանդերձ, եթե ինչ-որ մեկն ինձ հրամայի դրանից հրաժարվել, զոհել այն հանուն այն բանի, ինչը որ այն պահից ի վեր ամենաթանկն է դարձել ինձ համար` ձայնածող գույների հրդեհը Պուսենի կամ Կոնստեբլի երկինքներում, գծերի սրսփոցը Դեգայի գծանկարում, ես բացեիբաց խոստովանել և միշտ խոստովանելու եմ սերս առ այդ նկարը: Անհաղորդ այն փորձին, որ ես ձեռք եմ բերել ամենաազատ, ամենապարզ կտավների առջև, այն մնում էր հանց թույլ պեծկլտոց կտավների ցանցահյուսազարդի վրա, ուր դեռ լրիվ չի հանդարտել երևակայության տենդը:
Խոսքը, կասեն ինձ, ամենասովորական բաների մասին է, և Կիրիկոյի «Փողոցի գաղտնիքն ու մելամաղձոտությունը» նկարը, ինձ վրա, նաև շատ ուրիշների, այդ ազդեցությունը չէր թողնի, որը, գուցե թե, դեռևս տևում է, այդ տպավորությունը չէր թողնի, եթե դրա հեղինակը չհաղորդվեր այն էդիպոսյան անուրջների բազմանշանակ գաղտնագրությանն այն շրջանում, երբ մեր կյանքի մակերեսի վրա ի հայտ եկավ անգիտակցականը: Եթե այդ նկարիչը պատկանում էլ է մեծ արվեստին, որի համար նրան, ի դեպ, չի բավում խստությունն ու պահանջկոտությունը, ապա սոսկ այն չափով, որով մեծ արվեստը նույնպես սնվում է ֆանտազմով, որի սահմաններից այն դուրս է գալիս այն ցանկությամբ, որը վերափոխում է:
Բայց ահա, երբ Բրետոնը դուրս թռավ ընթացող ավտոբուսից, տեսնելով ցուցափեղկում Կիրիկոյի վաղ շրջանի կտավներից մեկը, և ճիշտ նույնպես վարվեց Իվ Տանգին, և Սպոլիները տարօրինակ ծիծաղով պայթեց, ինչն ապշեցրեց շրջապատի մարդկանց` ոչ, դա անգիտակցականի ընդհանրությունը չէ, նրանք այնժամանակ ընդունեցին և գործողության մեջ չտեսնված գեղարվեստական ստեղծագործության օրենքի համար ուրախացան: Ինչպես միշտ, շրջադարձային պահերին, նրանց մեջ դարձյալ բռնկվեց հույսը:
Հո՞ւյսը: Սակայն սկզբում՝ փլուզման ինչպիսի ընդունում: Որովհետև վերը հիշատակած «մելամաղձոտությունը»՝ դա, անկասկած, հեռանկարի մելամաղձոտությունն է, որի օգնությամբ Արևմուտքը միշտ մտածել է փոխարինել մի ժամանակ ապրված վայրը, զրնգուն, լիիմաստ, սրբազան վայրը փոխարինել երկրաչափական տարածությամբ, արտաքին աշխարհով, անգոյությամբ: Առանձնացնելով հեռու փախչող գծերը, ֆանտաստիկորեն ծանրացնելով առարկաների փորագրովի ուրվանկարը երկնքի ծայրին, Կիրիկոն մտածված ընդլայնում է անմիջականության և գիտակցության, իրականության և հասկացության միջև եղած ճեղքվածքը, որից այնքան էր վախենում կլասիցիզմը, և ինչը դարձավ ժամանակակից արվեստի ելակետը: Նա ազդարարեց փլուզումը, և այդ փլուզումը մեր առջև բացում է բեկորների կուտակումը, ուր, այսուհետ, զուրկ առ Միասնականը մոտեցումից, ցանկությունը և իսկապես կարող է սնուցել ֆանտազմները, հիանալով մի բանով` դրանց ծանր ծաղկաբույլերի արտասովորությամբ:
Սակայն ժամանակաց վերջի դաժան պարզության մեջ մենք, որքան ապշեցուցիչ է, հայտնաբերում ենք Կիրիկոյի մոտ այդ կանաչն ու երկնագույնը, սևության այդ փայտագերանները, այդ ճերմակ թնջուկները կապտաբիլ երկնքում, ինչ-որ, երբեմն տարբերակելի ամայի ափունքներում, յուրահատուկ, ինքն իր մեջ փակված կառուցվածքը, նշանը, որն ասես խոսում է այլ հոգևոր կառուցվածքի մասին, որ դեռևս անթափանց է մեզ համար, որ մինչև այսօր գաղտնիք է մնում մեզ համար:
Գույնի այդ հիերոգլիֆները` այլ տրամաբանության վկայություն է, որի ձգողականության դաշտում են ձեռնոցը, եղևնու կոնը, հռոմեական կիսանդրին, ընկնող ստվերները, ինքը՝ վիթխարի արեգակը` ասես տեղափոխվում են, հանց տարագրյալները ճամփին, քարացած սպասման մեջ, աչքերը գոց: Դե ինչ, եթե, այսպես կոչված, անգիտակցականը` ոչ թե պարզապես մի քանի փաստ են ի հավելումն արդեն հայտնիի, այլ արձանագրություն, աշխարհի հետ այլ հարաբերությունների արձանագրություն: Գուցե, թվում է թե, դատապարտված արվեստի առաջ այստեղ բացվում է չկանխատեսվող ապագա՞ն: Փողոցի անկյունում՝ ոչ թե դրա նման ևս մեկն է, այլ դեմքին խփող լույսը:
Պոեզիան՝ ահա թե ինչը մի կարճ ակնթարթ վերածնեց Կիրիկոն մեր կործանված քաղաքի լաբիրինթոսում:
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը