Օլիվյե Դեբրե
Դեբրեի գործերի առջև ավելորդ անգամ հասկանում ես, թե որքան բաների մասին է այսօր գեղանկարչությունը որոշել լռել, որպեսզի ավելի անառարկելիորեն հաղորդի այն, երևի թե, որ երդվել է հասցնել ամեն գնով:
Կարծում եմ, որ այդ ամենը, թե՛ ասվածը, թե՛ թաքցրածը` այնքան էլ պարզ բան չէ: Ինչպես էլ որ լինի, հետաքրքրական շրջադարձ է տեղի ունեցել, և խնդիրն ամբողջի համոզչականությունը վերադարձնելն է` մանրամասնը, ճյուղավորումը, նրբերանգները` փոխանցված, վերավստահված հենց արտահայտչամիջոցներին:
Կարծես թե ամբողջի առանձնահատկությունները (նույնականությունը, հակասականությունը) անցել են սուբյեկտից օբյեկտին, և հիասթափվելով ընկալման մեջ՝ դրանք փորձում են գտնել արդեն միայն տեքստում:
Սակայն, այդուհանդերձ, մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան սպասում է այդ նկարներից, հակառակ դեպքում ինչո՞ւ են դրանք նկարում:
Ենթադրենք, Օլիվյե Դեբրեն բնանկարիչ է: Այդժամ նրա ճիգերը (և ջանքը, և հաջողությունը) կլինի այն, որ պատկեր ստեղծի, և ինչպե՞ս այլ կերպ, եթե դու նկարիչ ես: Բայց պատկեր՝ ընդհակառակը, որը փախցնում, կողմ է տանում մեր հայացքը, թաքցնելով մանրամասները և թողնելով միայն. որ աղոտ գլխի ընկնես այդ վայրերի սքանչելի, անկրկնելի լույսով ողողված քամիների և շաբաթների մասին:
Զգացողությամբ դուրս գալ հայացքի դռան միջով` գեղանկարչությունը երբեք այլ բան չի անում: Սակայն արդյունքում համոզում է չհավատալ աչքերին: Սա է խաղի էությունը, նրա կանոններն ու արժանապատվությունը, դա է և մեր բավականության ակունքը:
Մի ժամանակ արժանափառ միջոց էր դրա համար, այժմյան բառակիրառմամբ՝ անեկդոտ, Կոնստանտինի երազը, Գրանդ Ժատը (Ժորժ Սյորայի նկարը), մրգամանը:
Ավելի ուշ կանգ չառնելով առավել կոպիտ հնարքների առջև՝ աչք էին կոխում յուրաքանչյուր ներկը, կուտակում էին հանդիսատեսի և կտավի միջև աներևակայելի ջղաձգումների մի ողջ աշխարհ, համարյա թե շաղ տալով բիտումով, ավազով կամ խճաքարով:
Մենք հանձնվեցինք և ստիպված ենք այս հիշատակմամբ ընդունել, նույնիսկ փոքր-ինչ հագեցել ենք ապացույցներից:
Այնինչ բեմ է ելնում արդեն նոր խումբը՝ «աբստրակտ արվեստի» պարզասիրտ հետևորդներըգ
Ահա թե ինչի մասին էի ես մտածում, երբ գրասեղանի առաջ հակված, տեղնուտեղը հայտնվեցի ընկերոջս հետ, երիտասարդ տուրինցի գյուղացու, որ մի երկու օրով եկել էր մայրաքաղաք, հայտնվելով մեկեն Լուվրի բոլոր դահլիճներում:
Սովորական էքսպոնատներից բացի, վիթխարի շինության մեջ նեղվում էր իմպրեսիոնիստների թանգարանը, Ժամանակակից արվեստի պատկերասրահը և ողջ նախորդող գեղանկարչությունը՝ ապելեսյան խաղողից սկսած՝ մինչև վերջին ժխտողները` Սուլաժի, Կլայնը, ակցիոնիստները:
Բայց մենք, նկարներից ոչ մեկով չտարված, տարբեր բաների մասին էինք խոսում, հատկապես շեշտը դնելով անտանելի հեղձուկի վրա: Հսկիչները ջեռուցիչներին կպած ննջում էին:
Հետո ընկերս ետ մնաց, և հանկարծ ես զգացի, թե ինչպես դահլիճ, քթածակերս բանալով, ոտից գլուխ շամփրելով՝ ներխուժեց և թոքերս լցրեց թարմ օդը:
Շրջվելով՝ ես տեսա, որ իմ տուրինցին ծնկաչոք կեցած է դուրս տանող ապակեպատ դռան առաջ, որը հենց նոր էին կիսաբաց արել: Նա բոլորովին այլ տեսք ուներ և ձեռքին վրձիններ էր բռնել: Ճիշտ և ճիշտ աղոթքով տարված մոնթ, մի տեսակ Ֆրա Անժելիկո:
Մի քանի վրձնահարվածով նա ամրացրեց փեղկը՝ չթողնելով, որ այն փակվի:
Եվ տեղնուտեղն ինչ-որ քլորոֆիլային մաքրություն փչեց:
Ես տեսա Օլիվյե Դեբրեին:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ