Անդրե Բրետոն
Արշիլ Գորկի (Հայացքի ուժը)
(էսսե)
«Խավարը, բթամտությունը և մտավոր կուրությունն այն պարզունակության հետևանքն են, որ կարգավորում են մեր դատողություններն ու մեթոդները»: Այս խիստ արտահայտություններն է օգտագործել ավելի քան մեկ դար առաջ մեծ գրող, հեղափոխական Շառլ Ֆուրիեն՝ իր ժամանակաշրջանը բնութագրելու համար, և ինչն այսօր տառացիորեն շարունակում է ընդհանրանալ նկարելու, գրելու, ինչ-որ ձևով արտահայտվելու մեջ: Ես գտնում եմ, որ աչքը չի ստեղծվել այն բանի համար, որպեսզի բավարարվի հայելու պասիվ դերով, եթե նույնիսկ այդ հայելու մակերեսն օժտված է որոշակի յուրօրինակությամբ, բացառիկ թափանցիկությամբ, խաղացկունությամբ, եռքով կամ հղկվածությամբ: Այդ հայացքն ինձ թվում է ոչ պակաս մեռյալ. քան գլխատված կովինը, որ ունակ է միայն արտացոլելու, որ առարկան արտացոլում է մեկ կամ մի քանի անկյուններից՝ շարժման, հանգստի պահին, տրամադրելով դա իրական կամ երազային աշխարհներին:
Տեսողական գանձն այլ տեղ է, արվեստագետների մեծամասնությունը պտտում է բոլոր ուղղություններով ժամացույցի թվատախտակը, առանց դույզն-ինչ խորհրդածելու անթափանց տուփի մեջ գտնվող զսպանակի մասին:
Հայացքի ուժըգ Արշիլ Գորկին ինձ համար առաջին նկարիչն էր, ով ամբողջությամբ բացահայտեց այդ գաղտնիքը: Ի վերջո, աչքը չի արարվել այն բանի համար, որպեսզի գույքագրի իրերը կամ դատական կատարածուների նման վայելի կեղծ իմացության ցնորքները՝ մտագարի հանգույն: Այն ստեղծված է, որպեսզի կամուրջ կապի, հաղորդալար անցկացնի ամենատարասեռ առարկաների միջով: Այդ լարն իր ողջ ճկունությամբ պետք է ամենակարճ ժամկետում ընկալի և միաձուլի բազում մտային և ֆիզիկական կառուցվածքները, առանց պայմանական ընդմիջման: Այդ հարաբերությունները մշտապես պղտորվում են պայմանական համանմանության օրենքներով, որը մրգաջրի խնձորը տանձ է կոչում և գիտական դասակարգմամբ՝ միևնույն պայուսակի մեջ է զետեղում օմարին (ծովային տասնոտանի խեցգետնին) և սարդին:
Բարոյական մեկուսացումից դուրս բերող բանալին կարող է գտնվել միմիայն իմացության այս ծիծաղաշարժ ձևերի հետ կապը խզելուց հետո, այն պարփակված է զուգահեռների ազատ և անկաշկանդ խաղում: Զուգադրությունների տեղեկատուն մեծապես ընդլայնվում և նրբանում է այն ժամանակից ի վեր, երբ Ֆուրիեն կաղամբի մեջ հայտնաբերեց սիրո խորհրդանիշը և սկսեց փառաբանել գունային հաջորդաբույլքի հստակությունը, որ թույլ է տալիս տարբերակելու, թե տվյալ գաղափարագիրն ինչ կրքով է առնչվում որևէ բույսի, կենդանու կամ հանածոյի:
Ռեմբոն, Լոտրեամոնը և շատ այլք ապրել են այդ ամենը: Բոլորովին վերջերս մենք հիանում էինք Արշիլ Գորկու մի նկարով՝ «Աքաղաղի լյարդը կատարն է», որը լայն դուռ է բացում դեպի համանմանությունների այդ աշխարհը: Արագ որոշում կայացնողներն այստեղ կմոլորվեն և չեն գտնի այն, ինչ փնտրում են, չնայած բոլոր նախազգուշացումներին՝ նրանք պիտի համառեն, փնտրելով այդ կոմպոզիցիաներում նատյուրմորտ, բնանկար կամ ֆիգուր, քանզի չեն հանդգնի տեսնել իրենց առջև խառնածին ձևերը, որոնց մեջ են ձգտում մխրճվել մարդկային բոլոր հույզերը:
Խառնածին ասելով՝ ես հասկանում եմ այն համընթաց ուժերը, որոնք իրենց մեջ ընդգրկում են մանկական և այլ հիշողությունների ողջ հոսքը, ինչը դիտողի մեջ ծայրահեղ կենտրոնացում է առաջացնում: Հիրավի, կարևոր է ընդունել, որ Արշիլ Գորկին բոլոր գերիրապաշտ նկարիչներից միակն է, որ սերտ հարաբերության մեջ է բնության հետ: Սակայն բնությունից հույզեր մակաբերելը նրա միակ նպատակը չէ:
Նա ավելի շատ ցանկանում է ունենալ զգացողություններ, որոնք ունակ են հոգեվիճակների մեջ խորանալու համար հենարաններ դառնալ: Համանման վիճակներն արժևորվում են Արշիլ Գորկու անձնավորության բացառիկ խստաշնչությամբ և քնքշությամբ, և իրենց արտահայտման մեջ դրանք կրում են այն բոլոր դժվարությունները, որ ունենում են գարնանային ծաղիկները լույս աշխարհ գալիս: Առաջին անգամ է բնությունը դրսևորվում գաղտնագրի ձևով, որին նախորդող զգայական հենքը պայմանավորված է նույնիսկ կենաց ռիթմի հայտնաբերմամբ:
Քանզի սա բոլորովին նոր արվեստ է, որ նորաձևությամբ և հակասությունների հետևանքով այսօր ձգտում է եղծել սյուրռեալիզմը՝ շեշտը դնելով արտաքին երևույթների վրա: Ամենահամբերատար, ամենավեհ զարգացման շնորհիվ է, որ Արշիլ Գորկին քսան տարի շարունակ կամենում է ցույց տալ, որ միակ բացարձակ միջինը պարփակված է միջոցների լիակատար մաքրության, տպավորությունների չթոշնող թարմության մեջ, և միայն անսահման նվիրման միջոցով է հնարավոր թռիչք գործել հին սովորույթից և լույսի անհուն ճառագայթով ցուցանել ազատության ներկա ուղին:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ