Բաժիններ՝

Ինչպես նվազեցնել օդի աղտոտվածությունը

2020-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության փորձագետները:

Քաղաքների աղտոտվածությունը կարող է առաջանալ ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների, ոչ ճիշտ քաղաքաշինության արդյունքում, և այլն: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական ֆակուլտետի հայցորդ Ռայա Խլոպուզյանն ուսումնասիրում է մարդու օրգանիզմի վրա ավտոտրանսպորտի արտանետումների և  քաղաքաշինության առանձնահատկությունների բացասական հետևանքների նվազեցման ուղիները:

Նա այս մասին մի շարք հոդվածներ է հրապարակել և զեկույցներով է հանդես եկել: Իր եզրահանգումների և խնդրի հնարավոր լուծումների մասին Ռ. Խլոպուզյանը կիսվեց նաև 168.am-ի հետ:

«Մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչը համարում ենք ավտոտրանսպորտը, որովհետև ավտոմոբիլների շարժիչներից արտանետվող գազերում առկա են բազմաթիվ օքսիդային, ծծմբային միացություններ և այլ վնասակար նյութեր, որոնք ցրվելով շրջակա միջավայրում՝ վնաս են հասցնում հենց առաջին հերթին մարդու առողջությանը»,- ասաց Ռ. Խլոպուզյանը:

Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմի վրա այդ բացասական ազդեցությունը լինում է երկու ձևով՝ անմիջական և միջնորդավորված: Անմիջական ազդեցությունը, ըստ Ռ. Խլոպուզյանի՝  մթնոլորտային օդի միջոցով հենց շնչառական օրգաններով է մարդուն փոխանցվում, իսկ ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, դա այն է, երբ աղտոտված մթնոլորտային օդի արտանետումները նստում են հողի, ջրի և բուսականության վրա, այնուհետև փոխանցվում և ապա՝ արդեն այդ աղտոտված ջուրն ու գյուղմթերքները բերանի խոռոչով մարդու օրգանիզմում են հայտնվում:

Երիտասարդ գիտնականը խնդրի համար մի շարք լուծումներ է առաջարկում, օրինակ՝ երբ խոսքը վերաբերում է տրանսպորտին, ապա, օրինակ՝ վառելիքի պարագայում՝ բենզինի այրումից արտանետված նյութերն ավելի վնասակար են, քան, օրինակ, գազային վառելիքից արտանետված նյութերը, այդպիսով, ըստ Ռ. Խլոպուզյանի՝ պետք է ավելացնել գազային ավտոմոբիլների քանակը՝ զուտ մթնոլորտի մաքրության տեսակետից ելնելով: Բացի այդ, նա առաջարկում է ավտոմոբիլային ճանապարհի և մայթերի միջև ընկած տարածությունում բուսականություն կամ կանաչապատ տարածքներ ստեղծել, որոնք կկլանեն այդ աղտոտված օդը:

Ռ. Խլոպուզյանն օդի աղտոտվածության մեծացումը կապում է նաև քաղաքաշինության նորմերին անհամապատասխանելիությանը:

«Մթնոլորտային օդի աղտոտումը մեծանում է նաև այն պատճառով, որ քաղաքաշինությունն իրականացվում է ոչ քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքները մեծանում են ոչ թե՝ որ դրանց սահմաններն են մեծանում, այլ կանաչապատ տարածքների օգտագործման հաշվին, կամ, երբ բնակելի շենքերը կառուցվում են իրար շատ մոտ, իսկ մի շենքի համար նախատեսված տարածքում ևս մեկ այլ շենք է կառուցվում: Ոչ ճիշտ շինարարության  հետևանքով, արդեն քամու հոսքն է արգելափակվում, և խախտվում է քաղաքի օդափոխությունը: Այսինքն՝ քաղաքն էկոլոգիապես արդեն մաքուր լինել չի կարող»,- ասաց Ռ. Խլոպուզյանը՝ ընդգծելով, որ քաղաքաշինությունը ևս մեծ դեր է կատարում մթնոլորտային օդի աղտոտվածության հարցում:

Մեր զրուցակիցը նշում է, որ այդ ամենն ամբողջովին վերացնել հնարավոր չէ, և իդեալական մթնոլորտային օդով քաղաք գոյություն չունի, և, եթե անգամ քաղաքում մեքենա չլինի, իսկ տվյալ քաղաքի շինարարությունը լավ լինի, միևնույն է, քամին բերում է այդ աղտոտված օդը, բացի այդ, քաղաքը կարող է աղտոտվել նաև մթնոլորտային տեղումների՝ անձրևի, ձյան միջոցով: Սակայն, իհարկե, քաղաքի աղտոտվածությունը կարելի է գոնե հնարավոր նվազագույնի հասցնել:

Առաջիկայում երիտասարդ գիտնականը պատրաստվում է ուսումնասիրել և համեմատել Երևան և Ալավերդի քաղաքների էկոլոգիական իրավիճակը, իսկ հետո առաջարկներ ներկայացնել՝ քաղաքների աղտոտվածության մակարդակը նվազեցնելու վերաբերյալ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս