Իսկանդարյանը՝ ՄԻ պաշտպանին. «Թող այդպես չխոսի…»
ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, «Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» հ/կ նախագահ Սուրեն Իսկանդարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իր դիմումի համաձայն հրաժարվել է Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբից, որտեղ եղել է որպես համագործակցող հասարակական կազմակերպության նախագահ: Նրա խոսքով՝ այդ ձևաչափն իրեն դուր չի եկել, ուստի վկայականս հանձել ու դուրս է եկել:
– Պարոն Իսկանդարյան, ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ այդ խմբից:
– Ամեն բան կատարվում է միակողմանի: Նախ` շատ մեծ ջանքերով են լուսաբանվում դեպքերը, թող այդպես չխոսի (նկատի ունի Մի պաշտպան Կարեն Անդրեասյանին.-Մ.Մ.): Իսկ հասարակական սեկտորի ներկայացուցիչները` ի տարբերություն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների, առանց աշխատավարձ ստանալու, իրենց միջոցներով են աշխատում:
– Այսինքն՝ պաշտպանը փորձում է հաճոյանա՞լ իշխանություններին:
– Եկեք չմոռանանք, որ ՄԻՊ գրասենյակը պետական կառույց է, սնվում է պետբյուջեից, և ով ֆինանսավորում է, նա էլ պատվիրում է երգը:
– Իսկ բացի Ձեզնից, այդ խմբից քանի՞ հոգի դուրս եկան:
– 11 հոգուց 5-ը դիմում է գրել դուրս գալու մասին: Այս պահին որևէ տեղեկություն չեմ ուզում տալ, քանի որ առայժմ քննարկումների փուլում է հարցը: ՄԻ պաշտպանը փորձում է ամեն ինչ անել, որ խնդիրը շտկի: Եթե նկատել եք` վերջերս արագ արձագանքման խումբը բավական արդյունավետ է աշխատում, ինչը հ/կ-ի աշխատանքի արդյունքն է` որտեղ եղել ենք, այդտեղ եղել են խնդիրներ, իսկ որտեղ չենք եղել` եղել է ծածկադմփոց: