«ԵՄ-ն ձգտում է դեպի ՌԴ, բայց մեզ ասում են այնտեղ չի կարելի գտնվել, հանկարծ չգնաք». Արամ Կարապետյան
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող խուսափել Եվրասիական միությանն անդամագրվելու հարցի քննարկումից: Նրա դիտարկմամբ՝ Եվրասիական միությանն ինտեգրվելու հարցի վերաբերյալ միայն ռեալ քննարկումները կտան արդյունք՝ կողմնորոշվելու ստեղծված քաոսային վիճակում: Այս մասին այսօր նա հայտարարեց «Հայաստան և Եվրասիական միություն» թեմայով կայացած սեմինար-քննարկման ժամանակ:
168.am-ի հետ զրույցում Ա. Կարապետյանը նշեց, որ Եվրասիական միությունն որպես արդպիսին գոյություն չունի և ցավալի է, որ հարցի շուրջ խոսվում է ոչ մասնագիտական մակարդակում:
«Եվրասիական տնտեսական տարածքն ու մաքսային միությունն այսօր արդեն ընդգրկում են 180 մլն մարդ, որը կազմում է 2 տռլն ՀՆԱ և մոտավորապես 958 մլդ ապրաքափոխանակություն: Եթե Դուք գիտեք ավելի մեծ շուկա, որն այսքան մոտ է Հայաստանին և կարող է հնարավորություն ստեղծել մեզ համար ներկայացվելու այդ շուկայում՝ առանց որևէ պայմանի, ուրեմն ես կլռեմ և կասեմ, որ Դուք ճիշտ եք: Բայց նման շուկա գոյություն չունի»,- ասաց Արամ Կարապետյանը:
Մեր հարցին, թե արդյոք Եվրասիական միությանն անդամակցությունը չի՞ խոչընդոտի ԵՄ-ի հետ ինտեգրվելու ծրագրի իրականացմանը, Արամ Կարապետյանը պատասխանեց, որ ԵՄ-ն, որ այդքան ջատագով է, որպեսզի Հայաստանն ինտեգրվի իրեն և ոչ Եվրասիական միությանը, 320 մլդ դոլարի տարեկան առևտուր ունի Ռուսաստանի հետ: «Իրենք ռուսական շուկայում բավական ակտիվ փորձում են գործել, ձգտում են դեպի ՌԴ-ն, բայց մեզ ասում են, որ այնտեղ չի կարելի գտնվել, հանկարծ չգնաք այնտեղ, որովհետև ամուր չէ»,- հավելեց նա:
Ա. Կարապետյանի խոսքով, թեև Եվրասիական միության ինտեգրման դեպքում Հայաստանի համար օգտակարության տեսանկյունից հաշվարկներ չի իրականացրել, սակայն Տաջիկիստանի օրինակով կարող է ասել, որ միայն վառելիքի, մասնավորապես՝ բենզինի փոխադմամբ, տարեկան 400 մլն դոլարի օգուտ են ձեռք բերել: «Արդյունքն ակնհայտ դրական է: Ձեզ միայն թվեր եմ ներկայացնում, որ պատկերացնեք դրական կողմերը: Սրանք պարզապես օդից կախված մտքեր չեն, թե Եվրասիական միությունը օգտական կլինի մեզ համար»,- նշեց նա:
Իսկ տնտեսական առումով ԵՄ-ն և Եվրասիական միությունն Արամ Կարապետյանը հավասար հարթության վրա է դիտարկում: Ըստ նրա՝ երկուսի պարագայում էլ Հայաստանն անպայմանորեն պետք է մաս կազմի այդ մեծ շուկային: «ԵՄ-ում էլ լինելու են խրթին հարցերը, Բրյուսելի թելադրանքը: Չկա մի միություն, որին ինչ-որ բան չտաս, չհատկացնես, և միայն ձեռք բերես»,- շեշտեց Ա. Կարապետանը:
Վերջինս ընդգծեց, որ Եվրասիական միության գաղափարն առաջարկվել է դեռևս Սախարովի կողմից. «Արխիվներում այս մասին կա: Դեռևս 89 թվականին նա Գարբաչովին է առաջարկել միության գաղափարը, սակայն վերջինիս կողմից առաջարկը մերժվել էր»: