Արձակուրդային հեղինակություն

Դժվար է ասել` կատարվածը սպասելի՞ էր, թե՞ անակնկալ: Քսան տարին պետական ավանդույթներ ունենալու համար հավանաբար բավարար ժամկետ չէ: Բայց ավանդույթների փոխարեն` ահագին օրենքներ ունենք: Նույնիսկ պետական բյուջեի մասին:

Օրենքով փորձել ենք կանոնակարգել «պետական բյուջե» հասկացությունը: Օրենքը կանոնակարգում է, թե գործադիր իշխանությունը երբ գրի-պրծնի բյուջեի նախագիծը:

Օրենսդիր մարմինը երբ ու ինչ ժամկետներում քննարկի նախագիծն ու դրան օրենք հայտարարի: Կառավարությունն ինչպես կատարի բյուջեն: Նույնիսկ ամրագրվում է, թե կառավարությունն ինչ լիազորություններ ունի այս կամ այն ոլորտի հաստատված ֆինանսական հատկացումներում փոփոխություններ անելու, և ինչ ժամկետում հաշվետվություն ներկայացնի բյուջեի կատարման մասին:

Առերևույթ կարծես ամեն ինչ ապահովված է երկրի տարեկան բյուջեն լուրջ երևույթ ընկալելու համար: Պաշտոնական քննարկումներում բյուջեի մասին օրենքը, ոչ ավել, ոչ պակաս, «տարվա հիմնական փաստաթուղթ» է անվանվում: Քիչ էր մնում հասարակությունն այդ ամենը լուրջ ընդուներ:

«Բյուջե 2013-ը» բավական լուրջ քննարկվեց: Ժամանակագրական առումով այն համարյա համընկավ 2012-ի բյուջեի կատարողականի բավական շահագրգիռ ու աշխույժ քննարկումների ավարտի հետ: Խորհրդարանում քաղաքական ուժերն էին վերլուծում այն, մամուլում` փորձագետները: Բոլորը հավանաբար ենթադրում էին, որ անցած քննարկումները լուրջ ազդեցություն կունենան նոր նախագծի վրա:

Ենթադրում էին ու առաջարկություններ անում: Կառավարությունը պարբերաբար ու լուրջ-լուրջ քննարկում էր հնչած առաջարկները: Քննարկում ու որպես կանոն` մերժում էր: Դա անսպասելի չէր: Բայց միևնույն է` բոլորը ներքաշվել էին «տարվա կարևոր փաստաթղթի» քննարկման գործընթացի մեջ: Ու հանկարծ պարզվեց, որ իզուր:

Բառացիորեն օրերս ակնհայտ դարձավ մեր իշխանությունների վերաբերմունքն այս փաստաթղթի նկատմամբ: Բյուջեի քննարկման ամենալուրջ (կամ ամենակարևոր) պահին պարզվեց, որ հանրապետության նախագահը կարճատև արձակուրդ է մեկնել: Հետո հայտարարվեց, որ անակնկալ (ու նույնքան կարճատև) արձակուրդ է մեկնել խորհրդարանի նախագահը: Ճիշտ այն պահին, երբ ԱԺ-ն սկսել էր բյուջեի նախագիծը քննարկել լիագումար նիստերում:

ՀՀ վարչապետն էլ չբարեհաճեց անձամբ ներկայացնել կառավարության լրամշակած նախագիծը: Նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահն ավելի կարևոր գործեր ուներ: Ու բոլորը հասկացան, որ հասարակության ու քաղաքական ուժերի վերաբերմունքը չափազանցված է: Իշխանություններն իրենք լուրջ երևույթ չեն համարում բյուջե ասվածը: Ափսոս էր: Ու այլևս ավելորդ են բյուջեի նախագծի բոլոր վերլուծությունները:

Միևնույն է, այդ ճանապարհով երբեք չես հասկանա, թե ինչ տնտեսական քաղաքականություն են մշակել ու վարում իշխանությունները: Մինչդեռ նոր բյուջեն հավակնում էր տարբերվել նախորդներից: Կարծեմ ՀՅԴ խմբակցության առաջարկով բյուջեի մեջ դրա կատարման ռիսկերի հատված էր ավելացվել:

Հավանաբար, այդ ռիսկերը կանխատեսելու, գնահատելու և կառավարելի դարձնելու բարի նպատակով: Ինչպես կասեր Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինը` «Ուզում էին, որ լավ լինի, բայց ստացվեց` ինչպես միշտ»: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը:

Նրա կարծիքով, ռիսկերի նկարագրությունը գրված է «ծավալուն և անորոշ»: Հիասթափության ֆոնին հայտնված տեսակետը, որ իշխանությունները լուրջ չեն մոտենում «տարվա կարևոր փաստաթղթին», տրամաբանորեն միակ ենթադրելին չէ:

Կարելի է նաև ենթադրել` իշխանությունները վստահորեն գիտեն, որ մեր խորհրդարանից անակնկալներ սպասելը պարապ գործ է: «Ինչո՞ւ ավելորդ ջանք ու եռանդ դնել, խորհրդարանի խոսնակին զրկել արձակուրդի սահմանադրական իրավունքից, կամ վարչապետին պարտադրել հանուն ինչ-որ անհասկանալի ավանդույթների պահպանման համար անձամբ ներկայանալ խորհրդարան» հարցը (կամ հարցերն) ինքնին անարժեք են: Նույն այդ քսանամյա պետական կյանքի ավանդույթների համաձայն` խորհրդարանը միշտ հլու-հնազանդ հաստատել է իշխանությունների ներկայացրած բոլոր նախագծերը:

Ճիշտ այս պահին երկրորդ նախագահը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրակարգը թերի է: Որ համամասնական ընտրակարգով խորհրդարանում ֆեոդալներ են հայտնվում` վասն իշխանական մեծամասնության ապահովման:

Բայց խորհրդարանի հեղինակության անկումը ընտրակարգով բացատրելը, կարծես, ճիշտ չէ:

Հայկական նորօրյա ֆեոդալական տները մեծամասնական ցուցակներով էլ միշտ ներկա են եղել օրենսդիր մարմնում: Նույնիսկ արյունակից եղբայրներ են անդամագրվել հակառակորդ կուսակցությունների ցուցակներում: Ավատատիրությունը բազմադարյա փորձ ունի: Եվ համադրելի չէ մեր քսանամյա ավանդույթների հետ: Պատճառները, երևի, ավելի խորքային են:

Ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել այն պնդումը, որ մեր պետությունը կերտում ենք մեր պատկերով ու նմանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս