Հայաստանյան StartUp Cup-ի հաղթողներն արդեն հայտնի են
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մեր երկրում մեկնարկեց «Ձեռներեցության համաշխարհային շաբաթը», որի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, ձեռներեցության դասընթացներ, ֆիլմերի դիտումներ, և այլն:
Այսպիսով՝ StartUp Cup-ն օգնում է հայաստանյան շուկայում կառուցել նոր արտադրանքների բիզնես մոդելներ, և որքան շատ StartUp կա երկրում, այնքան հավանականությունն ավելի մեծ է, որ դրանցից մեկը կդառնա facebook, amazon կամ google:
Այսպիսով՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող StartUp Cup մրցույթի հաղթող երեք բիզնես մոդելների անուններն արդեն հայտնի են: Հաղթող խումբը TECTVM մշակեց և ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել, որը կանխում է վիրուսային վարակները, և կարող է օգտագործվել թե՛ բուժման ընթացքում, թե՛ դրանից հետո:
Երկրորդ մրցանակը տրվեց ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել՝ զարգացրել էր «Ամբողջական ձայնային տաղանդ ձայնագրման ստուդիան՝ պրոֆեսիոնալ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտանում է աուդիո գրքերում, աուդիո ուղեցույցներում և այլ աուդիո ձայնագրություններում»:
Երրորդ տեղը գրավեց Innovative Greenhouse-ը, որը մշակել է եզակի տեխնոլոգիա, որը գազի կայաններից կորցրած էներգիան փոխակերպում է ջեռուցման ամբողջ տարին ջերմոցային միջավայրում մրգեր, բանջարեղեն և վարդեր աճեցնելու համար, նրանց բիզնես մոդելը ստացավ երրորդ մրցանակ:
Երեք հաղթողները դրամական մրցանակներ ստացան. առաջին տեղի համար՝ 1,200 000 դրամ, երկրորդի՝ 800.000 դրամ, իսկ երրորդ տեղի համար՝ 200 000 դրամ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից՝ աջակցելու և բիզնեսն ընդարձակելու համար:
Հայաստանում StartUp Cup-ի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց սպասելիքներն արդարացան և դեռ ավելին, StartUp Cup-ը ցույց տվեց, որ այն թիմերը, որոնք դիմել էին, իրոք անում են լուրջ քայլեր՝ իրենց երազանքներն իրականացնելու և բիզնես մոդելները կյանքի կոչելու ուղղությամբ:
«Այն աջակցությունը՝ ֆինանսական, և թե խորհրդատվությունը, որը ստանում են թիմերը մեզնից, և թե ընդհանրապես՝ այս միջավայրը լրացուցիչ խթան է հանդիսանում, որ նրանք լավ աշխատեն»,- ասաց Հ. Ասրիյանցը:
Հիշեցնենք, որ օգոստոսից սկսած՝ մրցույթի մասնակիցները մշակում էին իրենց բիզնես մոդելները, իսկ սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարին, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրը:
Հայաստանյան StartUp Cup-ը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սին» և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանը աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը, DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը: