«Ամենակարևորը քաղաքացու գիտակցությունն է». Արթուր Իսպիրյան

Վերջերս թողարկվել է երգիչ Արթուր Իսպիրյանի «Once upon a time in Yerevan» (թարգմանաբար` «Ժամանակին Երևանում») ձայնասկավառակը: Կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի ու Մարտին Վարդազարյանի հետ տարիներ առաջ նա ձայնագրել էր «Խոսում է Երևանը», որում ամփոփված էին Երևանի մասին բոլոր երգերը: Նրանց հետ արված այս երկրորդ ձայնասկավառակում ամբողջացված են 40-ականների, նախապատերազմյան երգերը: Ձայնասկավառակում տեղ են գտել Առնո Բաբաջանյանի, Մարտին Վարդազարյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի և այլոց ստեղծագործությունները:

Ձայնասկավառակի, Երևան քաղաքի, նրա քաղաքացիների, այսօրվա բացթողումների և  բարեփոխումների մասին 168.am-ը զրուցեց երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:

– Արթուր, այս` ռետրո երգերով ձայնասկավառակը թողարկելով` ի՞նչ նպատակ եք հետապնդել:

– Իմ միակ նպատակը վաղուց մոռացված և շատ քիչ լսված երգերը մարդկանց հասանելի դարձնելն էր: Մենք նոր սերնդին սովորեցնելու շատ բաներ ունենք, և սա կարծես մի փոքրիկ կամուրջ է դեպի անցյալ: Այսօր ջազային արվեստի մշակույթն այնքան էլ չի գնահատվում, այդ պատճառով էլ մաեստրոներ Մարտին Վարդազարյանի և Երվանդ Երզնկյանի հետ փորձեցինք հին երգերը ներկայացնել ջազային ձևով` չխախտելով ոչ մի հարմոնիա:

Կարդացեք նաև

– Ինչո՞ւ եք անընդհատ ռետրոյին վերադառնում:

– Ես որքան հետ եմ գնում, այնքան էլ առաջ եմ գնում: Այս ձայնասկավառակներին զուգահեռ՝ թողարկում եմ նաև ավելի ժամանակակից, ավելի` սոուլ/R&B ոճի երաժշտություն: Ընդհանրապես լսվում է այն երաժշտությունը, որն ունի տեսահոլովակի տեսք: Տեսահոլովակն ավելի հասանելի է ժողովրդին: Բացի այդ, մեզ մոտ ձայնասկավառակ վաճառելու մշակույթ չկա: Ամեն ինչ կախված է վաճառողի ճաշակից: Եթե ռաբիս է սիրում` ռաբիս է միացնում… Այժմ աշխատում եմ երիտասարդ ձայների հետ, նրանց  հետ միասին նոր մատուցմամբ հայտնի երգեր ենք ձայնագրում:

– Կարելի՞ է ասել, որ հին երգերին անդրադառնալն ինչ-որ առումով փախուստ է իրականությունից:

– Ես գնահատում եմ պրոֆեսիոնալիզմը, իսկ հին երգերի մեջ կար պրոֆեսիոնալիզմ: Հին երաժիշտներն ունեցել են բարձրագույն կրթություն: Նրանք շփվել են այնպիսի մարդկանց հետ, ովքեր լեգենդներ են եղել: Նրանք աշխատել են տաղանդավոր բանաստեղծների հետ, երգեր գրելու ժամանակ նրանց հետ նստել և զգացմունք ու հոգի են տվել տեքստին, ամեն գործիք իր շունչն է տվել:

Այս ամենը չես կարող համեմատել այսօրվա` «թիթեռի կյանք» ունեցող երգերի հետ: Ես կարոտում եմ պրոֆեսիոնալիզմը, կարոտում եմ երաժշտական կրթությունը, կարոտում եմ այն գանձերը, որոնք մենք ունեցել ենք: Իհարկե, չի կարելի ապրել անցյալով ու առաջ չգնալ, ուղղակի անցյալի գործերը լավ հիմք են: Եթե այօրվա երաժիշտները չունենան այս հիմքը, չեն կարող ստեղծել նորը:

– Ինչպիսի՞ երաժշտություն է այսօր մատուցվում հեռուստաեթերից:

– Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, որ եթե չլինեմ հայ և լինեմ այլ ազգի ներկայացուցիչ` դիտելով մեր հեռուստաալիքները, ինչպիսի՞  տպավորություն կթողնենք` զարգացա՞ծ պետության, թե՞ հետամնաց: Կարծում եմ, որ մեր ազգը բոլոր ազգերից ամենատաղանդավոր, ամենաերաժշտական, արվեստ սիրող ազգն է, բայց այսօր մենք չենք մատուցում այն, ինչ պետք է: Ինչի՞ համար` հեռուստատեսային ռեյտինգի՞: Սա մեր առաջին թշնամին է: Ռեյտինգի հետևից են վազում նաև սերիալները, որոնք խայտառակ սերունդ են դաստիարակում: Դուրս ես գալիս փողոց և տեսնում ես արդյունքը: Այս ամենը պետք է վերևներից կանխվի:

– Որոշ ժամանակով ԱՄՆ էիք մեկնել և կարծես թե` մշտական բնակության նպատակով, բայց նորից վերադարձաք, ինչո՞ւ:

– Ես երբեք չեմ մեկնել ԱՄՆ մշտական բնակության համար ու երբեք չեմ մտածել, որ իմ տունն այնտեղ է: Իմ տունն այստեղ է, և ես միշտ պետք է այստեղ ապրեմ:

– Ինչպիսի՞ն է այսօրվա Երևանն Արթուր Իսպիրյանի աչքերում:

– Երևանը շատ է փոխվել, և դա բնական է: Երևանի ամենացավալի խնդիրը փոքր կենտրոնում ճարտարապետական կոպիտ սխալներն են: Որքա՞ն պետք է ատեն Երևանը, որ այսպիսի ճարտարապետական սխալներ թույլ տան: Երևանը մեղկ է: Բայց սրա հետ մեկտեղ՝ քաղաքում կան նաև բազմաթիվ բարեփոխումներ: Ես ուրախ եմ, որ քաղաքում լավ փոփոխություններ են տեղի ունենում, ուղղակի պետք չէ փոքր կենտրոնն այդչափ բետոնով լցնել:

Շատ վիրավորված եմ նաև Փակ շուկայի համար, որովհետև այդ տարածքում եմ ծնվել և մեծացել: Դա իմ մանկությունն է եղել, ես դրանով եմ շնչել, ապրել: Ինչպե՞ս կարելի է ինչ-որ մեկի շահի համար այն քանդել: Կամ մեր Կրկեսը… իհարկե, ողջունելի է, բայց հին կառույցներ կան, որոնք պետք է գնահատել և տեսքը չփոխել: Մաշտոցի պուրակը… վա՞տ է հիմա, թող գնան-տեսնեն, որ ամենամարդաշատ այգին է: Իսկ եթե այնտեղ «տուփեր»`վաճառասրահներ դրված լինեին, ի՞նչ պիտի լիներ:

Ես Երևանցի եմ, նկատում եմ և՛ լավ, և՛ վատ քայլերը, ամեն լավի համար ուրախանում եմ, ամեն վատի համար սիրտս շատ ցավում է: Հյուսիսային պողոտան ես այդպես չէի պատկերացնում: Ինձ դուր է գալիս Արամի փողոցի շարունակությունը, որը գեղեցկանում է և հին Երևանի տեսք է ստանում: Հյուսիսային պողոտան պատկերացնում էի 3-4 հարկանի շենքերով: Ամեն վատ բան կանխել է պետք, և ես հույս ունեմ, որ հասարակությունն արթնացել է և թույլ չի տա, որ այլևս խեղդեն մեր Երևանը: Երևանը կենդանի շունչ է, նա զգում է, բայց չի կարողանում արտահայտվել: Մենք պետք է օգնենք ոչ միայն Երևանին, այլև ողջ հանրապետությանը, որպեսզի ոչ մի անարդարություն տեղի չունենա:

– Քաղաքի խնդիրները լուծելու հարցում որքանո՞վ է կարևորվում քաղաքացու գիտակցությունը:

– Շատ կարևոր է, որովհետև, որքան էլ քաղաքապետը կանաչապատի քաղաքը, մաքուր պահի, ամենակարևորը քաղաքացու գիտակցությունն է, որը պետք է մարդու մեջ զարգանա դեռ մանկապարտեզ և դպրոց հաճախելու տարիներից: Ծնողը պետք է երեխային սովորեցնի, որ քաղաքը պետք է մաքուր պահել: Այսօր մեր քաղաքի ամենամեծ խնդիրն աղբի խնդիրն է: Դա և՛ քաղաքացիների, և՛ վերին օղակների բացթողումների պատճառով է:

– Որքանո՞վ են այսօր արվեստագետները մասնակցում  հասարակական պայքարին:

– Կան արվեստագետներ, ովքեր պայքարում են, և սա ողջունելի է: Կուզենայի, որ նրանց թիվը շատանար, քանի որ դա նրանց ապագայի և մեր երեխաների համար է: Մեր քաղաքն է, և պետք է պայքարենք: Եթե տեսնում ենք, որ ինչ-որ բան վատ է` պետք է ասենք: Գնալով քաղաքի էկոլոգիան վատանում է, ինչպես տեսնում եք` քաղաքի պիկ ժամերին շնչելու օդ չկա: Նմանատիպ այնքան շատ խնդիրներ կան լուծելու, բայց չեն լուծվում, և տարեցտարի կուտակվում է` դառնալով անլուծելի խնդիր: Ես երբևէ ոչ մի պաշտոն զբաղեցնելու ձգտում չեմ ունեցել, բայց վերջերս ցանկություն է առաջացել, որ աշխատեմ մի վայրում, որը կարող է արգելել կամ թույլատրել մեր քաղաքի հետ կատարվող փոփոխությունները:

– Երևանում Ձեզ ազա՞տ եք զգում:

– Այո, ես շատ ազատ եմ ինձ զգում: Չեմ ընկճվում, կնոջս և երեխաներիս հետ հանգիստ զբոսնում եմ: Էլ ավելի ազատ կզգամ, երբ որ ավելի շատ ժպիտներ տեսնեմ, ժպիտը պակասում է մեր քաղաքին:

– Երևանում կա՞ն ինչ-որ խորհրդանիշեր, որ Ձեզ տանում են մանկություն:

– Այո: Իմ  ամենասիրելի վայրը Կասկադն է, որտեղով շրջելիս մեծ բավականություն եմ ստանում: Այդ վայրերից է նաև «Գաֆէսճեան» թանգարանը, որը համապատասխանում է միջազգային թանգարանների չափանիշերին: Ես հպարտանում եմ, որ այդքան մեծ տարածքը կարողանում են պահել այդքան կանաչ և մաքուր:

Սիրում եմ նաև Սայաթ-Նովա, Աբովյան փողոցների որոշ հատվածներ, սիրում էի մեր Փակ շուկան, որն այսօր չգիտենք՝ ինչ է լինելու: Սիրում եմ Մատենադարանի շրջակայքը, Մաշտոցի փողոցը, որտեղ մեծացել եմ, Եղիշե Չարենցի անվան դպրոցը, որտեղ սովորել եմ: Ամենասիրված վայրերից մեկը Հրազդանի կիրճն է, որտեղ ամեն առավոտ գնում և մարզվում եմ: Այնտեղ կա մարզական մեծ ակումբ, որն իր ուժերով փորձում է բարեկարգումներ անել: Բոլորս միասին հավաքում ենք այնտեղ թափված աղբը: Սիրում եմ նաև Մանկական երկաթգիծը, որտեղ միշտ տանում եմ երեխաներիս:

– Ինչպիսի՞ն եք ընտանիքում: Խի՞ստ եք երեխաների նկատմամբ:

– Ինչպես իմ քաղաքում եմ, այնպես էլ՝ իմ ընտանիքում: Կինս` Մադլենը, ավելի խիստ է երեխաների նկատմամբ, քան ես: Նրա «չի կարելին» ամերիկյան է. չի կարելի և՝ վերջ: Իմը մի քիչ հայկական չի, կարելի է… (ժպտում է.- Գ.Ա.): Ես երեխաներիս նկատմամբ խիստ եմ սննդի, կրթության, դաստիարակության հարցերում:

– Իսկ կա՞ ինչ-որ կարգախոս, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

– Ամեն ինչին ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում, լինել ազնիվ քաղաքացի և պետքական մարդ Երկիր մոլորակի համար: Ամենակարևոր բանը կողքիդ կանգնած մարդուն օգտակար լինելն է: Եթե դու ապրում ես միայն քեզ համար` շատ վատ է: Եթե միայն «պարիսպասեր» մարդիկ լինեն և մտածեն, որ պետք է անել միայն իրենց համար, ապա երկիրը երկիր չի դառնա: Այդ պարիսպները պետք է քանդվեն:

– Ի՞նչ երազանք ունի Արթուր Իսպիրյանը՝ որպես մարդ և որպես արվեստագետ:

– Երազանքս մեծ է… երազում եմ, որ Երևանը դառնա իսկական արվեստի քաղաք, որ արտասահմանցին գա և հիանա մեր արվեստով, մշակույթով, մեր քաղաքի ճարտարապետությամբ: Երբ ասում ենք, որ մեր քաղաքն այսքան տարեկան է, ապա պետք է այդ շունչը զգանք: Ես ուրախանում եմ, որ Երևանը տեսնում եմ զբոսաշրջիկներով լցված, ուրեմն ինչ-որ մի լավ բան լսել են, որ եկել են Հայաստան: Կցանկանայի, որ այն տպավորությամբ որ գալիս են, հեռանալուց էլ ունենան նույն տպավորությունները, որպեսզի իրենց երկիր վերադառնալուց հետո պատմեն, որ քարտեզի այս կետում` Արարատ լեռան լանջին, կա մի երկիր, որը հրաշք է, որը շատ է տարբերվում մնացած երկրներից, և խորհուրդ տան բոլորին գալ ու տեսնել, թե ինչ հետաքրքիր երկիր է, և ինչ տաղանդավոր ժողովուրդ է այստեղ ապրում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս