Գծերի արկածները
(Պաուլ Կլեե)
Պաուլ Կլեեի առաջին ցուցահանդեսից ես վերադարձա, ինչպես հիմա եմ հիշում, համրությամբ ճնշված:
Ինչ կարող էի տեսնել ես այնտեղ, բացարձակապես կույր առ գեղանկարչությունը, չգիտեմ: Եվ, եթե հիշողությունս չի դավաճանում, նույնիսկ չէի ուզում իմանալ, ուրախանալով միայն մի բանից, որ մնացի այս կողմում, ակվարիումում, սայրից հեռու:
Գուցե թե, ես միայն սպասում էի, որ ձեռքս աչքիս առաջ արտաբերեր. «Արվեստագետներից ով չի երազել հայտնվել այնտեղ, ուր ժամանակի և տարածության ամենայն շարժման բնական ակունքն է, կոչեք այն միտք կամ սիրտ: Ստեղծագործությունը` որոշում է ամեն բան»:
Ես հայտնվեցի երաժշտության ներսում, իրական Stalleben-ում (լռած կամ կեցած կյանքը, նատյուրմորտի գերմանական տարբերակը): Շնորհիվ տոնայնությունների շարժուն և հազիվ նկատելի անցումների, որոնք ասես կտավի վրա չեն էլ դրվել, այլ լոկ հայտնվել են հարկ եղած տեղում կամ աճել են ինքնաբերաբար, հազվագյուտ մամուռի կամ բորբոսի հանգույն, այդ «խաղաղ բնության» նմուշօրինակները, հնության նրբին քողով, թվում էին հասուն էակներ, դրանք հագեցել էին տարիներից, անշտապ օրգանական կյանքից և այժմ աշխարհ էին գալիս, ալիք առ ալիք ճառագելով:
Մի քանի կարմիր կետ մեղմօրոր երգում էին տենորներով: Եվ դու արդեն քեզ զգում էիր խորքում, հատակի ջրերի մոտ, կախարդական փոխակերպությունների հոծության մեջ, խրիզոլիթի (թանկագին քար) հոգով:
Հետզհետե խճճված հանգույցից ուրվանշվում են գծերը` ոմանք ապրում են պիսակների, փոշեհատիկների ժողովրդոց մեջ, սողալով փշուրների միջև, ճկելով վանդակները, ողջ վանդակազանգվածները, կամ շուլալվելով, շուլալվելով պարույրով, և այն է թե` հմայելով աչքը և կամ թե փնտրելով իր կախարդին` մի տեսակ հովհարավոր ծաղկաբույլեր, ագաթի երակներ` մյուսները զբոսնում են (առաջին անգամ Եվրոպայում` պարզապես զբոսնում են), ուրիշները ճամփա են ելնում և ոչ այնքան ուրվագծում են առարկաները, որքան երթուղի են գծում, ուղեգիծ, նույնիսկ նշաններ դնելով (դա երեխաների հոգսն է, որը հետո նրանք մոռանում են, իսկ առաջին տարիներին պարզապես շաղ են տալիս ցանկացած նկարում, տարածության նշագծումը` այստեղից ելնել, հասնել այնտեղ, հեռավորություն, կողմնորոշիչներ, տունդարձի ճամփա, անհրաժեշտ, ինչպես ինքը` տունը, որ եղել էր, ուրեմն, և նրա հոգսը). այլ մեկերը գնում են խորքերը, ի հեճուկս գրավողների` իրենց առարկան պարուրելու, փակելու ծարավի, ֆորման ծնողների (և ի՞նչ հետո), դա գիծ-արմատներ են, նրանք փնտրում են ոչ թե դեմքի հատկանիշը, այլ ներվընթաց կետն ուղեղում, ուր չի գոցվում անհայտ աչքը, ցանկացած երկարության չափը. ոմանք, մնացյալը` ի հեճուկս մոլագար շտեմարանների, սկահակների, ֆորմաների, մարմնի, հագուստի, իրերի մաշկի ծեփած բարձունքների (դա նա տանել չէր կարողանում)` գնում են որքան հնարավոր է` հեռու ցանկացած ծավալից, ցանկացած ծանրության կենտրոնից, փնտրելով, դրա հետ մեկտեղ, աչք չզարնող միացման կետը, ամեն ինչը գործի դնելու հարմարանքը, թաքնված դյութին (տարօրինակ կապ` նա մահացավ կարծրամաշկությունից)։
Եվ այլ գծերը, որ ակնարկում են, տանում դեպի անդրսահմանայինը, կապելով միջաթափանց առարկաները առավել քան հոծ սիմվոլներով` նրբագծանշանները, պոեզիայի կետագիծը, որ թևավոր է դարձնում նույնիսկ ամենածանրաքարշներին, և այլ գծերը, որ գլուխները կորցրած անհատնելի մոտեցումներից, կրկնություններից, համահունչություններից, նորիցնոր բազմացող հետքերից, կուտակում են անդադար աճող շրջագծերը` հավերժական վերադարձի լաբիրինթոսը:
Դեպի մյուսը ձգվող գիծը: Մյուսից խուսափող գիծը: Գծերի արկածները:
Գիծը երջանիկ, որ ինքը գիծ է, որ շարժվում է: Երազող գիծը: Մինչև այժմ ոչ ոք գիծը հանգիստ չէր թողել` երազելու:
Նայող գիծը, հույսը չկորցնող գիծը: Դեմքը զննող գիծը:
Աճի գիծը: Մրջյունի մչքի մակարդակի գիծը, թեպետ և ոչ մի մրջյուն չկա: Այդ բնության տաճարում ընդհանրապես հաշված կենդանիներ են: Իշխում են բույսերը: Ողջունվում են մտազբաղ ձկները:
Ահա մտքի գիծը: Մյուսը եզրափակում է միտքը: Դրվածքի գիծը: Լուծման գիծը:
Վերելքի գիծը: Գալիքի գիծը: Գալարվելով, գիծ-մեղեդին հատում է գծաշերտերը:
Աճերի գծերը: Շուրջբոլորը հազարավոր` այլ գծեր, և դրանցից յուրաքանչյուրում` մարգագետին և շիվ ավազուտներում:
Հրաժարման գիծը: Հանգստի գիծը: Ընդմիջումը: Ընդմիջում երեք փականքներից անդին` կացարանը:
Ինքն իր մեոջ խորասուզված գիծը: Սարդոստայնները դեռ ծավալվում են` դանդաղ, դանդաղ:
Ահա ճամփաբաժան գիծը, գիծ կատարը, քիչ անդին` պահապան գիծը:
Ժամանակը: Ժամանակը…
Արարման գիծը: Բռնկումն առ լավը:
Այսպես թե այնպես կարելի է հետևել յուրաքանչյուր գծին: Այստեղ ոչ մի տեղ պերճախոսության մեջ չես ընկնի, որից միշտ խուսափում են, ինչպես խուսափում են հանդիսանքից, դու միշտ գործի կենտրոնում ես:
Գծերը` բծերի քույրերն են: Բծերի, որ նման են տպագրական խոտանի, և որ հայտնվում են խորքից, այն խորքից, որտեղից գալիս են, որպեսզի դարձյալ վերադառնան այնտեղ` խորհրդավոր արարողության վայրը, Մայր Երկրի տամուկ սաղմնարանը:
Կանգ առնենք: Պաուլ Կլեեն չէր սիրում ավելորդաբանություններ: Նրան հազիվ թե դուր գար այսպիսի վերջաբանը:
Բարեբախտաբար, որպեսզի մտնես, առաջին իսկ փորձից, նրա նկարների մեջ, համանման ոչինչ պետք չէ: Բավ է, որ քեզ ներս թողնեն, և պահպանես այն գիտակցությունը, որ ապրում ես առեղծվածների աշխարհում, որոնց ավելի լավ է պատասխանես հենց առեղծվածներով:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ
Երբ երեխայի ձեռքն են տալիս գունավոր գրաքարը, նա սկսում է խառնիխուռն, մեկը մյուսի ետևից, թղթի վրա կլոր գծեր քաշել:
Մոռանալով ամեն ինչի մասին, նա պտտվում է, պտտվում է և նույնիսկ չի մտածում կանգ առնելու մասին:
Արդյոք ե՞րբ, բացի վաղ մանկությունից, այդպես զգում ես շրջանագիծը, այն ամենը, ինչ գոցվում է օղակի մեջ, միավորում է մեկնումն ու վերադարձը:
Մեկնելու պաղությունն ու երջանկությունը: Եվ տեղնուտեղը` ցատկը ետ:
Մեկնում և վերադարձ, շրջան, մեկեն պոկվելն ու կացարանը, երեխան դեռ չի ազատվել այն ահից, որ կկորչի` բաժանվելով մոտիկներից, որ տունդարձի ճամփան չի գտնի:
Առաջին, անգիտակցական աբստրակցիան` շրջանն է, և որքան ահագին է այն, որքան նման չէ ինքն իրեն` ինքը կյանքն է, կենդանի կյանքը:
Շրջանը` արտաքինի և ներքինի միջև ընկած սահմանը: Ճաշակածի, հիշվածի և այն ամենի միջև, որ դեռ աղոտ պիտի կուտակես քո մեջ:
Եվ այդ գինովությունը, հնարավորներից ամենաբնականը, կրկնության գինովությունը, կյանքի առաջին թմրադեղը:
Վերադարձ, վերադարձ, վերադարձ` անհատնելի:
Գծանկարիչների երկրաչափների ճիշտ շրջանագծերը երեխայի համար հետաքրքիր չեն: Իսկ նրա ծուռտիկ շրջանները հետաքրքիր չեն մեծահասակների համար: «Խզբզոց է»` ասում են նրանք և չեն տեսնում գլխավոր մղումը, քայլը, ուղին, բացահայտումը, միևնույն շրջանաձև արկածի ինքնամոռաց կրկնությունը, ուր դեռ անհաստատ, անհմուտ ձեռքը շոշափում է ինքն իրեն:
Մյուս փուլը` շերտերի փուլն է, շարժումների անկասելի բերկրանքը:
Մի հիասքանչ օր, շատ ու շատ օրերից հետո, կլորացող գիծը, պատռելով դասական շրջապտույտը, հանկարծ օղակ չի կազմում: Ահա այն դանդաղում է, այնուհետև լրիվ կանգ է առնում, այդ տարօրինակ, երեխային ապշեցնող գիծը, թվում է, թե այն նրան ինչ-որ բան է ասում, բաց չի թողնում, գամում է հետաքրքրությունը, գրավում է հայացքըգ
Թղթի վրա թողնված գծիկը նրան ինչ-որ մեկին է հիշեցնում` մորը կամ հորը, ինչ-որ մարդու, մարդու, որ պատկերում է երկրի երեսի բոլոր մարդկանց` որպես այդպիսին:
Դա լիովին փակ կամ մասամբ բացված կորագիծ է, որ եկել է, ինչպես նա հենց նոր տեսավ, հեռվից, և գրավում է երեխային: Եվ հետզհետե ավելի ուժեղ է դառնում: Նա դրանում մարդ հայտնաբերեց, և դա արդեն` հավետ: Նա կարողացավ և, ուրեմն, կկարողանա նորից ու նորից: Հիմա նա վստահ է:
ՊԱՅՔԱՐ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հարյուրամյակի կեսից ավելին գեղանկարչության մեջ պատերազմ է: Արդյո՞ք երբևէ վրա կհասնի խաղաղությունը:
Ոչ մի խոսք խաղաղության մասին: Փորձերի վերջը չի երևում:
Գեղանկարչությունը նկարչի համար դրոզոֆիլի պես մի բան է, նույնիսկ հույս չունենաք տեսնել նրա հրեշային լաբորատոր փոխակերպությունների վերջը: Դրանում գեղանկարիչների վրա հույս դնելը միևնույնն է, թե հույսդ դնես գենետիկների վրա:
Բայց մի՞թե մենք արդեն չենք մասնատել ողջ մասնատելին, չենք ցնցել ողջ ցնցելին` ֆորման, լույսը, գույնը:
Ոչ, դեռ մնում են ինչ-որ մանրուքներգ և տարածությունը: Տարածության վրա ինչ-որ արգելք է դրված: Մի՞թե նրան հերթը չի հասնի: Այդպես նույնիսկ ամենաավերիչ գրողները, ասես վախենալով կորցնել վերջին հենարանը, շարահյուսությանը ձեռք չեն տալիս:
Ամենաահաբեկչական տրամադրություն ունեցող նկարիչները չեն համարձակվում ներխուժել տարածության մեջ: Եվ եթե զբաղվում են դրանով, ապա` առանց հաշվետվություն տալու, ձգտելով կողպեքով փակել: Յուրաքանչյուրը գիտի, որ կուբիստի կտավի վրա արդեն երեք մետրից ոչինչ չես տեսնի: Եվ նույնիսկ Կլեեի գործերը, եթե չեն թևում օդում, ապա խուլ փակված են:
Դե ուրեմն, ի՞նչ, մտնենք ո՞րջը: Ապրենք խլուրդների նմա՞ն:
Բայց դա արդեն անցած օրն է: Ճամփորդությունները, սպորտը, կինոն, լուսանկարչությունը, օդագնացությունը, տուրիզմը, ձիարշավը` ժամանակակից քաղաքակրթության բոլոր հուզող միջոցները, մեզ դուրս են բերում: Դրանց տարածություն է պետք, դրանք ավելի շատ տեղ են պահանջում:
Ինչո՞ւ է, ուրեմն, տարածությունը մի կողմից` այդքան քիչ, իսկ մյուս կողմից` այդքան շատ, ես ուզում եմ ասել` նկարների վրա, ուր այն մեռնելու աստիճանի ձանձրանում է, կամ շշմեցնելու աստիճանի տափակ է թվում: Մեր իրական տարածությունը` «արձակուրդների», շարժումների ազատության, վազքի, արագության, ազատագրման վայրը, այնինչ տարածությունը, որ մեզ տալիս է իտալական հեռանկարը, իսկական ուղղիչ տուն է, որ հորինել է գիտուն պեդանտը, ու դժբախտաբար, հորինել է երկրաչափը: Տաճար կանխագուշակ-հսկող աչքի ներքո:
Մենք ուզում ենք վերադառնալ դեպի բաց տարածությունները, մեզ ազատ զգանք` արդյո՞ք չդիմենք ժայռապատկերներին:
Ավելի կենդանի բան կա՞, քան այս հոտերն ու ողջ կոմպոզիցիան, որտեղ կովերին հսկող հովվուհին չափազանց մեծ է (կամ փոքր) նրան հատկացված տեղի համար, որտեղ չորքոտանին պատկերված է չափազանց հստակ այն տարածության համար, որ մեզ բաժանում է (կարծես թե հատուկ ուշադրությամբ զննում է հեռացված առարկան, առանձնացնելով այն այլոց մեջ, որպեսզի ավելի լավ տիրի):
Մի՞թե հասկանալի չէ, որ նրանք նկարներում տառացիորեն լողում են տարածության մեջ հենց այն բանի համար, որպեսզի մենք նրանց տեսնենք «հոգևոր աչքով», այնինչ մեր հեռանկարի շրջանակներում, որքան էլ որ շարժվում են, այդուհանդերձ, ծռծմռված և անկյունում կծկված են, հորիզոնի մո՞տ:
Եվ մի՞թե պարզ չէ, որ մենք երբեք չեն վերագտնի տարածությունը, եթե չլքենք այսօրվանը, չենք դուրս գա հեռանկարի լծի տակից:
Նկարի վրա միավորելով կիսաշրջվածքն ու լրիվ կիսադեմը` Պ.-ն իրականից ավելի ռեալ դեմք է ստանում:
Եվ այդպիսի սինթեզը, իսկ իրական կյանքում, ազատ զուգորդումների և վերջնական ձևակերպման միջև, մենք լցնում ենք դրանով յուրաքանչյուր րոպեն:
Հաշվենկատորեն և հիպնոտիկ ձևով միավորելով մոտիկն ու հեռուն, վեհն ու ստորը, թռչնի թռիչքի բարձրությունից տեսածն ու դեմ հանդիմանը, քթի մոտինն ու հեռավոր անկյունինը, խաղալով տարբեր հեռավորություններով, մենք կհալեցնենք սպանիչ երկրաչափությունը, կփշրենք փխրուն և անխախտելի եռանկյունին, որ կորչում է հեռվում առարկաների հետ, որոնք մենք ջանում ենք տեսնել, իսկ տարածությունը դարձալ կդառնա նախկինը, իրար մեջ լողացող բյուրավոր տարածությունների անպարագրելի վայրը, ուր մեզ հետ լողում են շրջապատի առարկաներն ու այլ էակները:
Տարածությունը ոչնչով` ոչ առանձնահատուկ անշարժությամբ, ոչ անհասանելիությամբ կամ անհպելիությամբ, մյուս աստվածություններից չի տարբերվում: Դա լոկ գորտ է, որ սպասում է մեր հրեշավոր և նրբագույն գործիքներին:
Որոշ արվեստագետներ արդեն սկսել են փորձերը:
Այնպես որ, նոր պատերազմը սարի ետևում չէ:
ՄՏԱԾԵԼՈՎ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Աննպատակ նկարեք, գծեք` առանց մտածելու, վաղ թե ուշ թղթի վրա դեմքեր հայտնվեն:
Ապրելով բացառապես արտաքինով, մենք անդադար տարված ենք դեմքերով:
Բավ է վերցնես մատիտը կա վրձինը, և դեմքերը մեկը մյուսի ետևից արդեն հեղվում են թղթի վրա` տասը, տասնհինգ, քսան: Եվ ամենից հաճախ` ինչ-որ գազազած:
Դա ե՞ս եմ, թե՞ ուրիշները: Որտեղի՞ց են նրանք, ո՞ր խորքերից:
Գուցե դրանք պարզապես իմ մտքե՞րն են` այն, ինչ տեղի է ունենում իմ գլխո՞ւմ (Երկրորդ, թաքնված դեմքի ծամածռությունները, և, ինչպես մեծահասակներ, տառապելով ամաչում են ցավից արտասվել, բայց ավելի սուր են տառապում թաքուն, այդպես և նրանք ամաչում են ծամածռություններից, որպեսզի ավելի անսանձ ծամածռվեն իրենք իրենց ներսում):
Անշարժ, դատարկված դեմք-դիմակի ներքո քլթքլթում, պարում անկասելի բեկվածքներում այլ մեկը, ոչ մի րոպե չկարծրացող դեմքը: Անտարբեր արտահայտության ներքո, սակայն, հուսաբեկ ելք փնտրող հայացքը` աղճատված դիմագծերըգ
Վրձնի օգնությամբ, սևության բծերի միջով, այդ ամենը, ավելի կամ պակաս, դուրս է ժայթքում: Վրա է գալիս ազատագրումը:
Եվ դա ապշեցուցիչ է, հատկապես սկզբում:
Հանցագործների կամ մարդասպանների դեմքերը, անծանոթ, բայց և ոչ լրիվ օտար սարսափելի, հեռավոր նմանությունըգ Քո զոհաբերած «եսերի» դեմքերը, որոնք խեղդել, աղճատել է կյանքը, կամքը, փառասիրությունը, ձգտումն առ շիտակությունն ու ամբողջականությունը: Դեմքեր, որ նորիցնոր հայտնվում են (դժվար է մինչև վերջ դրանք խեղդելը):
Քո մանկության դեմքերը, մանկական վախերը` պատճառն ու սյուժեն ջնջվել են, իսկ հիշողությունը մնացել է` դեմքեր, որ այդպես էլ չեն հավատում, թե ամեն ինչ գլուխ կգա, և սպասում են, որ նախկին մղձավանջը ետ կգա:
Կամքանման ինչ-որ բանի պատկերներ, անընդհատ առաջ ընկնող և աշխարհի երեսին ամեն բան կանխորոշող` որոնման մարմնացումը, կրքի մարմնացումը:
Ինչ-որ մտքի հաճախանք (շատերից մեկը, որոնք մտքի ճիգով չես պահի և խանգարել էլ չես կարող, դրանց անօգտավետությամբ հանդերձ)գ ասես քո ներսում անդադար ծեփվում է հոսանուտը, բացարձակ պլաստիկ և հուշիկ դեմքը, յուրաքանչյուր նոր մտքի, տպավորության հետ գոյավորվող և ծավալվող:
Անծայրածիր ամբոխը:
Մարդիկ նայում են թղթի էջին:
Ինչպես կարելի է այդքան սառնասիրտ լինել, որպեսզի նկարես ինչ-որ մեկի ճշգրիտ դիմանկարը և տեսնես նկարում ճիշտ դիմագծերի հավաքածուն: Եվ դա դեմքի մե՞ջ: Դե ցանկացած դեմք` կնոջ, տղամարդու, միշտ ինձ համար անսպասելի հարված է եղել, ամեն ինչին ուղղված ամենաուժեղ հարվածը: Որտեղից այն վրա կհասնի, և ինչպիսինը կլինի, երբեք չգիտես: Բայց ահա քեզ հարվածեցին, դու թաքուն, տանջալիորեն ապրում ես հարվածը, և ինչպե՞ս գլուխ հանել արվող հարվածից, ինքդ քեզնից որսալ դրանք և հաղորդել գծանկարում:
Ո՞վ կասի, իմ «եսերից» որի՞ հետ է բախվում նա հիմա, այդ դեմքն այնինչ որոնումների մեջ է և ծարավի է հասկացվելու:
Երբեմն ես փորձում էի վերարտադրել ինչ-որ մեկի դիմագծերը, բայց առանց առանձնակի հետաքրքրության` մենք, ես և իմ կյանքը, այնքան էինք թաքնվում հանուն այդ արդյունքի, որ ցնդում էին և վերացնում մոդելի կյանքը:
Տարօրինակ դիմանկարները երբեմն ստացվում էին: Օրինակ, իմ առջև էր սարսափից խենթացած մի աղջիկ: Ժամերով, անշարժ, ես նայում էի ամսագրում նրա լուսանկարին:
Եվ ահա նա իմ մեջ է: Հիանալի է: Վերցնում եմ ածուխով մատիտը, մի քանի հարված, և նկարը առանց որևէ շտկման պատրաստ է: Թուղթը կենդանացել է:
Չեստերտոնը, ում ձանձրացրել էին կովերով անվերջանալի գյուղական բնանկարները, մի անգամ ասաց. «Այ թե ինչ կուզենայի` նկարել կովի հոգին»:
Մարդու ներքին ուրվականը` ահա թե ինչը արժեր սովորել նկարել, այլ ոչ թե քիթը, բերանը, աչքերը, մազերը, դուրս բերված հանց ներբաններ:
Հոսանուտ, անորսալի էակը, որ չի հանգեցվում ոսկորներին և դրանց վրա քաշված մաշկինգ
Մոլեգնությունը, որ սկզբում թաքնված էր, կարծես թե դրսից է իմ մեջ սողոսկում, աճելով այն բանի հետ, թե որքան խորն է ներքաշվում առարկայի մեջ, ձեռակերտ հաղթանակի բերկրանքին միավորվող, որ եռեփում և սարսռեցնում է ինձ: Սակայն այդ մոլեգնությունն այն քիչ բաներից մեկն է, առանց որի ես ոչ մի պատուհասի տակից դուրս չէի գա:
Միշտ նորը, թեկուզ վաղուց իմ մեջ արմատներով խորացածը, միշտ նոր ընդգրկման ուժով, իսկ սիրտս ասես կենդանի թաղված և դամբարանում արթնացած, վերադառնում է առ իրականություն` սիրտը, որին թվում է, թե ավելի արագ է խփում և ինձ շամփրում է անտանելի բերկրանքով:
Աշխարհը, որ ես հազիվ էի զգում և որից փախչում էի, ահա դարձյալ լեցուն է կյանքով: Իսկ ես, հանց մոլորված հիվանդ, նետված եմ քո երևույթի առաջ:
Ես նկարում էի խենթացած դեմքեր ոչ այն պատճառով, որ ինքս այդ պահերին կամ կկամենայի խելքս թռցնել, և ոչ այն պատճառով որ դա, այս կամ այն պատճառով, ինձ դուր է գալիս: Ես սկսում եմ միանգամայն հանգիստ…
Մոլեգնության մեջ, կորցնելով սկզբնական առարկան, ես հանկարծ ճանաչում եմ ինձ այս տպված թղթի առաջ, ճանաչում եմ մոլեգնած մարդուն, ով լրիվ նման է իրեն, հարկ է լոկ շտկել փոքր-ինչ այ այստեղ: Եվ գլուխն էլ պատրաստ է, ի հեճուկս ինձ` այն ասես ողջ լինի և բոլորովին չի հիշեցնում այն դեմքը, ինչպիսին ես այն մտահղացել էի:
Ցանկացած դիմանկար` կոմպրոմիս է, նկարողի և նկարվողի մագնիսական դաշտի միջև:
Վերջնական գիծը` պայքարի արդյունքում: Ոմանք ամրանում են, մյուսները դուրս են գալիս, ուրիշները փոխում են ուղին:
Այ թե ինչ ես կկամենայի նկարել` մարդկանց միջև եղած ֆլյուիդները:
Նկարել մարդուն, որ չի առբերվում իր մարմնին, նկարել նրա տարածությունը:
Կարևորը մարդու մեջ` մարմնից անդին է, դե ուրեմն ինչո՞ւ չհաղորդել այդ կարևորը գեղանկարչության օգնությամբ:
Բերկրանքի, հիացմունքի, սիրո, մարտական մղման, խմբակային վերելքի մեջ մարդիկ իրենք իրենցից դուրս են գալիս: Նույնիսկ անվստահությունը հեռավորության վրա զգացվում է:
Ամենաթաքնված մարդն էլ շրջապատված է իր միջավայրով:
Ի՞նչ իմաստ ունի կենալ «քո մեջ», չորս պատի մեջ, եթե այդ պատերը չես կարող կողմ քաշելգ
Շարունակելի…
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը