Պայքար` ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանից փրկելու համար

Այս օրերին Հայ ազգային կոնգրեսը կարծես ապրում է կազմաքանդման վերջին փուլը: Անկախ առաջիկա զարգացումներից, անկախ նրանից` Լևոն-Տեր Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ ՀԱԿ-ը կպաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին, կամ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին, ՀԱԿ-ի կազմաքանդումն  այլևս իրողություն է: Խոսքը ոչ թե նոմինալ քաղաքական ուժի, այլ, առաջին հերթին, ՀԱԿ-ի արժեքային համակարգի կազմաքանդման մասին է, որը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում մեր աչքի առջև:

Համաժողովրդական ալիքի արդյունքում ստեղծված Հայ ազգային կոնգրեսը, որի նպատակը սահմանադրական կարգի հաստատումն ու Հայաստանի ժողովրդավարացումն էր, այսօր հասել է մի հանգրվանի, որում նրա անդամները բառացիորեն հայտարարում են, որ պատրաստ են համագործակցել անգամ սատանայի հետ` հանուն Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու:

Այսինքն` համաժողովրդական ալիքի, մարդկանց հույզերի, հավատի, վստահության վրա հիմնված այս քաղաքական ուժը պատրաստ է այդ ամենի վրա խաչ քաշել՝ Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար: Դա այն իշխանափոխությունը չէ, որի համար 2007-2008 թթ. տասնյակ-հազարավոր մարդիկ հրապարակում էին: Այն ժամանակ իշխանափոխության գաղափարն ու նպատակը հիմնված էր արժեքային համակարգի վրա, մինչդեռ այսօրվա իշխանափոխության միակ արժեքը դարձել է փողը, որը ՀԱԿ-ի համար պատկերավորվում է «Բարգավաճ Հայաստանի» տեսքով: ԲՀԿ-ին ՀԱԿ-ը հռչակել է «սատանա», որի հետ ուզում է համագործակցել, որպեսզի Ս. Սարգսյանին հեռացնի իշխանությունից՝ նրան, ասենք, Գագիկ Ծառուկյանով կամ Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու համար:

Փոխվել է ՀԱԿ-ի գործունեության բազան ու հասցեատերը: Հասարակությանն այդ դերում փոխարինել է «Բարգավաճ Հայաստանը»: Հիմա ՀԱԿ-ի գործիչները պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր իրենց ողջ մտավոր և այլ կարողությունները գործի են դրել` ապացուցելու համար՝ միայն «ԲՀԿ-ով կա ՀԱԿ-ին փրկություն»: Այդ խմբի առաջամարտիկը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն է, ով դրել է ԲՀԿ-ի հետ համագործակցության, այսպես ասած, «գաղափարական հիմքը»,  իսկ մյուսներն իրար հերթ չտալով՝ լծվել են ԲՀԿ-ի մաքրազերծման գործին:

Մյուսների մեջ են ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը (ով երեկ հայտարարեց, թե ԲՀԿ-ն կապ չունի Մարտի 1-ի հետ), Լյուդմիլա Սարգսյանը և էլի մի քանի հոգի: Խնդիրը, սակայն, ոչ թե այս խմբի անդամների քանակական ու քաղաքական կշիռն է, այլ այն, որ նրանք իրականում հանդես են գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի «դաբրոյով»: Դա անուղղակիորեն հաստատել է նաև Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը` հայտարարելով, որ ՀԱԿ առաջնորդը կիսում է ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի արտահայտած հայտնի տեսակետը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչների մյուս խմբի մեջ են մտնում մարդիկ, ովքեր համարձակվում են դեմ արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանն ու ԲՀԿ-ի մաքրազերծմանը: Այդ խմբի մեջ մտնում են ՀԱԿ քաղխորհրդի անդամներ՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեաժողովրդավարական միության» նախագահ Սոս Գիմիշյանը, ՀԱԿ-ի ևս մի քանի անդամներ, ովքեր, ըստ էության, այս օրերին ամեն ինչ անում են ՀԱԿ-ի դեմքը փրկելու համար: Իրենց ազնվությամբ աչքի ընկած այս մարդիկ խոսում են բարոյականության դիրքերից, ամեն ինչ անում են` ցույց տալու համար, որ ՀԱԿ-ի այսօրվա ուղին տանում է բարոյազրկման և ՀԱԿ-ի կործանման:

Նրանք, սակայն, ըստ ամենայնի, փոքրամասնություն են ու, ըստ էության, դարձել են Տեր-Պետրոսյանի ու նրա հովանավորյալների ավանտյուրայի զոհը: ՀԱԿ քաղխորհրդի անդամ հանդիսացող այս գործիչները պնդում են, որ ՀԱԿ քաղխորհուրդը ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցում Տեր-Պետրոսյանին միանձնյա որոշում կայացնելու իրավասություն չի տվել, ինչպես հայտարարում են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու ՀԱԿ-ի մյուս «բարգավաճականները»:

Լևոն Տեր Պետրոսյանը որևէ կերպ չի միջամտում այս իրավիճակին` նաև այդպիսով հաստատելով, որ ԲՀԿ-ի հետ սիրախաղն իրականացվում է իր հետ համաձայնությամբ: Այսինքն, լայն իմաստով, այսօր ՀԱԿ-ում փոքրամասնության մեջ հայտնված մի քանի գործիչները փորձում են ՀԱԿ-ը փրկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ վերջինիս թողտվությամբ է իրականացվում այն քաղաքական կուրսը, որը տանում է ՀԱԿ-ի կազմաքանդմանը:

Եվ, վերջապես, ՀԱԿ-ում կա գործիչների ևս մեկ խումբ, ովքեր առայժմ պահպանում են չեզոքությունը կամ այդպիսի տպավորություն են ցանկանում ստեղծել: Այս խմբի ամենաերևացող գործիչը Նիկոլ Փաշինյանն է` ով դեմ լինելով ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, այդուհանդերձ, դեռևս չի շտապում կոշտ գնահատականներ հնչեցնել` անընդհատ հղում անելով այդ հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումներին: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը ևս, ըստ էության, «տեղ է թողնում» ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության համար, իր չեզոքությամբ նպաստելով վերը նշված առաջին` Լևոն Զուրաբյանի գլխավորած խմբին:

ՀԱԿ-ի բոլոր խմբերին ու թևերին միավորում է միայն հավատն ու հույսն առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն,  ի վերջո, կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն դա ավելի շատ խաբկանքի է նմանվում, քանի որ ՀԱԿ-ն արդեն հասել է այնպիսի վիճակի, որ անգամ Տեր-Պետրոսյանի առաջադրումը կարող է չփրկել: «Փրկել» ասելով՝ նկատի չունենք նրա հաղթանակը: Հաղթանակի հասնելու համար Տեր-Պետրոսյանը նախ՝ պետք է կանխի ՀԱԿ-ի բարոյազրկումը, որը կարծես արդեն անցել է թույլատրելի սահմանը:

Սակայն, եթե ընդունենք, որ նման տեսական հնարավորություն կա, դա դժվար է պատկերացնել գործնականում, քանի որ դա անելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ՀԱԿ-ից հեռացնի բոլոր այն գործիչներին, ովքեր ամիսներ շարունակ զբաղված են ԲՀԿ-ի հետ համագործակցության հեքիաթով հասարակության ուղեղը լվանալու գործով: Այսինքն` Տեր-Պետրոսյանը պետք է հեռացնի Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին և մյուսներին, ովքեր իրենց թույլ են տվել, ՀԱԿ-ի երբեմնի բառապաշարով ասած, ուրանալ Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը:

Սակայն Տեր-Պետրոսյանը դա չի կարող անել ոչ միայն այն պատճառով, որ շատ է սիրում Լևոն Զուրաբյանին ու նրա ներկայիս թիմակիցներին, այլ՝ որովհետև նրանք բոլորը գործել են իր իսկ հանձնարարականով:Անցած տարվա նոյեմբերին հռչակված «քաղաքագիտական վերլուծության» համաձայն:

Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, ապա նրան մնում է միայն խնդրել Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, որ չմերժեն Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի ու ևս մի քանիսի խնդրանքը ու թույլ տան իրենց աջակցել Սերժ Սարգսյանի դեմ պայքարում: Գագիկ Ծառուկյանն, իհարկե, հազիվ թե մերժի առաջին նախագահի խնդրանքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նախ ինքը պայքարի Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ եթե Ծառուկյանը նման ցանկություն չունեցավ, հազիվ թե հանուն Լևոն Զուրաբյանի գնա այդ քայլին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս