Վրացիները ռուսներին զրկում են իրենց երկիրն օկուպացնելու հնարավորությունից

Վրացական, ռուսական և հայկական փորձագիտական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորության հարցը, և դրան Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր արձագանքը:

Հիշեցնենք, որ աբխազական երկաթուղին կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ: Այն դադարել է գործել գրեթե 20 տարի առաջ, երբ 1992թ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ պայթեցվեց Իգուրի գետի վրայով անցնող երկաթգծի մի հատվածը, որն այդպես էլ չվերագործարկվեց: Մի քանի տարի առաջ, վրաց-ռուսական պատերազմի ավարտից հետո ռուսական կողմի նախաձեռնությամբ վերանորոգվեց և գործարկվում է երկաթգծի` մինչև Սուխում հասնող հատվածը:

Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի վարչապետ դառնալուց հետո նոր նշանակված վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարեց, որ պետք է վերաբացել երկաթգիծը` այդպիսով Աբխազիայի համար ստեղծելով երկաթուղային այլընտրանք: Վրաց նախարարը նկատի ուներ, որ մինչև այժմ Աբխազիան երկաթուղով կապված է բացառապես Ռուսաստանի հետ, իսկ բացելով երկաթուղու վրաց-աբխազական հատվածը, Վրաստանը հնարավորություն է տալիս աբխազներին՝ ունենալ այլընտրանք:

Անկախ ձևակերպումներից, պարզ է, որ վրացական կողմը հստակ ցանկություն է դրսևորում երկաթուղու վերաբացման հարցում: Եթե երկաթուղին բացվում է, դրա արդյունքում Հայաստանը դուրս է գալիս երկաթուղային շրջափակումից, ինչը կարող է անհանգստացնել Թուրքիային և Ադրբեջանին, որոնք արդեն 20 տարի վարում են Հայաստանը շրջափակման մեջ պահելու և տնտեսապես խեղդելու քաղաքականություն:

Արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը կարող են այնքան ազդեցիկ լինել, որ կարողանան ստիպել Վրաստանին հրաժարվել երկաթուղու վերագործարկումից: Վրացի փորձագետները համոզված են, որ չնայած այս երկրների` Վրաստանի նկատմամբ ունեցած տնտեսական ազդեցությանը, նրանց չի հաջողվի ստիպել Վրաստանին՝ իր տնտեսական և քաղաքական շահերին հակասող գործողություններ կատարել:

Միևնույն ժամանակ, որոշ վրացի փորձագետներ կարծում են, որ վրաց-աբխազական երկաթուղու վերաբացման դեպքում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը կդառնա ոչ արդյունավետ, և Թուրքիան այդ դեպքում կվավերացնի Ցյուրիխյան արձանագրությունները և կբացի հայ-թուրքական սահմանը:

Կա նաև երկաթուղին վերագործարկելու շատ ավելի կարևոր պատճառ: Վրացիները մտավախություն ունեին, որ Արևմուտքի և Իրանի հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է պահն օգտագործել Վրաստանն օկուպացնելու համար: Ռուսները կարող են հայտարարել, որ դա ոչ թե օկուպացիա է, այլ այդպիսով  իրենք տրանսպորտային միջանցք են բացում դեպի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Վրաստանը, հիշեցնենք, արգելել է ռուսներին՝ իր տարածքով ռազմական նշանակության բեռներ մատակարարել ռազմաբազային:

2008թ. սկսած ռուսներն իրենց ռազմաբազային անհրաժեշտ բեռներն ուղարկում են Իրանի տարածքով` ռուսական Աստրախան նավահանգստից մինչև Հենզելի իրանական նավահանգիստ, իսկ այնտեղից` ցամաքային ճանապարհով՝ դեպի Գյումրի: Պատերազմի դեպքում այդ ճանապարհը կդադարի գործել, և ռուսները կունենան համապատասխան հիմնավորում, թե ինչու են ճանապարհ հարթում դեպի իրենց ռազմաբազա. չեն կարող, չէ՞, նրանք իրենց զինվորներին թողնել շրջափակման մեջ:

Հնարավոր է, որ վրացիները ցանկանում են ռուսներին զրկել նման հիմնավորում ունենալուց՝ ռուսներին տալով իրենց ցանկալի բեռները երկաթուղով տեղափոխելու օրինական հնարավորություն: Ավելի լավ չէ՞ ռուսներին հնարավորություն տալ ունենալ երկաթուղային կապ, քան հնարավորություն, որ նրանք իրենց համար ճանապարհ հարթեն տանկերի միջոցով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս